Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունվար 12,2005 00:00

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ
ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ Դեկտեմբերի 27-ին kreml.org կայքում տպագրվել
էր երիտասարդ քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածը՝ «Հայաստանում անաղմուկ հեղափոխություն
է ընթանում» վերտառությամբ: Հեղինակը կշտամբում է արտաքին քաղաքականությամբ զբաղվող
ռուս պաշտոնյաներին, քաղաքագետներին եւ ընդհանրապես վերնախավին՝ Հարավային Կովկասի
մասին մակերեսային պատկերացումների համար: Քաղաքագետը, մասնավորապես, հիշեցնում է,
որ Գորբաչովը այդպես էլ չսովորեց արտասանել Ադրբեջանի անունը, իսկ 88-ին Հայաստան
ժամանած Լուկյանովը խորհուրդ էր տվել ալեկոծվող Թատերական հրապարակին «խորհրդակցել
աքսակալների հետ»: Ըստ Տեր-Աբրահամյանի, ռուսաստանյան քաղաքական միտքն այս տարիներին
առանձին առաջընթաց չի ապրել եւ առաջնորդվում է խորհրդային կասյրական բնազդներով:
Այդ համատեքստում հեղինակը հիշատակում է թե Գրիզլովի «ֆորպոստը», թե Վերին Լարսի
փակումը եւ թե այն Ռուսաստանի՝ Աբաշիձեին եւ Յանուկովիչին անհաջող աջակցությունը:
Մի խոսքով, սովորական հոդված է, որը, հավանաբար, հետաքրքիր է ռուսաստանյան փորձագիտական
շրջանակներին: Բայց առավել հետաքրքիր է հունվարի 1-ին հրապարակած «Ռեգնում»
գործակալության անստորագիր պատասխանը, որը կոչվում է «Նարնջագույն» սցենար Հայաստանի
համար. «զավթիչների» ապոլոգիան ընդդեմ Հայաստանի»: Հոդվածը գրված է «մեր պատասխանը
Չեմբերլենին» ոճով: Այսինքն՝ Ռուսաստանի դեմ տեղի է ունենում նենգ դավադրություն,
որը ղեկավարվում է Արեւմուտքի (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կողմից) եւ որի գործիքներն են
հատուկ այդ նպատակներով ստեղծված հիմնադրամները եւ նրանց վարձու քաղաքագետները: Իհարկե,
մի հարցում «Ռեգնումը» իրավացի է. արեւմտամետությունը Հայաստանում դարձել է «գրանտ
կպցնելու» միջոց: Մարդիկ, որոնք իրենց մտածողությամբ եւ վարքով բացարձակապես եվրոպացի
չեն, հավատարմության երդումներ են տալիս արեւմտյան արժեքներին եւ դա դարձրել են փող
աշխատելու ձեւ: Բայց երեւի արժե մտածել, թե ինչով է այդ ամենը պայմանավորվում: Մի՞թե
միայն դավադրությամբ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել