Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ ի՞նչ կրկես՝ առանց գազան»

Հունվար 12,2005 00:00

«Առավոտի»
այս դիտարկման հետ մասնակիորեն է համաձայն Երեւանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր,
կրկես-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը: Վաղը Երեւանի
պետկրկեսում կավարտվեն ամանորյա ներկայացումները Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի,
Ուկրաինայի եւ Մոլդովայի կրկեսի վարպետների մասնակցությամբ: Նկատենք, որ կրկեսային
տարբեր համարների թվում արենա են դուրս գալիս վարժեցրած կենդանիներ, այդ թվում՝ մեկ
արջուկ, որը մեր կրկեսի սեփականությունն է: Մեր դիտարկմանը՝ «Փաստորեն հայ հանդիսատեսը
զրկված է վարժեցրած խոշոր կենդանիներ դիտելու հնարավորությունից: Ե՞րբ մեր կրկեսում
էլ կհանդիպենք առյուծների, վագրերի, մի խոսքով՝ «մասշտաբային» կենդանիների», Ն. Պետրոսյանը
պատասխանեց. «Ինչ խոսք, ձեզ հետ մասնակիորեն համաձայն եմ: Ասեմ, որ կենդանիների հետ
կապված խնդիրը այլեւս ժամանակի հարց է, ամիսներ հետո կհարստանանք կենդանիներով»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ տարիների ընդմիջումից հետո հայ հանդիսատեսը 2004-ի
վերջին վերջապես հանդիպեց մեկ տարեկան արջուկին, որին կրկեսին է նվիրել ՀՀ զինվորական
ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Տարվում են աշխատանքներ երկու լամաների հետ,
որոնց նվիրել է Երեւանի կենդանաբանական այգին: «Կենդանիներ ձեռք բերելու խնդրանքով
դիմել ենք հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին: Եվ, անկեղծ ասած՝ անհամբեր սպասում
ենք ձիու եւ կորյունի գալստյանը կրկես»,- ասաց Ն. Պետրոսյանը: Ընթերցողներին հիշեցնենք,
որ անցյալ տարեվերջին Արաբական Էմիրություններում ՀՀ մշակույթի նախարարին նվիրել
են երկու ազնվացեղ նժույգ: Գուցե նրանք նույնպես կարող են օգտակար լինել մեր կրկեսին:
Գլխավոր ռեժիսորը հիշեցրեց նաեւ, որ անցյալ տարի երեւանյան կրկեսում, ի թիվս
այլ հրավիրված կենդանավարժների, ելույթ է ունեցել կրկեսի հայտնի արտիստ Մայա Կիրսանովան՝
իր 3 մետր հասակ ունեցող արջի (որն աշխարհում միակն է իր չափերով), կապիկների, զեբրերի՝
թվով 30 կենդանիների հետ: «Հյուրախաղերով ժամանող» կենդանիների տեղափոխումը արտերկրից
Երեւան կատարվում է միայն օդային ճանապարհով, որը մեծ ծախսեր է պահանջում: Զրույցից
պարզեցինք, որ Եվրոպայի քաղաքների կրկեսներում աշխատում են նաեւ հայ արտիստներ: Մեր
զրուցակիցն էլ, 1995-ին ավարտելով Երեւանի թատրոնի եւ կինոգործիչների պետական ինստիտուտի
կրկեսային օրիգինալ ժանրի լրիվ դասընթացը, իր հոր՝ Սոս Պետրոսյանի ղեկավարությամբ
մեկնել էր Մոսկվա եւ որպես աճպարար, եղբոր՝ Սոս երկրորդի հետ հանդես էր գալիս Յուրի
Նիկուլինի ղեկավարած կրկեսում. «Գիտեմ, որ շատ ժամանակ արտերկրում հանդես եկող արտիստներին
քննադատում են հայրենիքից հեռանալու համար, բայց կրկեսի պարագայում դա նույնիսկ անհրաժեշտ
է: Որովհետեւ կրկեսային մեկ համարի պատրաստումը պահանջում է տարիներ եւ, բնականաբար,
հետաքրքիր չէ նույն համարը անընդհատ նույն տեղում ցուցադրելը, եթե դա անգամ վիրտուոզ
կատարում է»,- հավաստիացրեց Ն. Պետրոսյանը: Հետաքրքրվեցինք, թե Մոսկվայի կրկեսի
կազմում ո՞ր երկրներում է հյուրախաղերով հանդես եկել աճպարարուհին եւ ինչպե՞ս է կրկեսի
արտիստի վարձատրությունը արտերկրում: «Բազմիցս հանդես եմ եկել Եվրոպայում, մեկ ելույթի
միջին վարձատրությունը կազմում է $300, իսկ գալա համերգներին՝ մինչեւ $1000»,- պատասխանեց
Ն. Պետրոսյանը: Կանխելով մեր հաջորդ հարցը, ասաց, որ 2003-ին վերադարձել է հայրենիք՝
օգնելու հորը, երբ վերջինս նշանակվել է կրկեսի տնօրեն. «Արտերկրից յուրաքանչյուր
արտիստի հրավերի՝ տրանսպորտի, հյուրանոցի, սննդի եւ այլ հարցեր հոգում է կրկեսի տնօրինությունը,
անգամ 2003-ին կրկեսի կոսմետիկ նորոգման խնդիրը հոգացել է տնօրինությունը՝ սեփական
եկամուտներից (կրկեսի տոմսերն արժեն 600-1200 դրամ, այն դեպքում, երբ Ռուսաստանում
այն սկսվում է $10-ից, Վրաստանում՝ $5, էլ չխոսենք Եվրոպայի կամ ԱՄՆ-ի մասին)»: «Կրկեսի
արտիստը պետք է լինի ֆանատ: Եթե մտածես ֆինանսի մասին՝ կտապալվես»,- այս համոզմունքն
ունի հայկական կրկեսի միակ՝ պետրոսյանական դինաստիայի ներկայացուցիչ Ն. Պետրոսյանը,
որը տեղեկացրեց նաեւ, որ ժամանակին իր մորը՝ Երեւանի կոնսերվատորիան ավարտած, մասնագիտությամբ
դիրիժորին՝ հայրը արենա է հանել: Նույնը կրկնել է եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան
իր կնոջ պարագայում: Վերջիններիս որդին՝ Սոս երրորդը, ծնողների հետ այսօր հանդես
է գալիս Մոսկվայի կրկեսում: Հանդիպման վերջում մեր զրուցակիցը նշեց, որ կրկեսի
կոլեկտիվը անցյալ տարվանից պատրաստվում է Լեոնիդ Ենգիբարյանի 70-ամյակին նվիրված
միջոցառումներին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել