Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի մասին չհասցրինք խոսել

Հունվար 10,2005 00:00

2004 թվականի վերջը նշանավորվեց մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ահավոր համաղետով՝ երկրաշարժով ու դրան հաջորդած վիթխարի ցունամիով: Հնդկական օվկիանոսի հատակին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով առաջացած ջրի հսկայական ալիքները սոսկալի վնաս հասցրին Հարավ-արեւելյան Ասիայի մի քանի երկրների՝ դառնալով հարյուր-հազարավոր մարդկային զոհերի եւ բազմաթիվ բնակավայրերի հիմնահատակ ավերման պատճառ: Այս աղետի օրինակով, այնուամենայնիվ, մենք մի անգամ եւս համոզվեցինք, որ մարդկության որեւէ հատվածի համար դժվարին պահերին համաշխարհային հանրությունը համախմբվելու, միաբանվելու եւ ընդհանուր ջանքերով աղետյալ մարդկանց վիշտն ու հոգսը թեթեւացնելու խիստ գովելի հատկանիշ ունի, որում, ի դեպ, քիչ դեր չի խաղացել շատերի կողմից այնքան ատելի գլոբալիզացիան:

Անցած տարվա վերջին հասկանալի պատճառներով հնարավորություն չունեցանք անդրադառնալու նաեւ Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններին, որում, ինչպես հայտնի է, քվեների զգալի տարբերությամբ հաղթանակ տարավ ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոն: Փաստորեն, դա հենց այն տարբերությունն էր, որն էլ, պատկերավոր ասած՝ հայ-ադրբեջանա-յանուկովիչյան լկտիությամբ կեղծել էին Պուտինի դրածոյի կողմնակիցները: Այս անգամ, սակայն, կեղծարարների հաշվարկը սխալ դուրս եկավ: Նախ՝ Ուկրաինան Հայաստան չէ, որի տեսակարար կշիռը միջազգային գործընթացներում գրեթե մոտեցել է զրոյի, հետեւաբար՝ քաղաքակիրթ Արեւմուտքի համար, գոնե 2003-ին, այնքան էլ էական չէր Հայաստանի ներքին վիճակը: Եվ երկրորդ՝ ուկրաինական ընդդիմությունը եւ, որ ավելի կարեւոր է՝ հասարակությունը հանդես բերեցին քաղաքացիական բարձր գիտակցություն եւ իրենց առջեւ դրված նպատակներին հասնելու նախանձելի հաստատակամություն: Իսկ այդպիսի վճռականության դիմաց, ինչպես տեսանք, անզոր էր անգամ մեր «վերադաս» Պուտինը: Ի դեպ, հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը, որքան մեզ հայտնի է, Յուշչենկոյին դեռ չի շնորհավորել: Մի բան, որ նա կոսմիկական արագությամբ արեց Յանուկովիչի պարագայում: Հավանաբար Կրեմլից կամ առնվազն՝ Բորդյուժայից համապատասխան ցուցում դեռ չի ստացել: Այսպես թե այնպես, արդեն կարող ենք վերջնականապես արձանագրել, որ Վրաստանից հետո Ուկրաինան երկրորդն էր, ում հաջողվեց հաղթահարել հետխորհրդային նոմենկլատուրային-կոռուպցիոն մաղձն ու վստահորեն առաջ շարժվել եվրաինտեգրացման ճանապարհով:

Վերջին օրերին տեղի ունեցող միջազգային կարեւորագույն իրադարձությունների շարքին է անշուշտ դասվում Պաղեստինյան ինքնավարությունում կայացած նախագահական ընտրությունները: Արդեն հայտնի է, որ դրանցում վստահ հաղթանակ է տանում (քվեների շուրջ 70%-ով) Պաղեստինի «Ֆաթխ» ազատագրական շարժման առաջնորդ, ինքնավարության նախկին վարչապետ Մահմուդ Աբասը: Ի դեպ, վերջինիս անձի հետ մեծ հույսեր են կապում ինչպես Արեւմուտքում, այնպես էլ բուն Իսրայելում:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել