Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողների

Դեկտեմբեր 25,2004 00:00

Գրողների տարին բարեբեր էր Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ է Ձմեռ պապից նվեր խնդրում. «Կուզենայի, որ գրողներին բերի հոգու խաղաղություն, որպեսզի նրանք հանգիստ խղճով նստեն սպիտակ թղթի առաջ եւ ստեղծագործեն»: Պրն Անանյանի կարծիքով՝ 2004-ին գրական կյանքը հագեցած է եղել: Ժամանակակից գրողների 80-ից ավելի գրքեր են լույս տեսել, ամեն շաբաթ Գրողների տան երկու դահլիճներում միջոցառումներ են կազմակերպվել: Ըստ նրա, հայ գրողները հասարակական գործունեության առումով էլ պասիվ չեն գտնվել. «Թուրքական մամուլը մեզ մշտապես քննադատում է, վերջերս նույնիսկ ինձ Գրողների միության ֆաշիստ եւ նացիոնալիստ նախագահ էին անվանել: Պատճառը մեր կողմից կազմակերպված բողոքի երթն էր Հունգարիայում հայ սպայի սպանության առիթով»: Այս տարի էլ Ծաղկաձորում երիտասարդ ստեղծագործողները հավաքվեցին, կայացավ Հայ գրողների երկրորդ համաժողովը, նշվեց Թարգմանչաց տոնը եւ բազմաթիվ գրական հոբելյաններ, չանտեսվեցին նաեւ ժամանակակից հայ գրողները: Ըստ Լեւոն Անանյանի, գրականության վարկի բարձրանալու միտում է նկատվում: Աշխուժացել է նաեւ գրական մամուլը՝ լույս են տեսնում «Նորք» հանդեսը, «Նոր դարը», «Արտասահմանյան գրականությունը», «Լիտերատուրնայա Արմենիան», «Սատիրիկոն» երգիծաթերթը: Շուտով կավելանա եւս մեկը՝ «Ցոլքեր» պատանեկան հանդեսը: ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ որոշակիորեն բարելավվել է նաեւ գրողների սոցիալական վիճակը: Եթե 2004-ին 70 տարեկան գրողների կենսաթոշակին 5000 դրամ էր հավելվում, 2005-ի հունվարից նույն արտոնությունից կօգտվեն նաեւ 65 տարեկան գրողները, այդ թվում՝ Արցախի գրչի մշակները: Մինչեւ հիմա գործող ՀԳՄ 4 բաժանմունքներին՝ Արցախի, Գյումրու, Վանաձորի, Տավուշի, կավելանա եւս 2-ը՝ Սյունիքինն եւ Գեղարքունիքինը: Գրողները կարեւոր նվաճում են համարում իրենց պոլիկլինիկայի վերադարձը, այն այժմ վերանորոգվում է եւ շուտով 380 գրողներ անվճար բուժսպասարկումից օգտվելու հնարավորություն կունենան: «Փաստորեն երկու վարչակարգերի օրոք սա կողոպուտի միակ դեպքն է, որը վերադարձվում է, երեւի պատմության դասագրքերի մեջ պիտի մտնի այս փաստը»,- կարծում է Լեւոն Անանյանը: 2005-ին օտարագիր հայ գրողներին Հայաստան հրավիրելու լայնածավալ ծրագիր էլ է իրականացվելու: Արդեն շուրջ 20 գրող ընդունել է հրավերը: Մայիս-հունիս ամիսներին էլ կանցկացվի ՀԳՄ հերթական համագումարը: Միության նախագահից «Առավոտը» հետաքրքրվեց՝ գրողական ընդդիմությունը խաղաղվե՞լ է, դադարե՞լ են «ժուռնալիստ Անանյանի ոչ լեգիտիմ նախագահ լինելու» մասին կոչերը: «Դա այնքան էլ ընդդիմություն չեմ համարում: Կարեւորն այն է, որ գրողների մեծամասնությունը միաբան է, որովհետեւ գիտակցում է, որ այդպես կարելի է ամեն ինչ հաղթահարել: Ինչ վերաբերում է հուզումներին, դա էլ բնական է, գրողներն էլ հասարակության մի շերտն են, ինչքան էլ մեզ մոտ մթնոլորտը մաքուր լինի, միեւնույն է, հուզումներ պիտի լինեն նաեւ գրողական միջավայրում»,- ասաց պրն Անանյանը: Անդրադարձ եղավ նաեւ «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանի կողմից ՀԳՄ նախագահի հասցեին արված որակումներին: Կարապետիչը վերջերս շնորհավորելով հերթական «աստղին»՝ ասել էր. «Լեւոն Անանյանների նմանները, որ գրքեր են գրում, որոնք ոչ ոք չի կարդում, չեն կարող գնահատել նման շնորհալի երեխաներին»: «Վերջերս ԳԱԱ նիստերի դահլիճում մշակութային հարցերի քննարկման ժամանակ ես ընդամենն ասել եմ, որ տարեցտարի ասպարեզը լքում են մշակույթի ոլորտի առաջին մեծության աստղերը, իսկ պետությունը չի սատարում, որպեսզի նոր աստղեր ծնվեն: Ասել եմ, որ մեր դասական աստղերին այսօր փոխարինում են Տիգրան Կարապետիչի աստղերը: Արձագանքը եղել է Կարապետիչի հաղորդման պատշաճ մակարդակով, մինչդեռ ես վիրավորական ոչինչ չեմ ասել: Ընդհակառակը, այն, ինչ չի անում պետությունը, անում է Կարապետիչը, սակայն նա չի կարող կազմակերպական, գեղարվեստական ճաշակի հարցերը ապահովել: Իսկ դա նշանակում է, որ չպետք է թույլ տալ՝ անհատը բան ու գործ թողած այլ գործով զբաղվի»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել