Սանկտ
պետերբուրգցի նկարիչ Արամ Սարիբեկյանի բնորդները տարբեր երկրների նախագահներ են,
քաղաքական գործիչներ, կինոյի եւ շոու բիզնեսի աստղեր: Նա նկարել է Շառլ Ազնավուրին,
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՊՆ նախարար Սերգեյ Իվանովին, Վլադիմիր Ժիրինովսկուն,
Ռուսաստանի քաղաքական ու պետական այրերին, նաեւ Արմեն Ջիգարխանյանին, Կիրիլ Լավրովին,
Ալիսա Ֆրենդլիխին, Եվգենի Պետրոսյանին եւ այլոց: Նկարչի շնորհիվ ավելի հետաքրքիր
են անցնում «Պետերբուրգ. Դիմանկարներ» ռուսական հեռուստահաղորդման 35-40 րոպեները:
Մինչ այս կամ այն ոլորտի հերթական հեղինակությանը հեռուստամեկնաբանը «կնեղի» սուր
հարցերով, Ա. Սարիբեկյանը հասցնում է կես ժամվա ընթացքում ավարտել վերջիններիս՝ յուղաներկով
արված դիմանկարները: Ամենասկզբում Արամը նկարել է Իոսիֆ Կոբզոնին, այնուհետեւ
աստղի բոլոր ծանոթները՝ դարձյալ հանրահայտ մարդիկ, դիմանկարներ են պատվիրել հայազգի
նկարչի մոտ: «Ես էլ որոշեցի ստեղծել մի մեծ պատկերասրահ, որտեղ հավաքված կլինեն հայտնի
մարդկանց նկարներ»,- պատմեց Ա. Սարիբեկյանը: 2004-ին Մոսկվայում՝ Պետդումայի շենքում,
բացվել է նրա ցուցահանդեսը՝ «հՑՏ սՌՓ ՊՉցւ րՑՏսՌՓ» խորագրով, որտեղ ներկայացված էին
պատգամավորների դիմանկարներ: Հայաստանում ցուցահանդես է ունեցել 2001-ին, որը նվիրել
է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Նույն ցուցահանդեսը բացվել
է նաեւ 2002-ին, ու բոլոր դիմանկարները նվիրվել են հասցեատերերին: Արամը հավաստիացնում
է, որ մեր երկրի բոլոր քիչ թե շատ հայտնի մարդկանց՝ սկսած նախագահ Ռոբերտ Քոչարյանից,
ՊՆ նախարար Սերժ Սարգսյանից, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից, վարչապետ Անդրանիկ Մարգարյանից
մինչեւ մշակույթի գործիչները՝ Սոս Սարգսյան, Սիլվա Կապուտիկյան, Ջիվան Գասպարյան,
Ալբերտ Մկրտչյան, Սուրեն Չանչուրյան, Խորեն Աբրահամյան, նկարել է: «Ինչպես Ռուսաստանում,
այնպես էլ Հայաստանում, համարյա մարդ չի մնացել, որ չնկարեմ»,- կես կատակ-կես լուրջ
ասում է Ա. Սարիբեկյանը: Նկարիչը միայն դիմանկարներ չէ, որ նկարում է, պակաս
գրավիչ չեն նրա բնանկարներն ու նատյուրմորտները: Նկարիչը նախատեսել է երեք
նոր շարք սկսել՝ վրձնել ՌԴ եւ ՀՀ տարածքում գտնվող բոլոր հայկական եկեղեցիները, «անմահացնել»
հոլիվուդյան աստղերին եւ աշխարհում ճանաչված հայերին: Պատրաստվում է նաեւ ֆիլմ նկարել
աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին. «Այվազովսկու մասին մենք ոչ
մի ֆիլմ չունենք, հետո մեծ-մեծ խոսում ենք, թե հա՜յ ենք»: Արամի խոսքերով՝ նկարահանվելիք
ֆիլմի ասելիքը հետեւյալն է լինելու. «Այվազովսկին ե՛ւ հայ է, ե՛ւ ռուս, ե՛ւ ուկրաինացի,
ե՛ւ բելառուս, այսինքն՝ նա պատկանում է ամբողջ աշխարհին: Բացի այդ, այլ տեսանկյունով
է ներկայացվելու Այվազովսկի մարդը: Չէ՞ որ նա ծանոթ է եղել Պուշկինի, Ռեպինի, Գլինկայի,
Կռիլովի եւ այլ մեծությունների հետ: Կարճ ասած՝ ծովանկարչի կերպարը միջոց կդառնա
իր ժամանակակից արվեստագետներին էլ նորովի ներկայացնելու համար»: Նկարիչը հավաստիացնում
է. «Եթե Այվազովսկին չլիներ, ես նկարիչ չէի դառնա, նրա «Ձկնորսները ծովափին» եւ «Թեոդոսիան
լուսաբացին» նկարները դիտելուց հետո եմ վրձին վերցրել»: «Հանկարծ չմտածեք, թե միայն
հայտնի մարդկանց եմ նկարում, նկարչի համար ամեն ոք էլ հետաքրքիր է, վերջերս «բոմժի»
եմ նկարել ու ահագին հաջող աշխատանք է ստացվել»,- զրույցի ավարտին ասաց Արամ Սարիբեկյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ