Հարցազրույց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ
– Պրն Մանուկյան, նոր տարվա առաջին օրերին պարզ դարձավ, որ քաղաքական ուժերն արդեն սկսել են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Որոշ ուժեր նույնիսկ իրենց նախագահացուի նախագահ դառնալու կենացն են խմել հոտնկայս: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ նոր տարին նախագահական արտահերթ ընտրությունների տարի է լինելու:
– Ես տեսականորեն չեմ բացառում, որ հնարավոր են նախագահական արտահերթ ընտրություններ, չնայած որեւէ սցենար դեռ չեմ տեսնում, որը պետք է բերի այդ արդյունքին: Կարծում եմ, շատերը փորձում են ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Սակայն 2008-ի նախագահական ընտրություններից առաջ կա 2007-ը՝ խորհրդարանական ընտրությունները, եւ հիմնական վերադասավորումները կկատարվեն հավանաբար հենց 2007-ին: Կարծում եմ, շատ ավելի լուրջ պետք է վերաբերվել խորհրդարանական ընտրություններին եւ ոչ թե ժամանակից շուտ նախապատրաստվել նախագահականին:
– Իսկ այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում քաղաքական ուժերի այսօրինակ ակտիվացումը, յուրաքանչյուրին թվում է, թե նախագահի ամենալավ թեկնածուն իրենն է, չեն էլ թաքցնում հավակնությունները:
– Նորմալ պետություններում հենց որ ավարտվում են ընտրությունները, քաղաքական ուժերը սկսում են նախապատրաստվել նոր ընտրությունների: Այսինքն՝ քաղաքական բոլոր գործողությունները սկզբում դանդաղ, հետո ավելի արագացված գնում են այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է թեկնածուներին, գտնում եմ՝ ուղղակի անհեթեթություն է այդ մասին խոսելը, շատ վաղ է այդ հարցերը քննարկելը, բայց այսօր քաղաքական դաշտում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած մարդ իրեն տեսնում է նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ: Այսպես է, որովհետեւ այս 10-15 տարիների ընթացքում այնպիսի մարդիկ անցան-գնացին մեր աչքի առջեւով, որոնք նվազեցրին քաղաքական այդ բարձր պաշտոնների չափանիշները: Ամեն մարդ հիմա ասում է՝ ինչո՞ւ ոչ ես: Մեր երկրում խախտված է պայքարի հիմնական մեխանիզմը՝ արդար, ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը: Այս պայմաններում, բոլոր խաղերի մեջ դաղալության էլեմենտը կա, եւ այն հիմնականում կատարվում է իշխանության կողմից: Այդ տեսակետից՝ անհեթեթ դաշտ է: Ուղղակի ժողովրդավարությունը, բացի բազմաթիվ այլ հարցերից, լուծում է մեկ ուրիշ, շատ կարեւոր հարց: Երկրում տեղի են ունենում ոչ թե հեղափոխություններ եւ հեղաշրջումներ, տուրուդմփոցներ, այլ երկիրը զարգանում է էվոլյուցիոն ճանապարհով: Եթե ուշադրություն դարձրել եք, մեր երկրում խոսակցությունները գնում են հեղաշրջումների եւ հեղափոխությունների մասին, մենք դեռ չենք աշխատեցրել էվոլյուցիոն ճանապարհ ապահովող մեխանիզմը:
– Պարույր Հայրիկյանի, Աշոտ Մանուչարյանի եւ ձեր միությունը ի՞նչ հեռանկար ունի եւ նոր տարում այն ինչպիսի՞ զարգացում է ունենալու:
– Կարծում եմ, այս թոհուբոհի մեջ, այնուամենայնիվ, հասարակական տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների միջոցով պետք է փորձել ապահովել որոշ արտաքին խնդիրներ, չնայած մենք հասկանում ենք, որ դա էապես կախված է իշխանություններից: Բայց ցանկացած երկրում տարբեր շերտերի կարծիքը հաշվի է առնվում այն ժամանակ, երբ արտաքին քաղաքականությունը իրականացվում է բազմականալային ձեւով: Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում ինչ-որ լոկալ քաղաքականություն է իրականացվում, եւ խոսքը ոչ միայն Ղարաբաղի մասին է, այլ Կովկասյան տարածաշրջանի մասին՝ ընդհանրապես: Մենք փորձում ենք այնպես անել, որ մեր հասարակական կազմակերպությունները եւ կուսակցությունները մտնեն այդ նախաձեռնության մեջ:
– Տարվա վերջին ՀՀ նախագահը երկրի խոշոր գործարարներին զգուշացրեց, որ նախապատրաստվեն ստուգումների: Ի՞նչ կարող է սա նշանակել:
– Երկրի նախագահն իրավունք չունի այդպիսի զգուշացում անել, որովհետեւ այդ զգուշացումից բխում է, որ մինչ այդ աչքերը փակում էին ինչ-որ բաների վրա, հիմա պիտի չփակեն: Սովորաբար այդպիսի հայտարարությունները հետեւանքներ չեն ունենում: Բայց այդպիսի հայտարարությունները ցույց են տալիս, թե ինչ է եղել մինչ այդ: Այսինքն՝ դա բարի ցանկություն չէ, որովհետեւ երկրի կառուցվածքն այնպիսին է, որ դրա դեմ դու չես կարող պայքարել, որովհետեւ դու ինքդ շաղախված ես դրա մեջ:
– Ի՞նչ քաղաքական անակնկալներ կարող են լինել 2005-ին:
– Պետք է հիասթափեցնեմ այն մարդկանց, ովքեր փոփոխություններ են սպասում: Կտրուկ փոփոխություններ 2005-ին չեմ սպասում: Ավելի շատ հասունացում եմ սպասում: Կամաց-կամաց կհստակեցվի, որ իշխանությունը փոխվում է՝ թեկուզ եւ ժամկետի լրացման հետ կապված: Եվ շատ մարդիկ, ովքեր իրենց նախագահացու էին տեսնում՝ կսթափվեն: Իհարկե, կա բուռն գործողության հեռանկար, եւ դա կապված է Սահմանադրության փոփոխության հետ: Հնարավո՞ր կլինի սահմանադրական փոփոխությունները հասցնել մեծ քաղաքական պայքարի, դա արդեն դժվար է կանխագուշակել, բայց այդպիսի ցանկություն կա եւ ինձ մոտ, եւ շատ այլ քաղաքական գործիչների մոտ:
Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ