Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աղախինը» ըստ էության տուժող է

Դեկտեմբեր 25,2004 00:00

«Աղախինը» ըստ էության տուժող է Արեգնազ Մովսիսյանը չի կարողանում ապացուցել, որ նա Ալբերտ Մելքոնյանի փաստացի կինն էր Արեգնազ Մովսիսյանի համար ծանր տարի եղավ 1999 թվականը: Ռուսաստանի Դաշնության Նովի Ուրենգոյ քաղաքում մարտի 25-ին հանկարծամահ եղավ նրա ամուսինը՝ Ալբերտ Մելքոնյանը: Մովսիսյանն ամուսնուն տեղափոխեց Եղվարդ, ապա հանգուցյալի դին ամփոփեց Զեյթունի գերեզմանատանը՝ ամուսնու հարազատները այդպես ցանկացան: Սգո բոլոր արարողությունները կատարելուց հետո երիտասարդ կինը ամուսնու հուշաքարը պատրաստեց-տեղադրեց: Որոշ ժամանակ անց նա դիմեց պատկան մարմիններին՝ իր բնակտարածության օգտագործման իրավունքը Եղվարդի Սպանդարյան 13 տան նկատմամբ ճանաչելու հարցով: Ու այդ օրվանից էլ Արեգնազի համար բացվեցին որոշ ճշմարտություններ: Ա. Մովսիսյանն ամուսնանալով Մելքոնյանի հետ, փաստաթղթերով չէր օրինականացրել այն եւ իրենց ամուսնության միակ վկան հարսանեկան արարողության տեսաերիզն էր: Տեսաերիզը դիտվեց Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Յուրի Բաղդասարյան), երեք հարեւաններն էլ ցուցմունք տվեցին, որ Ալբերտի փաստացի կինը եղել է Արեգնազը: Սակայն ամուսնու քույրը՝ Հայաստանը, դատարանում հանդես գալով որպես պատասխանող, հայտարարեց, որ Արեգնազը Ալբերտի աղախինն էր: Դատարանը բնակօգտագործման իրավունքը չհաստատեց, սակայն Արեգնազին չվտարեց էլ: 2000-ի հունվարին, ինչպես տեղեկացնում է Ա. Մովսիսյանը, սեփականության իրավունքով անձնական գույքի, ժառանգության հետ կապված ծախսերի հատուցման խնդրով Արեգնազը դիմում է դատարան: Այս անգամ պատասխանողը փոխվում է, Ալբերտի նորահայտ կնոջ՝ Վերա Չեռնովայի անունից (որի մասին Արեգնազը չի իմացել) հանդես է գալիս իբրեւ պատասխանող պետավտոտեսչության վարչության պետի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանը՝ հանգուցյալի հարազատը: Նա Կոտայքի մարզի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի կնոջ եղբայրն է: Այս դատն ավարտվեց նրանով, որ դատարանը որոշեց փոխհատուցել գումարը ու վտարել: «Այս անգամ դատարանը գտավ, որ ես վերոնշյալ տան պահակն էի»,- շարունակում է Ա. Մովսիսյանը: Ի դեպ, վերաքննիչ դատարանի կողմից (նախագահող՝ Սուրիկ Անտոնյան) փոխհատուցումը արտահայտվեց $500 գումար հատկացնելու վճռով: Պարզվում է, որ դին ՌԴ Նովի Ուրենգոյ քաղաքից Երեւան տեղափոխելը, հոգեհանգիստը, հուղարկավորությունը եւ գերեզմանաքարը արժեցել են $400, իսկ Արեգնազի՝ այդ տանն ունեցած իրերը՝ $100: Երեկվա դրությամբ Արեգնազի 98 անուն գույքը ի պահ է տրվել Մելքոնյաններին: Խայտառակ պատմություն է նաեւ տեղի ունեցել վտարման ժամանակ: Գիշերվա ժամը 12-ին հարկադիր ծառայողները ոստիկաններով, պատասխանողներով, չթողնելով անգամ հագուստ վերցնել, իրականացնում են «վտարում» շոու-ծրագիրը: Ա. Մովսիսյանը մինչ այսօր չի կարողանում մտնել իր տուն, չի կարողանում բնակօգտագործման իր իրավունքը վերականգնել եւ իր գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից ետ վերցնել: Մինչ նա քաղաքացիական հայցով կվիճարկեր վերոնշյալ իրավունքների հարցը, նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ՝ «ինքնիրավչության» հատկանիշներով, այն է՝ իբրեւ թե Արեգնազը արգելանքի տակ դրված գույքն օտարել է: Ոչ քաղաքացիական դատարանում, ոչ քրեական գործի նախաքննության ժամանակ կարծես անտեսվեց այն փաստաթուղթը, որ առկա էր գործի նյութերում, մասնավորապես, 1997-ի օգոստոսի 17-ի ամսաթվով Ալբերտ Մելքոնյանի ստորագրությամբ համաձայնագիրը, որով համաձայնություն էր տվել, որպեսզի Ա. Մովսիսյանը գրանցվի իր տանը: Եվ նա գրանցվել է: Գլխավոր դատախազության վերահսկողական վարչություն է հասել գործը: Ա. Մովսիսյանը ցանկանում է, որ իրեն ճանաչեն որպես տուժող եւ հատուցեն այն բոլոր ծախսերը, որոնք ինքը կատարել է Մելքոնյանների համար: Ա. Մովսիսյանին ըստ էության խաբել են, խաբել են, որ նախ՝ Ալբերտը երեխա չունի, մինչդեռ պարզվել է, որ երկու տղա ունի: Երկու տղայի հետ մեկտեղ Ա. Մելքոնյանն ունեցել է 2 անձնագիր՝ ՀՀ քաղաքացու եւ Ռուսաստանի քաղաքացու, եւ ճակատագրի հեգնանքով ունեցավ նաեւ երկու մահվան վկայական: Ըստ էության, ժառանգ պիտի ճանաչվեին երկու տղաները, իսկ բնակօգտագործման իրավունքը պիտի վիճարկվեր երկու տղաների եւ փաստացի կնոջ՝ Արեգնազ Մովսիսյանի միջեւ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել