Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղճ ֆորպոստ

Հունվար 12,2005 00:00

Խեղճ
ֆորպոստ Ղարաբաղյան խնդրի եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ
հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանը հանդես կգա միայն որպես միջնորդ:
Ըստ «Նովոստի» գործակալության, այս մասին Մոսկվայում թուրքական գործարար շրջանների
ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: «Ընդհանուր
գծերով Թուրքիայի վարչապետի հետ մենք անդրադարձանք տարածաշրջանի երկրների՝ ՌԴ-Հայաստան,
Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»,- ասել է Պուտինը: Ըստ նրա, երկու երկրները
ձգտում են հարեւանների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման: «Ռուսաստանն
իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորվեն այն հակամարտությունները, որոնք մնացել
են hետխորհրդային տարածքում, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտությունը»,- նշել է
Պուտինը: Իր հերթին, նույն միջոցառման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
նշել է, թե հանդես է գալիս հօգուտ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա կարգավորման:
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան արդեն բացել է Ստամբուլի օդանավակայանը Հայաստանից
չվերթների համար: Ցամաքային սահմանն առայժմ փակ է, դրա բացումը կախված կլինի բանակցությունների
ընթացքից, նշել է Թուրքիայի վարչապետը: Նա ընդգծել է, որ Թուրքիան շահագրգռված է
Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի վիրավորված
հարեւաններ չլինեն»,- ասել է Էրդողանը: Այսպիսով, կարելի է ասել, որ Հայաստանի
ու առհասարակ հայկական խնդիրների շուրջ նպատակային բանակցություններ են ընթանում
Հայաստանի ամենամերձավոր ու ամենառազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի (թեկուզեւ՝
պայմանականորեն) եւ Հայաստանի ամենաոխերիմ թշնամու՝ Թուրքիայի (դարձյալ պայմանականորեն)
միջեւ: Առաջին հայացքից դա կարող է տարօրինակ թվալ: Ինչո՞u Մոսկվան Անկարայի հետ
բանակցում է, ասենք, Վրաստանին կամ թեկուզ՝ ադրբեջանական նավթին առնչվող հարցերով:
Չէ՞ որ այդ երկու երկրները նշված ոլորտներում բազմաթիվ անհամաձայնություններ ունեն:
Բայց արի ու տես, որ Պուտինը Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում բանակցությունների,
իսկ գուցեեւ առեւտրի առարկա է դարձնում իր հարազատ «ֆորպոստը»՝ Հայաստանը, մինչդեռ
սրբության սրբոց ֆորպոստի հետ այդպես վարվել չի կարելի. հայ մտավորականները կարող
են ի խորոց սրտի վիրավորվել ու Ռուսաստանը հեղեղել բաց նամակներով: Ծիծաղելի է, որ
Ռուսաստանը կարող է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հանդես գալ իբրեւ միջնորդ, ենթադրենք՝
սահմանի բացման հարցում: Դա նույնն է, թե ՌԴ-ն միջնորդի, որ իր «հոգատար գրկից» փրկվի
եւ իր ազդեցության գոտուց դուրս սպրդի հերթական հետխորհրդային հանրապետությունը:
Եվ այն էլ ինչպիսի հանրապետություն՝ տեղով «ֆորպոստ»: Պարզ է մի բան. եթե Մոսկվան
ու Անկարան ինչ-ինչ «հայկական» հարցերի շուրջ, այնուամենայնիվ, համաձայնության գան,
դա լինելու է ի հաշիվ Հայաստանի շահերի: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել