Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կենդանիները

Դեկտեմբեր 25,2004 00:00

Կենդանիները մեզնից լավ են նշելու Ամանորը Պետական համակարգերում ամանորյա «պրեմիաներ» չեն սպասվում կամ էլ այդ մասին չեն բարձրաձայնում Մի շարք համակարգերում անցկացրած մեր հարցախույզը պարզեց, որ Նոր տարին հայերիս համար միայն ընտանեկան տոն է: Օրինակ, առողջապահության նախարարության բյուջեն, ըստ նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանի, արդեն սպառվել է եւ Նոր տարվա կապակցությամբ ժողովրդի համար ոչինչ չեն կազմակերպի: Նախարարությունն ամանորյա «նվերը» բաշխել է ողջ տարվա ընթացքում՝ «մոտ 30 հազար մարդ անվճար բուժօգնություն է ստացել»: Իսկ նախարարության աշխատակիցները տոնը նշելու են «այնպես, ինչպես ամեն տարի»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը այս տարի նույնպես կայցելի տուն-ինտերնատներ եւ մանկատներ, բայց Ծննդյան տոներին այդ հաստատություններում կազմակերպված խնջույքին, իրենց բնութագրմամբ, կունենան համեստ մասնակցություն: Միջոցառումները կկազմակերպեն տնօրենները՝ հովանավորների օգնությամբ: Անօթեւան փախստականներն ավելի տոնական տրամադրությամբ են համակված, քան Փախստականների եւ միգրացիայի վարչության աշխատակիցները: Վարչության մամուլի պատասխանատու Մերի Թումանյանն ասաց, որ նախատոնական ոչ մի միջոցառում չեն անում ու չեն էլ անելու. «Մեկ-մեկ փախստականները զանգում են, ասում են՝ մեզ տոմսեր տվեք՝ գնանք համերգների, բայց մենք որտեղի՞ց տանք, ո՛չ հովանավորներ ունենք, ո՛չ էլ սեփական միջոցներ: Շատ-շատ՝ վարչության աշխատակիցներով ներքեւում հավաքվենք, բաժակները լցնենք-խփենք, էդ էլ քեզ Նոր տարի»: Մոտավորապես նույնպիսի անտարբերությամբ են վերաբերվում տոներին նաեւ բնապահպանության նախարարությունում: Նախարարի մամուլի պատասխանատու Արծրուն Պեպանյանի ասելով, իրենք նախորդ տարիներին ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպել, բայց այս տարի պատրաստվում են աշխատակիցներով հավաքվել դահլիճում ու մի թեթեւ նշել. «Բա հո բնությանն ու բույսերին չե՞նք շնորհավորելու»: Ի դեպ, աշխարհի տարբեր երկրներում բնապահպանական կառույցները ազատ բնության մեջ կազմակերպում են ամանորյա ակցիա, օրինակ՝ կեր են լցնում վայրի թռչունների հավաքատեղիներում: Ինչ վերաբերում է վայրի կենդանիների մեր «ճաղապատ» հավաքատեղիին՝ Երեւանի կենդանաբանական այգուն, ապա այստեղ մարդկանցից էլ ճոխ են նշելու Ամանորը: Այգու տնօրեն Սահակ Աբովյանն ասաց, որ վերջին տարիներին այցելուների համար կազմակերպված միջոցառումներին համարյա ոչ ոք ցրտերի պատճառով չի մասնակցել, դրա համար էլ այս տարի թեեւ միջոցառում չի լինելու, բայց նվերներ են բաժանելու այգու բնակիչներին: Գիշատիչներին տալու են թարմ միս, կապիկներին՝ բանան ու նարինջ, իսկ Հրանտ փղիկի նկատմամբ լինելու է առանձնահատուկ՝ «հրանտական» վերաբերմունք: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել