Ուշագրավ դիտարկումներ կարելի է անել՝ ընթերցելով այն առաջարկները, որ պատգամավորներն արել էին 2005-ի պետբյուջեի վերաբերյալ:
Պարզվում է, որ խորհրդարանին այնուամենայնիվ հաջողվել է մի լրացուցիչ կլորիկ գումար՝ 50 մլն դրամ պոկել կառավարությունից՝ ավելացնելով «Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում» ծրագրով նախատեսվող միջոցները: Ըստ այդմ՝ գործուղումներին եւ ծառայողական ուղեւորություններին կհատկացվի եւս 10 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերին կտրամադրվի 5 մլն դրամ, նույնքան էլ՝ տրանսպորտային ծառայությունների վճարներին, իսկ մնացածը կհատկացվի կապիտալ ծախսերին:
Ավելացվել են ոչ միայն պաշտպանության նախարարության «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրով նախատեսվող միջոցները, այլ նաեւ լրացուցիչ միջոցներ են հատկացվել ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի առաջարկությամբ 2,2 մլն դրամ է նախատեսվել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Նոր Նորք համայնքների, նաեւ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերի 1-ին ատյանի դատարանների տրանսպորտային միջոցների պահպանման համար: Իսկ քրեակատարողական համակարգի պահպանման համար էլ 2005-ի բյուջեի միջոցներից տրամադրվել է եւս 1106,3 մլն դրամ: Այնպես որ՝ ուժային կառույցների դժգոհությունն այս տարվա բյուջեից թերեւս պիտի անցած լինի:
Պատգամավորների հետաքրքրական մի շարք առաջարկների կանդրադառնանք առաջիկայում: Բայց այսօր ներկայացնենք «Ազգային միաբանություն» խմբակցությանն առնչվող մի մանրամասն: Բազմիցս ազդարարվել էր, թե այս խմբակցությունը բյուջեի քննարկումներին մասնակցելու է միայն այն մասով, որ առաջարկ է ներկայացնելու՝ Հայխնայբանկում ավանդադրված միջոցները ճանաչել որպես ներքին պարտք, իսկ սեփականաշնորհման գործընթացում բյուջե մուտքագրվող տարեկան միջոցների 40 տոկոսը նպատակաուղղել ավանդների հետ վերադարձմանը: Կառավարությունն այս առաջարկին արձագանքել է, թե այն կարող է քննարկման առարկա դառնալ «վերադարձման ենթակա ավանդների գումարների վերագնահատման եւ վերադարձի մեխանիզմները սահմանող օրենքի ուժ ունեցող համապատասխան իրավական հիմքերի մշակման ընթացքում»: Ի դեպ, նույն պատասխանն է տրվել նաեւ ՕԵԿ խմբակցության անդամներ Արտակ Առաքելյանի եւ Գագիկ Ավետյանի առաջարկին՝ 2005-ի բյուջեում նախատեսել 3 մլրդ դրամ՝ ավանդադրված գումարների վերադարձման գործընթացը սկսելու համար:
Սակայն «Ազգային միաբանության» առաջարկներն այսքանով չեն սպառվել: Խմբակցության անդամներ Նապոլեոն Ազիզյանը եւ Աղասի Արշակյանը ներկայացրել են այլ առաջարկներ, որոնք գերազանցապես վերաբերում են Ապարանին՝ ճանապարհների, դպրոցների վերանորոգում եւ կառուցում: Ընդ որում՝ ուշագրավն այն է, որ ե՛ւ Նապոլեոն Ազիզյանի, ե՛ւ Մանուկ Գասպարյանի որոշ առաջարկներ վերաբերում են Երնջատափ գյուղին՝ ճանապարհի վերանորոգում, շենքերի ներքին ցանցի եւ կոյուղու վերանորոգում: Նշենք, որ սա ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանի հայրենի գյուղն է, որը նույնպես առաջարկներ է ներկայացրել Ապարանի վերաբերյալ, բայց Երնջատափի խնդիրները հոգալը թողել է ընդդիմադիր ապարանցիներին:
Կառավարությունն այս առաջարկներից մի քանիսն ընդունել է՝ միջոցներ նախատեսել բյուջեում, մի քանիսը վերահասցեագրել տեղական ինքնակառավարման մարմիններին, մի քանիսն էլ խոստացել քննարկել 2006-ի բյուջետային գործընթացի շրջանակներում: Սակայն այսուհանդերձ՝ Նապոլեոն Ազիզյանն ու Աղասի Արշակյանն էլ, «Ազգային միաբանության» այլ անդամների հետ միասին, «դեմ» քվեարկեցին 2005-ի բյուջեին:
Ա. Ի.