Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 2005-ԻՆ

Հունվար 12,2005 00:00

2004
թվականը մարզական ցուցանիշների առումով խիստ հակասական էր: Տարբեր տարիքային խմբերի
աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում ձեռք բերված նվաճումները
խամրեցին օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկների ձախողված մրցելույթների ֆոնի
վրա: Դա պատճառ դարձավ, որ ամենայն լրջությամբ վերլուծվի ոլորտում տիրող իրավիճակը,
վերանայվի մինչ այժմ վարված քաղաքականությունը: Աթենքից հետո քննարկումները դեռ չեն
ավարտվել եւ հուսանք՝ շատ բաներ կշտկվեն: Սակայն ժամանակը չի սպասում: Ի՞նչ է սպասում
մեր մարզիկներին ու մարզասերներին 2005 թվականին: Պատմում է ՀՀ սպորտպետկոմի նախագահի
տեղակալ Միքայել Իսպիրյանը: Նա ասաց, որ այս տարի առաջին անգամ հաջողվել է գալիք
մեկնարկներին նախապատրաստվելն սկսել ամենաարդյունավետ ժամանակահատվածում: 23 մարզաձեւերի
շուրջ 250 մարզիկներ դեկտեմբերի 5-ից ընդհանուր ֆիզպատրաստականության 12-օրյա հավաքներ
են անցել Ծաղկաձորում, որով, ըստ էության, սկսվել է 2008-ին Պեկինում մեկնարկելիք
օլիմպիական խաղերի ծրագրված նախապատրաստությունը: Ըստ պարոն Իսպիրյանի, արդեն իսկ
մշակվել ու հաստատվել է 2005-ի օրացուցային պլանը, որին մասնակցել են քառասուն մարզաձեւերի
ֆեդերացիաներ, մարզչական խորհուրդներ, սպորտպետկոմի վարչությունները, բաժինները,
պետական մարզիչները: Կառավարությունն էլ նոր քաղաքականություն է որդեգրել, որով զգալիորեն
ավելացվել են հատկացումները ոչ միայն սպորտին, այլեւ ընդհանրապես ֆիզիկական կուլտուրային:
Եվ համեմատության համար բերեց մի քանի թվական տվյալներ: Եթե անցած տարի հանրապետության
չեմպիոնատների անցկացման համար նախատեսված էր 53 մլն դրամ, այս տարի այն դարձել է
73 մլն, ուսումնամարզական հավաքներին նախկինում հատկացված 120մլն դրամն այժմ դարձել
է 180 մլն, եթե նախորդ տարիներին աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային
մրցումներին նախապատրաստվելու եւ մասնակցելու համար հատկացվում էր 203 մլն դրամ,
այս տարի այդ թիվը դարձել է 330 մլն: Ճիշտ է, սա էլ դեռ շատ հեռու է իրական պահանջները
բավարարելուց, սակայն հիմա կա համեմատաբար բարվոք բազա՝ գալիք մրցումներին ավելի
լավ նախապատրաստվելու համար: – Ըստ մարզաձեւերի ինչպե՞ս են բաշխվելու այդ
գումարները: – Բնականաբար՝ առյուծի բաժինը կհատկացվի այն ձեւերին, որոնցից
հաջող ենք հանդես գալիս միջազգային պաշտոնական մրցումներում: Սակայն այն հաշվարկով,
որպեսզի գումարի 40-50 տոկոսը տրամադրվի պատանեկան, երիտասարդական թիմերին ու հավաքականներին,
որովհետեւ այսօրվա 16-18 տարեկաններն են վաղը պաշտպանելու Հայաստանի մարզական դրոշի
պատիվը: Մոռացության չենք մատնել նաեւ մյուս մարզաձեւերը: Եթե դրանք առայժմ ավելի
շատ նպատակաուղղված են ազգաբնակչության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խոսքը
հիմնականում խաղային մարզաձեւերի՝ վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի, լողի, ինչու
չէ՝ նաեւ հրաձգության, ձյուդոյի ու մյուս մարզաձեւերի մասին է, ֆինանսավորումը նախորդ
տարիների համեմատ շոշափելիորեն կբարձրանա: Նպատակը՝ հետագայում դրանք նույնպես բարձր
մակարդակի հասցնելն է: Այստեղ ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ արվելու է ըստ նախապես
հաստատված ծրագրերի, սկսած ներքին առաջնություններին նախապատրաստվելուց եւ մասնակցելուց՝
մինչեւ միջազգային ասպարեզներ ելնելը: Յուրաքանչյուր մրցումից հետո սպորտպետկոմում
քննարկումներ են լինելու, որից հետո գնալու ենք առաջ: – Որքան էլ նպատակները
բարի լինեն, ոչինչ չի ստացվի, եթե չկան շուրջտարյա որակյալ մարզումներ անցկացնելու
պայմաններ: – Դա խնդիրների խնդիրն է, որի լուծման համար ժամանակ, հսկայական
միջոցներ են պահանջվում: Դրա համար կազմված է հատուկ ծրագիր, որով ամբողջ հանրապետության
տարածքում համակարգված ձեւով նորոգվելու, կարգի են բերվելու կարեւոր մարզաբազաները:
Առաջին աշխատանքները կսկսվեն մարտ ամսին՝ Երեւանում, իսկ խնդիրը մտադիր ենք օրակարգից
հանել 2008 թվականին: – Համաձայնեք նաեւ, որ մեր ֆեդերացիաների մեծ մասը,
հավաքականների գլխավոր եւ ավագ մարզիչները, մարզչական խորհուրդները, նաեւ շարքային
մարզիչները շատ դեպքերում մատների արանքով են նայում իրենց անմիջական պարտականությունների
կատարմանը: Սա էլ, ինչպես ասում են, փայտի մյուս ծայրն է: – Պիտի խոստովանենք,
որ նման խնդիր ունեցել ենք եւ դա էլ մեր ձախողումների գլխավոր պատճառներից մեկն է
եղել: Հիմա ՀԱՕԿ-ի հետ, միանգամայն այլ պայմաններով, պայմանագրով ենք աշխատելու եւ
լինելու ենք շատ ավելի պահանջկոտ նաեւ հենց նույն ֆեդերացիաների հանդեպ: Յուրաքանչյուրը,
լինի ազգային հավաքականի կամ մարզադպրոցի շարքային մարզիչ, պիտի կոնկրետ պարտավորվածություն
ունենա, այն էլ կոնկրետ ժամանակահատվածի համար: Չարդարացնելու, արդյունքներ ցույց
չտալու դեպքում տվյալ անձը տեղը զիջելու է ուրիշի: Նույնը լինելու է նաեւ մարզիկների
հետ: – Այդքան կադրեր ունե՞նք: – Պատկերացրեք՝ այո: Ճիշտ է, այսօր
մարզչի աշխատանքը գնահատվում է օլիմպիական խաղերի արդյունքներով: Սակայն հո չե՞նք
կարող ժխտել, որ այդ նույն մարզիչները պատրաստում են աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային
խմբերի չեմպիոններ, մրցանակակիրներ, միջազգային մրցումների հաղթողներ: Պարզապես պետք
է բոլորի հնարավորությունները միատեղել, ծառայեցնել մեկ նպատակի: Հայաստանի մարզչական
ներուժը, մասնագետների բարձր մակարդակը, նրանց մարզումային մեթոդիկան, որ հիմնված
է խորհրդային հզոր գիտական հիմնարկների հարուստ փորձի վրա, մեծ համարում ունեն մեր
երկրի սահմաններից դուրս: Նրանք աշխատել են ԽՍՀՄ հավաքականների հետ ու աշխատանքային
մեծ փորձ ունեն: Հիմա էլ շատերը Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում իրենց
փորձն են փոխանցում երիտասարդներին, զբաղվում գիտական աշխատանքով: Հիմա փաստ է, որ
հենց նույն Աթենքում մարզական մեծ նվաճումների հասած Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան
եւ այլ հզոր պետություններ այսօր իրենց երկրներում կիրառում են Խորհրդային Միության
ուսումնամարզական մեթոդիկան: Մենք այդ մասնագետներն ունենք ու կարող ենք շատ բան
անել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել