Դեկտեմբերի 30-ից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում վերջապես սկսվել է ընդդեմ կառավարության՝ «Պարեն» ԳԱՆ ՊՓԲԸ-ի կոլեկտիվի դիմումի քննությունը:
Մ ինչ այդ դիմումը քննության վերցնել մերժել են թե տնտեսական եւ թե Կենտրոնի դատարանները: Ըստ դիմումի, «Պարենը» դատարանին խնդրում է մասնակի չկիրառել կառավարության 10.06.2004թ. որոշումը, որով ընկերությունը ուղղակի վաճառքի ձեւով տրվել է «նախօրոք հայտնի գնորդ Ալբերտ Խաչատրյանին», անտեսելով եւ շրջանցելով կոլեկտիվի՝ մրցույթին մասնավորեցնելու բազմաթիվ դիմումները: Այդ խնդրով, կոլեկտիվի անդամների անունից անցյալ տարվա հունիսի 21-ին «Պարենի» տնօրեն Նաիրի Տեր-Բալյանը դիմել է ՀՀ վարչապետին: Ի պատասխան ստացել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի հուլիսի 7-ին թվագրված գրությունը, ըստ որի, «ընկերության բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին կառավարության որոշման նախագիծն ընդունվել է եւ ներկայացվել հանրապետության նախագահի վավերացմանը»: Նշենք, որ մինչ այդ նույն վարչության նախկին պետ Դավիթ Վարդանյանը խնդրի առնչությամբ գրավոր պատասխանել է, որ կոլեկտիվի առաջարկությունը՝ բաժնետոմսերի գնահատված արժեքի 25%-ով ուղղակի վաճառել կոլեկտիվին, մասնավորեցման ժամանակ կքննարկվի: ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակված նույն 1334-Ն որոշման մեջ ոչինչ չի ասվում աշխատավորական կոլեկտիվի վերոնշյալ հայտի մերժման փաստի մասին: Այս եւ այլ խախտումներ նկատի ունենալով, կոլեկտիվն իր դիմումով տեղեկացնում է, որ կառավարության որոշման նախագիծը (որով մրցույթ էր նախատեսվում) եւ բուն որոշումը (որով «համով պատառը» վաճառվեց առանց մրցույթի) իրար հետ խիստ հակասության մեջ են մտնում:
Երեկ հերթական նիստն էր եւ դիմումատուների ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը մանրակրկիտ հարցախույզով փորձում էր պատասխանող կողմ կառավարության ներկայացուցիչ Տիգրան Երանոսյանից ճշտել, թե կառավարության վերոհիշյալ որոշման նախագիծը բովանդակությամբ համապատասխանո՞ւմ է այն որոշմանը, որը ստորագրել է վարչապետը եւ վավերացրել նախագահը: Նա նաեւ փորձում էր տեղեկանալ, թե ձայների ինչպիսի՞ համամասնությամբ է ընդունվել նախագիծը, պահպանվո՞ւմ է այն եւ կարո՞ղ է ներկայացվել դատարան՝ որպես գրավոր ապացույց: Կառավարության ներկայացուցիչը երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրած, բոլոր հարցերին պատասխանում էր, որ նախագծին ինքը ծանոթ չէ, բայց համոզված է, որ այն վավերացումից առաջ բովանդակային փոփոխություն չի կրել: Իսկ նախագիծը դատարան ներկայացնելու համար պարոն Երանոսյանը գտնում է, որ բացակայում են այդ պահանջի բավարար հիմքերը: Կոլեկտիվի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին՝ քանի որ գրավոր ապացույց չի ներկայացվում, դատարան ներկայանան կառավարության վերոհիշյալ նիստի մասնակիցները՝ որպես վկա:
Մինչ օրս դատական նիստերին չի մասնակցել պատասխանող կողմից երրորդ անձ ճանաչված, «Պարենի» սեփականատեր Ալբերտ Խաչատրյանը կամ նրա ներկայացուցիչը: Սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որ դատարանը գործի քննությունը չհետաձգի, չնայած հայցվորի ներկայացուցչի միջնորդությանը:
Նշենք, որ ԴԱՀԿ ծառայության օգնությամբ կոլեկտիվին հաջողվել է կասեցնել բաժնետոմսերի առքուվաճառքի ձեւակերպումը, սակայն մասնավորեցման պայմանագրի կնքմանը խոչընդոտել չեն հասցրել: Դատական լսումները երեկ չավարտվեցին:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ