Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆԵՐԸ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՑՐՏԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ Ոչ ոք ստույգ չգիտի՝ քանի՞ թափառաշրջիկ կա մեր երկրում: Փաստ է այն, որ նրանք ամեն գարուն պակասում են՝ մինչեւ որ նորերով համալրեն իրենց շարքերը: Թափառաշրջիկները Հայաստանում ոչ լեգալ մի համայնք են կազմում: Թեեւ «ապրում» են տարբեր վայրերում, գրեթե միշտ տեղյակ են միմյանցից: Նրանցից շատերը յուրաքանչյուր օր գիշերում են մի վայրում, եւ միայն իրենք գիտեն այդ վայրերը: Արամը (լուսանկարում), որ նույնպես անօթեւան է, մի տեսակ հանդես է գալիս թափառականների ու արտաքին աշխարհի միջեւ կապավորի դերում: Նա ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, բայց կաթվածներից հետո չի կարողանում նվագել: Ունի դուստր եւ որդի, որոնք ապրում են մայրական տատի տանը: Կինը մահացել է 10 տարի առաջ: Ինքը չի կարող ապրել այդ տանը: Զոքանչը փեսային թույլատրում է երբեմն-երբեմն օգտվել իր բնակարանի կոմունալ հարմարություններից` սափրվել, օգտվել հեռախոսից: Տասը օր առաջ նա զանգելով պատմեց, որ թափառաշրջիկներից երկուսի վիճակը շատ ծանր է, գրեթե մահամերձ: Գիշերելով դրսում` նրանք ցրտահարվել են: «Բոլորը ոջիլի մեջ կորած են: Նույնիսկ այդ հարցը չենք կարողանում լուծել»,- ասաց Արամը: Փորձեցինք այս մարդկանց օգնելու համար դիմել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակ: Մեզ նախապես հայտնի էր, որ ՀՕՖ-ն անչափահասների համար ունի ոջիլազերծելու հատուկ վայր եւ հարմարություններ: Որքան էլ խնդրեցինք երկու թափառաշրջիկների համար բացառություն անել, հանդիպեցինք միայն կոշտ ու կոպիտ մերժման: Նրանք անդրդվելի էին նույնիսկ այն բանից հետո, երբ ասացինք, որ ոջիլազերծելն անհրաժեշտ է՝ երկու թափառաշրջիկներին շտապ հիվանդանոց տեղափոխելու համար: Մենք դիմեցինք նաեւ տարբեր կազմակերպությունների, սակայն ոչ ոք չուզեց օգնել թափառաշրջիկներին: «Ամբողջ աշխարհում մեզ նման բոմժերի համար ստեղծում են կացարաններ, որտեղ մի աման տաք ճաշ են տալիս, քնելու մի անկյուն, մեր երկրում պետությունից անվճար նույնիսկ մի անալգին չենք կարողանում ստանալ»,- ասում է Արամը: Մի քանի օր առաջ ցրտահարվեցին եւ մահացան Վովան, Թամարան եւ Տոման: Վերջինս միայնակ թողեց իր պես անօթեւան, այժմ արդեն ծնողազուրկ միակ որդուն: ՆԱՆԵ ՄԱԿՈՒՉՅԱՆ, www.hetq.amԱյս խավը, ըստ էության, պետության համար «գոյություն չունի»: Նրանք ընդգրկված չեն պետության սոցիալական, աղքատության կրճատման ռազմավարական, զանազան օգնությունների ծրագրերում, նրանց մեծ մասը՝ նաեւ նպաստառուների ցուցակներում: Նրանց հաշվառումը միանգամայն այլ կերպ կարտացոլեր երկրում աղքատության պատկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել