Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԾԻՎՆԵՐՆ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ԱՐԾԻՎՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ԿՌԻՍՆԵՐԻ» Պատասխանի իրավունքով 15.12.2004 թ. «Առավոտ» օրաթերթում տպագրված «Վրացյանի՞, թե՞ Գեղամյանի արծիվներ» հոդվածը իմ ծիծաղը առաջացրեց: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը շատ լավ գիտե, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գործում է Սամվել Գեւորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը, որը հիմնադրվել է 1998 թ. սեպտեմբերին եւ կրում է «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» 18211ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի անունը, ում հետ անձամբ մասնակցել եմ Արցախյան պատերազմին: Ի նշան հարգանքի՝ կինոստուդիան անվանել եմ հրամանատարի անունով: Նույն հասցեում է գործում նաեւ «Սյունյաց արծիվներ» ԵՀԿ-ն, որը հիմնադրվել է 2002 թ. սեպտեմբերին: Ներկայումս 2 կազմակերպություններն էլ հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում Սյունիքի մարզում՝ թե՛ մշակույթի, արվեստի, սպորտի, բնապահպանության, ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառներում, թե՛ երիտասարդների մտավոր, հոգեւոր դաստիարակության գործում: Հարգելի խմբագիր Սամվել Ալեքսանյանին ուզում եմ տեղյակ պահել, որ կինոստուդիան ու ԵՀԿ-ն, ինչպես նաեւ նրանց աշխատանքային գործունեությունը կապ չունեն ո՛չ Ռուբեն Գեւորգյանի, ո՛չ պետբյուջեի, ո՛չ էլ իշխանական կերակրատաշտերի հետ: Ընդհակառակը, բազմիցս նշել եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այն առավել ակտիվ ՀԿ-ներին, որոնք գործում են ի նպաստ Հայաստանի հզորացման՝ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու գործում եւ ովքեր ընդհանրապես չեն սնվում օտարածին կազմակերպություններից: Մեր երկու կազմակերպությունների օրհնաբեր գործունեությունը բացառապես վերագրում են Լեռնահայաստանի ակտիվ երիտասարդների նվիրվածությանը: Չմոռանամ նշել, որ խմբագիրը քաջատեղյակ է իմ դավանած գաղափարախոսությանը՝ ցեղակրոնությանը եւ 1991-ից սկսած նա շատ լավ գիտե, որ «Արծվատանը» միշտ կախված է եղել Լեռնահայաստանի հերոսամարտում հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի նկարը, իսկ թե կենդանական աշխարհի ինչպիսի ներկայացուցիչների, ի դեմս խմբագրի ողորմելի փոփոխական կնքահայրերի՝ լուսանկարներն են ըստ ժամանակացույցի կախվում Ս. Ալեքսանյանի աշխատասենյակում, դրա մասին գիտեն բոլոր սյունեցիները: Իսկ ինչ վերաբերում է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի ծեծկռտուքին, ես բազմիցս ասել եմ, որ նման բան չի եղել, եւ այդ հոլիվուդյան սցենարները գրվել ու գրվում են Սամվելի մարվող օլիգարխ կնքահայրերի կողմից: Ծեծկռտուքը, խմբագրության գույքը փչացնելը՝ շանտաժ է ուղղված մեր դեմ: Ինչո՞ւ, որովհետեւ, իմ կարծիքով, «Սյունյաց արծիվներ» ԵՀԿ-ի ազգանվեր գործունեությունը, 1100-ից ավելի անդամ ունենալու գործոնը, ընդամենը երկու տարում կազմակերպած 180-ից ավելի միջոցառումները, սյունեցիների կողմից բավականին մեծ հարգանքը մեր հանդեպ՝ շատ թափթփուկ, օլիգարխ, հակապետական մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից չի ընդունվում, եւ պատճառը դա է, որ մութ «պադվալներում» «կռիսների» հետ թեյի սեղան նստած՝ քննարկում են ազգադավ սցենարներ: Ի գիտություն բոլորի՝ նշեմ, որ նման տիպի կեղտոտ, հասարակության կողմից չընդունված սցենարները ավելի են գոտեպնդում մեզ՝ էլ ավելի ուժեղ լծվելու ազգային պետականություն կառուցելու գործին: Ինչ վերաբերում է ծեծկռտուքի փաստով հարուցված քրգործին, ես խորհուրդ կտամ համբերությամբ սպասել ավարտին: ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ«Սյունյաց արծիվներ» ԵՀԿ-ի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել