Հայաստանի
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն Իրաք զորախումբ ուղարկելու վերաբերյալ
«Ազգային միաբանության» եւ ՀՀՇ-ի դիրքորոշումների փոփոխությունը համարում է բնութագրական:
«Իրաք զորախումբ ուղարկելու հարցը բավական հետաքրքիր բացահայտիչի դեր կատարեց
Հայաստանում քաղաքական շատ ուժերի եւ գործիչների «սկզբունքայնության» տեսակետից,-
ասաց Ավետիք Իշխանյանը:- Մինչ 2003-ի նախագահական ընտրությունները Հայաստանի թե՛
իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերն իրենց ծրագրերում եւ ելույթներում հիմնականում
մրցակցում էին, թե ով է վարելու ավելի պրոռուսական քաղաքականություն: Եվ նրանց ծրագրերում
առաջին կետը լավագույն հարաբերություններն էին Ռուսաստանի, հետո նոր՝ Արեւմուտքի,
Եվրամիության հետ: Սակայն Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքերը Հայաստանի շատ ընդդիմադիր
ուժերի համար առիթ դարձան փոփոխությունների: Եվ այժմ նրանց թվում է, որ եթե իրենք
դառնան «արեւմտամետ», ապա ինչպես այդ երկու երկրներում էր՝ իրենց էլ Արեւմուտքը կբերի
իշխանության: Այսինքն, եթե ձեւափոխենք ժամանակին հայտնի խոսքը՝ «պոլի փետ» էլ լինես,
բայց արեւմտամետ՝ Արեւմուտքը քեզ կբերի իշխանության: Կարծում եմ, որ Իրաք զորախումբ
ուղարկելու շուրջ մոտեցումները հիմնականում պայմանավորված էին այդ հանգամանքով: Հիշենք,
որ այն պատգամավորական խմբակցությունը, որի հիմնական մասը Ռուսաստան-Բելառուս միությանը
Հայաստանի միացման ջատագով էր, իսկ նրա ղեկավարը Հայաստանի հանրահավաքներում ռուսերեն
դիմում էր Պուտինին եւ ռուսական ռուբլու գոտի մտնելու կողմնակից էր՝ հանկարծ 180
աստիճանով փոխեցին իրենց դիրքորոշումը: Իսկ այդ խմբակցության մի անդամ, որ Ռուսաստան-Բելառուս
դաշինքի ամենաջերմեռանդ կողմնակիցն է եւ խնկարկում է Լուկաշենկոյին՝ սկսեց բացատրել,
թե ի՜նչ տվայտանքների մեջ էր՝ մի կողմից, դեմ էր զորախումբ ուղարկելուն, բայց իրեն
համոզեցին, որ հայ ժողովրդի ապագան… Սակայն մի շատ պարզ բացատրություն կա՝ եթե
նա խմբակցության ցանկությամբ չքվեարկեր, ապա հաջորդ անգամ չէր հայտնվի խմբակցության
ցանկում եւ չէր դառնա պատգամավոր: Անձնական հարցը բերեց կապեց հայ ժողովրդի ապագայի
հետ: Մի ուրիշ հարց. խորհրդարանից դուրս գտնվող ամենաարմատական ընդդիմությունը
խորհրդարանական ընդդիմությանը բազմիցս մեղադրել է, որ ձեւական է ու նախագահամետ,
մասնավորապես այն պատճառով, քանի որ Ղարաբաղի հարցում իշխանության հետ է, այսինքն՝
հանցավոր համաձայնության մեջ ոչ լեգիտիմ իշխանության հետ: Եվ պնդում էին, թե ոչ լեգիտիմ
իշխանության հետ չի՛ կարելի որեւէ հարցի շուրջ գալ համաձայնության: Բայց հանկարծ
այդ ուժը համաձայնեց ոչ լեգիտիմ իշխանության հետ՝ Իրաք զորախումբ ուղարկելու հարցում:
Նույնպես անսկզբունքայնության հերթական դրսեւորում»: Թեեւ Հայաստանի Հելսինկյան
կոմիտեի նախագահն անուններ չտվեց, բայց ակնհայտ էր, որ ասվածը վերաբերում է «Ազգային
միաբանությանն» ու ՀՀՇ-ին: Սակայն առաջինի ղեկավարը՝ Արտաշես Գեղամյանը, պարզաբանել
էր, թե անհասկանալի է, երբ մի կողմից երկարաշունչ եւ ծավալուն հոդվածներով են հանդես
գալիս ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հանկարծ հակառակվում «այդ ժողովրդավարության
հիմնական շարժիչ ուժ հանդիսացող ԱՄՆ-ի քաղաքականությանը, որի մեխերից մեկը նաեւ այս
հարցն է»: Իսկ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանն առիթ ունեցել է պարզաբանելու,
որ նախապես իրաքյան գործընթացին Հայաստանի չմասնակցելու մասին որոշումը ճիշտ էր,
եւ սխալ՝ այնուհետեւ ընդունված որոշումը Հայաստանի զինվորականներին Իրաք գործուղելու
վերաբերյալ: Սակայն այն բանից հետո, երբ Ռուսաստանն այդ որոշմանն ի պատասխան փակեց
Վերին Լարսի սահմանակետը, եթե Հայաստանը հրաժարվեր զորախումբ ուղարկելուց՝ կհայտնվեր
ավելի ցածր կարգավիճակում, «քան Ռուսաստանի հետ վասալային հարաբերություններն են»:
Ուստի, ըստ Դավիթ Շահնազարյանի՝ տվյալ իրավիճակում մեր անկախության շահերից էր բխում
զինծառայողներին Իրաք գործուղելը: Մեր հարցին ի պատասխան՝ մի՞թե հիմնավորված չեն
այս մեկնաբանությունները՝ Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Մի՞թե Իրաք զորք ուղարկելը
որեւէ կապ ունի ժողովրդավարական կամ արեւմտյան արժեքների հետ: Ուրեմն, Գերմանիան
կամ Ֆրանսիան չե՞ն դավանում այդ արժեքները, որոնցից ամենակարեւորը իրավական եւ ժողովրդավար
պետություն լինելն է, եւ արեւմտամե՞տ չեն, իսկ Հայաստանն այն ժողովրդավար ու իրավական
երկիրն է, որ փորձում է մեկ այլ երկրո՞ւմ տարածել այդ արժեքները: Նույն Յուշչենկոն,
որ համարվում է արեւմտամետ, իր խմբակցությամբ կողմ քվեարկեց ուկրաինական զորախումբն
Իրաքից հանելուն: Ինչ վերաբերում է նրան, թե ի սկզբանե սխալ որոշում էր ուղարկելը,
բայց քանի որ Ռուսաստանն այսպես արձագանքեց… Այսինքն՝ ընդունո՞ւմ ենք, որ սխալ
որոշում էր. իսկ թե դրան ո՜վ, ինչպե՜ս արձագանքեց՝ այլ խնդիր է: Եվ ոչ ռուսամետությունը
կարելի է ապացուցել այլ հարցերում, եւ ոչ թե՝ դուք ճանապարհը փակեցիք, մենք էլ զորք
կուղարկենք»: Ավետիք Իշխանյանը շեշտեց, որ թեեւ չի համարում, թե Իրաք զորախումբ
ուղարկելը «արեւմտամետություն» է. «Բայց եթե այդպես է, ապա Հայաստանի իշխանությունը
դա անում է ավելի գեղեցիկ: Եթե ընդդիմության մի մասը միայն կողմ է, ապա իշխանությունն
այդ զորախումբն ուղարկում է: Եվ այս դեպքում էլ ընդդիմությունը նույնպե՛ս պարտվում
է Հայաստանի իշխանությանը, ինչպես ժամանակին պարտվում էր ռուսամետության հարցում:
Ընդդիմությունը միայն ցուցադրում էր, թե ինքը ռուսամետ է, իսկ իշխանությունը Հայաստանի
գույքն ու գործարաններն էր պարտքի դիմաց նվիրում Ռուսաստանին»: Քննադատեց
նաեւ ՀՅԴ խմբակցության պահվածքը. «Հետաքրքիր էր իշխանական կոալիցիային մաս կազմող
ազգային կուսակցության դիրքորոշումը: Սկզբնական շրջանում թվում էր, որ Դաշնակցությունը
դեմ լինելով՝ կողմ է քվեարկելու, բայց հետագայում կողմ լինելով՝ դեմ քվեարկեց: Պիղատոսյան
դիրք գրավեց՝ մնալով իշխանության մեջ, կարծես թե փորձում է պատասխանատվություն չկրել
այդ ամենի համար: Բայց միեւնույն է, իշխանության մաս է եւ կրո՛ւմ է պատասխանատվություն,
քանի որ չունեցավ այդքան համարձակություն, որ այս սկզբունքային հարցի պատճառով դուրս
գար կոալիցիայից: Այսինքն՝ պաշտոնն ու անձնական շահերն ավելի բարձր գնահատվեցին,
քան իրենց իսկ ասած՝ ազգային շահը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ