Կենդանակերպի նշանով կառավարությունում Աքաղաղը միայն Սերգո Երիցյանն է:
Արեւելյան հորոսկոպով 2005-ը Աքաղաղի տարի է: Այն էլ դաժան տարի, բոլորին խորհուրդ է տրվում շատ տքնել եւ լավ աշխատել, որովհետեւ մեծ է պաշտոնազրկման հավանականությունը: Աքլորի տարում փողերը մանանայի պես երկնքից չեն թափվի: Աքլորը սիրում է կարգ ու կանոն եւ հանուն դրա պատրաստ է ամեն ինչի: Տարին բարենպաստ է հատկապես ռազմական գործիչների համար: Համենայնդեպս, այդպես են հավաստիացնում ճապոնացիներն ու չինացիները:
Ըստ արեւելյան հորոսկոպի, 2005-ը հաջողակ կլինի հենց ԿԳ նախարար Սերգո Երիցյանի համար, որովհետեւ նա միակ նախարարն է, որ ծնվել է Աքլորի տարում: Հավանաբար, նա բարի աչքով կնայի կրթության ոլորտին եւ սպասվելիք նոր օպտիմալացումներն ու «բարեփոխումները» նախարարի հասցեին նոր մեղադրանքների ու քննադատությունների տեղիք չեն տա:
Ըստ հորոսկոպի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը տարով Ձի են: Այս տարի Աքաղաղը նրանց խորհուրդ է տալիս առաջ գնալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա:
Ունենք երկու Վարազ՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ու ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը: Վարազներին, հուսանք՝ նրանց ղեկավարած գերատեսչություններին եւս, Աքաղաղը փորձություններ չի բերի: Ամեն ինչ կփոխվի դեպի լավը, եւ կյանքը 2005-ին աշխարհի բոլոր վարազներին հրաշալի կթվա:
Կատվի տարում են ծնվել վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Աքաղաղը նրանց լավ բան չի խոստանում: Պատճառն այն է, որ Կատուն երբեք Աքաղաղին լուրջ չի ընդունում եւ այն ամենը, ինչը կապված է հավային հարեմի տիրոջ հետ, նյարդայնացնում է նրան:
2005-ը չի ժպտա նաեւ Շներին եւ Վագրերին: Աքաղաղի տարին ամենից ծանր կլինի հենց նրանց համար: Ըստ հորոսկոպի, շան տարում են ծնվել տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը եւ գյուղնախարար Դավիթ Լոքյանը:
Վագրերին՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանին, Աքաղաղը կբերի հիասթափություն, ձախորդություններ: Տարին նրանց կմղի բողոքի ցույցերի, ինչը կարող է հանգեցնել համաձայնությունների խարխլման:
Կապիկներին՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ երկու փոխնախագահներին՝ Վահան Հովհաննիսյանին ու Տիգրան Թորոսյանին, Աքաղաղի տարին՝ նախորդ՝ Կապիկի տարվա համեմատ, պակաս գրավիչ կլինի: Նրանց հաջողությունների եւ առաջխաղացումների բումը Կապիկը ապահովեց: Ինչպես ԱԺ ղեկավարությունից, այնպես էլ Կապիկի տարում ծնված մշակույթի նախարար Հովիկ Հովեյանից առավելագույն ճկունություն եւ ճիգեր կպահանջվեն հնարավոր սայթաքումներից եւ փորձություններից խուսափելու համար:
Տարով Այծերը՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ու քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը, այս տարի կկորցնեն աշխատելու ցանկությունը, կտրվեն բոհեմական վայելքներին՝ երազելով, որ Աքլորի տարին չվերջանա:
Ցուլերը՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը այս տարի թեթեւացած շունչ կքաշեն, կգործեն ավելի վստահ՝ քանի դեռ Աքլորը բարեհաճ է իրենց նկատմամբ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ