Հիմնադրամի միջոցներով կառուցված բնակելիների միջեւ «խտրականություն» է դրվել
Գյումրիի Կամոյի 42ա շենքի բնակիչները այդպես էլ չեն հասկանում, թե ինչպես եղավ, որ իրենց ու հարեւան մի քանի շենքերին մոտ 700 դոլար արժողությամբ ’’Ariston’’ գազի կաթսաներ չհասան: Բնակիչները համոզված են, որ «Լինսի» գրասենյակի նախնական ծրագրով իրենց շենքում եւս նախատեսված է եղել տեղադրել հիշյալ սարքերը: Սակայն նրանք դժգոհում են, որ շինարարական կազմակերպությունն առանց իրենց հետ համաձայնեցնելու կաթսայատուն է կառուցել ու իրենց ոտքով-գլխով կրակը գցել: Մինչեւ օրս համատիրության ժողով են հրավիրում ու ջեռուցման սակագնի շուրջ վերջնական որոշում չեն կարողանում կայացնել: Բնակիչներից շատերը պարզապես ի վիճակի չեն վճարել պահանջվող գումարը. կեսը դեմ է կաթսայատան փորձարկմանը, քանի որ, ըստ նրանց, այն իր պատմության մեջ երբեւէ չի աշխատել եւ շատ հնարավոր է, որ մի փորձարկումն անգամ վնասի բնակարանների թանկարժեք հարդարումը: Մի խոսքով, բնակիչները մոլորվել են, թեեւ մի մասը գազի վառարաններ են տեղադրել, սակայն ինչպես ցույց են տալիս Գյումրիում գազից հաճախակի արձանագրվող թունավորումները, սա էլ հուսալի միջոց չէ, հատկապես որ՝ բնակիչների պնդմամբ, իրենց շենքերը տեխնիկապես պատրաստ չեն գազով ջեռուցման:
Բնակիչները դժգոհ են նաեւ ջրամատակարարումից: Ամբողջ օրվա ընթացքում ջուր տալիս են առավոտյան 8-10-ը: Ի դեպ, բողոքներ կան նաեւ հարդարումից. օրինակ, որոշ տներում սանհանգույցի սալիկներն արդեն պոկվել են:
Այս խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք ինչպես «Բնակտնտեսություն» ՓԲԸ-ին, այնպես էլ «Լինսիի» գրասենյակ: Այստեղից պատասխանեցին, որ ոչ միայն Կամոյի 42ա շենքը, այլեւ մի շարք շենքեր, այդ թվում Կամոյի 40, 42, 71, 75, Թբիլիսյան խճուղի 3, 4, 5ա շենքերը մրցույթով շահած առաջին շենքերն են եւ սկզբնական շրջանում անհատական ջեռուցման սարքեր նախատեսված չեն եղել: Կենտրոնացված ջեռուցում ապահովելու նպատակով «Լինսի» հիմնադրամի գրասենյակը կաթսաները գնել է ու հանձնել մարզպետարանին, հիշյալ կառույցն էլ դրանք մոնտաժել է, փորձարկել ու կազմ-պատրաստ հանձնել քաղաքապետարանին:
Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակտնտեսություն» ՓԲԸ-ի տնօրեն Մովսես Ջուհարյանն էլ ջեռուցում չապահովելու հարցում քաղաքապետարանի մեղքն ընդհանրապես չտեսավ: Նա հավաստիացրեց, որ իրենք խմբեր կազմած մի քանի անգամ տնետուն են ընկել ու ստորագրություններ հավաքել: 30-40 տոկոսը պատասխանել են, որ արդեն գլխի ճարը տեսել են գազի վառարաններ տեղադրելով ու դրա կարիքը չունեն, մոտ 20 տոկոսը ընդհանրապես չի բնակվել այդ հասցեներում: Իսկ փակ դռների հանգամանքը, ըստ Մովսես Ջուհարյանի, կարող է կրկնակի թանկացնել ջեռուցման սակագինը. արժեքը 1 քմ-ի համար 1470 դրամ է: «Ո՞ւմ հաշվին աշխատող պահենք, ո՞ւմ հաշվին գազ ու էլեկտրաէներգիա ծախսենք, եթե վճարող չկա»,- հարցրեց պաշտոնյան: Մինչդեռ բնակիչներին վերջինիս մտորումները բացարձակապես չեն հետաքրքրում: Նրանք միմիայն «իրենց հասանելիք» «Ariston»-ն են ակնկալում:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ