Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԻԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ՁԻԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը կետ առ կետ թվարկեց այն բոլոր միջոցառումներն ու աշխատանքները, որոնք իրականացվել են 2004-ին: Նրա գնահատմամբ, գերատեսչությունը նույնիսկ աշխատել է պլանների գերակատարմամբ: Ասաց, որ մշակութային համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Չինաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի, Էստոնիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ: Հայաստանը միացել է նաեւ Մշակութային ժառանգության պահպանման Եվրախորհրդի կոնվենցիային: Պարզվում է՝ Հովեյանի շնորհիվ մեր երկիրը փրկվել է նաեւ Եվրախորհրդի առաջ խայտառակվելուց: Պատճառը Հայաստանի մշակույթի ազգային զեկույցն էր, որտեղ ինքը որպես նախկին լրագրող 180 սխալ էր գտել՝ վիճակագրական, գաղափարական, պատմական ու քերականական բնույթի: «Պատկերացրեք, եթե զեկույցն այդ տեսքով գնար, թարգմանվեր 2 լեզվով ու հաստատվեր, մենք խայտառակ կլինեինք»,- ասաց նախարարը: Անդրադարձ եղավ նաեւ մշակութային համագործակցության շրջանակներում արտերկրի խմբերի ու համույթների այցելություններին: «Օրինակ՝ Հնդկաստանից ֆոլկլորային մի խումբ էր եկել, առանձնապես դուրս չեկավ, թեեւ շատ էր գովազդվում… Սեւ ակնոցը աչքներին, ժամանակակից դիսկոյի տիպի մի բան էր: Դեռ ֆոնոգրամմայի տակ էլ երգեցին… Այսուհետեւ այսօրինակ փոխանակումները պիտի կրեն պրոֆեսիոնալ բնույթ, եւ ոչ թե շոու ծրագրի վերածվեն»,- սպառնաց պրն Հովեյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ կրկին վերականգնվել է պետության կողմից կոմպոզիտորներից ու դրամատուրգներից ստեղծագործություններ գնելու ավանդույթը: Այս տարի կոմպոզիտորներից գնվել է շուրջ 24 ստեղծագործություն՝ այդ թվում՝ Վարդան Աճեմյանից, Վահրամ Բաբայանից, Գեղունի Չթչյանից: Պարզեցինք, որ երաժշտության ոլորտում «սակագները» 450 հազար դրամից, իսկ պիեսները՝ 1 մլն-ից են սկսվում: Թե ո՞ւմ գործն է ավելի թանկ կամ համեմատաբար էժան գնահատվել, նախարարը դժվարացավ պատասխանել: Նա կարեւորեց մարզերի մշակույթին աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել մյուս տարի. «Հայաստանի Հանրապետությունը մարզերով է հանրապետություն: Եթե մահանան մեր մարզերի մշակույթն ու մշակութային կյանքին առնչվող կարեւոր ատրիբուտները, մենք չենք կարող միայն մոնստրային երեւանյան մշակույթով ներկայանալ աշխարհին»: Նաեւ խոստացավ Եղեռնի 90-ամյակի առթիվ մեր արվեստագետներին, մշակույթի գործիչներին ու մտավորականներին ներկայացնել «ոչ թե որպես ցեղասպանված, այլ իբրեւ հաղթանակած, հզոր ժողովրդի արվեստագետներ, ինչպես նաեւ միջազգայնացնել Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը»: Ըստ մեր տեղեկությունների, վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններում, ուր Հայկական մշակույթի օրեր էին անցկացվում, Հովիկ Հովեյանին Շարժայի էմիրը 18-րդ դարի արժեքավոր կտավ էր նվիրել ու 2 ազնվացեղ նժույգ: Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ, եթե նվերը գերազանցում է $500-ը, այն համարվում է ոչ թե անհատին, այլ պետությանը տված նվեր, ինչը մեր նախարարի սրտով չի եղել, ու վերջինս մասնագետների աջակցությամբ «արժեզրկել» է կտավը: Հետաքրքրվեցինք, իսկապե՞ս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: «Վայ, ո՜նց էի ուզում էդ հարցը տայիք ինձ… Իսկապես Շարժայի էմիրությունը հրաշալի ընդունեց մեր պատվիրակությանը: Պրոտոկոլով գերատեսչությունը պիտի բացեր Հայ մշակույթի օրերը: Բայց քանի որ Էմիրի հետ մեր նախնական զրույցի ընթացքում պարզվեց, որ մենք նախասիրություններով նույնական ենք՝ ինքը գիտությունների դոկտոր է, ես էլ բանաստեղծ եմ, ինքը խոստացավ բացել հայ մշակույթի օրերը: Մենք էմիրին նվիրեցինք ժամանակակից հայ կերպարվեստ: Էմիրն էլ մեզ նվիրեց ոչ միայն կտավ, այլեւ 2 արաբական ազնվացեղ նժույգ: Ինչ վերաբերում է կտավին՝ բոլոր փաստաթղթերը ներկայացված են եւ մաքսատուն, եւ Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման վարչություն: Առանձնապես արժեքավոր կտավ չի, 20-րդ դարասկզբի հեղինակ է: Ուղղակի թեման էր հին, դրա համար մեզ թվաց, թե եսիմ ինչ է՝ Ռեմբրանդտ կամ մի ուրիշ բան»,- պարզաբանեց նախարարը: Այնուհետեւ անցավ նժույգներին. «Էդ նժույգները ես նվիրում եմ պետությանը, մեր նախագահին: Իհարկե, նախագահը երեկ ասաց, որ չի կարող նման թանկարժեք նվերներ ընդունել, որովհետեւ դրանք միլիոնավոր դոլարներ արժեն: Ես կարծում եմ, որ այդ ձիերը մեր ձիաբուծության զարգացմանը կնպաստեն: Գիտեմ, որ 500 դոլարից ավելի նվերը՝ պետական պաշտոնյային, որպես կաշառք է ընդունվում: Բայց դե արի էդ մարդուն ասա՝ մի նվիրի»: Նախարարը այնպես նկարագրեց շեյխի ախոռը, որ տպավորություն ստացանք, թե արաբական ձիերը հայաստանյան մշակույթի որոշ գործիչներից լավ են ապրում. «Դա ախոռ չէր, այլ պալատի նման բան էր: Էդ ձիերն ունեին ճաշարան, ծնարան, ամեն ձիով 7 հոգի են զբաղվում»: Հովեյանը հպարտացավ, որ արաբ շեյխի կանանոցում էլ է եղել, ավելի շուտ՝ ընդամենը 3 քայլ է արել դեպի ներս: «Ի դեպ, արաբները ավելի շատ կին են նվիրում, քան նժույգ, բայց ձեր հանրապետության մշակույթի նախարարին նվիրեցին նժույգ: Ես գերադասում եմ նժույգը, որովհետեւ շատ կարեւորում եմ ձիաբուծության զարգացումը հանրապետությունում»,- հայտարարեց նախարարը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել