Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխնախարարին

Դեկտեմբեր 25,2004 00:00

Փոխնախարարին անհայտ հայտը Բաց նամակ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ. Հովեյանին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանն անմիջապես արձագանքեց Ձեր նախարարության կողմից հայտարարված հանրապետական երիտասարդական փառատոնին մասնակցելու հրավերին՝ մինչեւ նշված ժամկետը ներկայացնելով մի քանի անվանակարգ- մրցույթի մասնակցելու հայտարարագրեր (շարադրության, հայրենասիրական երգի, լուսանկարչական աշխատանքների եւ ամենակարեւորը՝ ինտելեկտուալ խաղի մրցույթի): Ուզում եմ Ձեզ հայտնել, որ ՌՀՀ հայագիտության ամբիոնն անմիջապես հայտարարեց «Հայաստանն իմ հայրենիքն է» թեմայով շարադրության համահամալսարանական մրցույթ՝ համապատասխան մրցանակային ֆոնդով, խրախուսական նվերներով եւ այլն: Մրցույթում շահած աշխատանքներից երկուսը ներկայացրել ենք նախարարություն: Իհարկե, չենք հավակնում, թե մեր ուղարկած շարադրություններն անպատճառ պիտի արժանանային նաեւ Ձեր մրցանակներին: Սակայն ինտելեկտուալ խաղին մասնակցելու հայտը, որը ճիշտ ժամանակին հանձնել էինք Ձեր հանձնաժողովին, մեզ անհայտ պատճառներով անտեսվեց եւ մեր թիմը ինչ-որ մեկի քմահաճույքով չհրավիրվեց մրցույթի: Հավանաբար Ձեզ հայտնի է, որ ՌՀՀ-ն առաջին տեղն է գրավել ինտելեկտուալ խաղերի հանրապետական բուհական թիմերի մրցույթում: Սակայն այս անգամ մենք մատուցելու էինք անակնկալ. հինգ հոգուց բաղկացած թիմը կազմված էր լինելու բացառապես ՌՀՀ քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի առաջին կուրսի ուսանողներից: Վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ մարզել ենք մեր թիմի անդամներին, համալսարանի բավական հարուստ գրադարանը համալրել ենք հայագիտական բնույթի գրականությամբ, էքսկուրսիաներ ենք կազմակերպել՝ այցելելով Հայաստանի պատմության թանգարան, մշակույթի օջախներ: Մի խոսքով՝ մեր համալսարանը եռանդուն նախապատրաստվել էր այդ փառատոնին՝ մեր ուսանողության ամենաակտիվ մասնակցությունն ապահովելու համար: Երբ մրցույթի ժամկետները մոտենում էին ավարտին, հեռախոսազրույց ունեցա փոխնախարար Լիլիթ Ասատրյանի հետ՝ իմանալու, թե ինչո՞ւ ինտելեկտուալ խաղի մրցույթին դեռ չեն հրավիրել մեր թիմի անդամներին: Նա ինձ պատասխանեց, որ մասնակցության օրը գաղտնի է պահվում եւ անհանգստանալու կարիք չկա: Բայց այդ օրն այդպես էլ չեկավ: Մրցույթն անցկացվել էր առանց մեր թիմի՝ մեծ հիասթափություն պատճառելով մեր ուսանողներին: Հակված ենք կարծելու, որ այս ծավալուն միջոցառման կազմակերպիչները դեռ չունեն համապատասխան փորձ եւ հմտություն՝ հանրապետական կարգի փառատոն անցկացնելու համար, ինչի վկայությունն այս հարցում ցուցաբերած տնավարությունն է՝ իր բոլոր բացասական հետեւանքներով: Լինելով ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի անդամ (գիտության եւ կրթության հանձնախումբ), պատրաստվում եմ այս հարցը բարձրացնել վերին ատյաններում: ՋԵՄՄԱ ԲԱՌՆԱՍՅԱՆ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենք փորձեցինք այս կապակցությամբ պարզաբանում ստանալ փոխնախարար Լիլիթ Ասատրյանից: Պատասխանը բավական հետաքրքիր էր. նա մեզ հայտնեց, որ ինտելեկտուալ մրցույթի հայտ բուհն իրենց չի ներկայացրել: Եկող տարի կփորձենք բացահայտել առեղծվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել