Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ՈՐՏԵ՞Ղ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաքի ժողովուրդը պարզ է, հյուրասեր ու լավատես Եթե համեմատել երկու մայրաքաղաքներ՝ Մոսկվան եւ Սանկտ-Պետերբուրգը, ապա միանշանակ կարելի է ասել, որ վերջինս հաղթում է բոլոր հարցերում՝ այն շատ ավելի հյուրասեր է, գեղեցիկ՝ ճարտարապետական տեսակետից, այնտեղ նույնիսկ մարդիկ եւ նրանց լեզուն են ուրիշ. ամեն երկրորդ բառը «ոսՌվ»-ը եւ «ՒՌչվ255»-ն չեն: Եթե Սանկտ-Պետերբուրգի բնակիչը քեզ փողոցում հանկարծակի հրի, անպայման ներողություն կխնդրի, իսկ Մոսկվայում կհրեն, վրայովդ կքայլեն, վերջում էլ կդիմեն «Ձօ փպ, ոսՌվ, րՏՉրպՎ ՏւՐպվպս?!» հռետորական հարցով: Հետաքրքիրն այն է, որ գրեթե բոլոր մոսկվացիները ձգտում են այցելել Սանկտ-Պետերբուրգ, իսկ հակառակը՝ ոչ: Հյուսիսային մայրաքաղաքի բնակիչները շատ են սիրում, գնահատում եւ փորձում պահպանել իրենց քաղաքը: Նույնիսկ քաղաքի մաքրությանն են ավելի լավ հետեւում այնտեղ, քան Մոսկվայում: Սանկտ-Պետերբուրգը հարուստ քաղաք է: Մինչդեռ մենք բողոքում ենք, որ Հայաստանի մեծահարուստները առանձնատներ եւ դղյակներ են կառուցում (ի դեպ, այնտեղի մեծահարուստների թվում կան բազմաթիվ հայեր), Պետերբուրգում ամբողջ շենքեր եւ փողոցներ են վաճառվում: Իսկ այն փողոցները, որոնք «տիրություն անող» չունեն, չեն փոխել իրենց հին, սովետական անվանումները՝ Սոցիալիստական փողոց, Պրավդայի փողոց (խոսքը «Պրավդա» թերթի մասին է): Օրինակ, կար Սանկտ-Պետերբուրգում Չայկովսկու փողոց՝ դա ոչ թե Պյոտր Իլյիչի, այլ ինչ-որ հեղափոխականի ազգանուն է: Այժմ փողոցը չի փոխել իր անվանումը, եւ շատ քչերը գիտեն, որ իրականում փողոցը կոմպոզիտորի անունը չի կրում: Փողոցի անուն փոխելը պետության վրա թանկ է նստում: Կենտրոնին հարող փողոցների շենքերում տարածքների գները տատանվում են քառակուսի մետրի համար 1500-3000 դոլարի սահմաններում: Այն անհատները, որոնք ամբողջ շենք են գնել, սակայն վերանորոգելու եւ եվրոպական ստանդարտների մոտեցնելու հնարավորություն չունեն, պարզապես վարձով են տալիս կառույցների պատերը խոշոր կազմակերպությունների՝ ամբողջ պատի չափսով գովազգային վահանակներ փակցնելու համար: Եթե մեզ մոտ օրենք կա այն մասին, որ օղու գովազդներում՝ հեռուստատեսությամբ շիշը ցույց տալ չի կարելի, ապա Ռուսաստանում արգելվում է ընդհանրապես օղի գովազդել: Հայերը սկսեցին շշի ուրվագիծ գովազդել, իսկ ռուսներն այլ ելք են գտել: Օղի արտադրող ամենախոշոր կազմակերպությունները ալկոհոլի հետ կապ չունեցող ապրանք են արտադրում եւ գովազդում՝ թույլ չտալով, որ իրենց անունը մոռացվի: Օրինակ, «Ծ255չՍՏՉ»-ը նույն անունով ամսագիր է գովազդում, «ՂսՈչՎՈվ»-ը՝ կոնֆետ եւ այլն: Իսկ գարեջրին դա չի վերաբերում՝ ամեն երկրորդ գովազդային հոլովակը գարեջրինն է: Եվ երիտասարդները, որքան էլ դժգոհություն հայտնի ավագ սերունդը, շատ են այն սիրում: Նրանք գարեջուր են խմում ամենուրեք, նույնիսկ փողոցով քայլելիս: Գարեջրի տեսականին Պետերբուրգում շատ լայն է, սակայն կան խանութներ, որտեղ հայկական գարեջուր է վաճառվում եւ սպառվում է ոչ միայն հայերի կողմից: Իսկ հայկական դրամի հանդեպ վերաբերմունքն այլ է: Փոխարժեքի նույնիսկ այն կետերում, որտեղ թվում է, թե փոխանակում են աշխարհի բոլոր ազգերի դրամը, հայկական դրամի մասին չեն էլ լսել: Սանկտ-Պետերբուրգում քաղաքի կենտրոնում արգելված չէ խաղատներ բացել: Կար ժամանակաշրջան, երբ խաղային ապարատները նույնիսկ գաստրոնոմներում էին տեղակայված: Սակայն դա խանգարում էր անցուդարձին, եւ այժմ խաղալ կարելի է միայն խաղատներում, որոնք ամեն քայլափոխի կան: Ինչը չի կարելի ասել բենզալցակայանների մասին: Քաղաքի կենտրոնում եւ, ընդհանրապես, ժողովրդի կուտակման վայրերում երբեւէ չես հանդիպի բենզալցակայանների (էլ չեմ ասում, թե ինչ տուգանքի կենթարկվեր այն հանդուգնը, որ փորձեր հակաժանտախտային կայանի մոտ նման բան տեղադրել): Սանկտ-Պետերբուրգը հարուստ քաղաք է, եւ կյանքն այնտեղ Երեւանից էլ թանկ է: Սակայն կենցաղային հողի վրա ժողովրդի «յանը չի տանում»: Փողոցում կարող ես մտահոգված, հոգնած մարդկանց տեսնել: Սակայն այս ժողովուրդը, ի տարբերություն ոմանց, «մուննաթ» գալու սովորություն չունի: Ռուս ժողովուրդը միշտ կարող է մի կողմ դնել իր դարդն ու ցավը եւ ի սրտե ուրախանալ: Իհարկե, բոլորիս հայտնի է, որ Ռուսաստանում դա մեծ մասամբ ծայրահեղության է հասնում՝ հարբեցողության: Այնուամենայնիվ, ժողովուրդը երբեք չի կորցնում հումորի զգացումը: Երթուղային տաքսիների պատերին ժողովրդին ուղղված կոչերը միշտ կարող են տրամադրություն բարձրացնել: Օրինակ՝ «Միմյանց հետ ցածրաձայն զրուցեք. վարորդը խուլ չէ»: Եվ նույն երթուղայինի մեջ հաջորդ կոչը. «Կանգառի մասին բարձրաձայն զգուշացրեք: Միեւնույն է՝ ձեր կանգառն անցնելուց հետո աննորմալի պես բղավելու եք»: Երթուղայինների ուղեվարձը 7-20 ռուբլի է: Այնպես, ինչպես մեր քաղաքում են մեքենա վարում, չեն վարում նույնիսկ Մոսկվայում: Կան, իհարկե, «հաբրգած» վարորդներ, բայց Պետերբուրգում անգամ ամենահարուստ «պապայի բալան» իրեն երբեք թույլ չի տա «վստրեչնի» քշել: Հետիոտներն էլ են կարգապահ՝ կանգնում եւ համբերատար սպասում են կանաչ լույսի: Նաեւ շատ է զարմացնում սովետական ժամանակներից մնացած, բայց շատ օգտակար սովորություն. երբ խանութում կամ ցանկացած վայրում, որտեղ երեք հոգուց ավելի է կուտակվում՝ միանգամից հերթ է գոյանում: Ջեռուցման մասին խոսելն, ինձ թվում է՝ ավելորդ է: Ջեռուցվում են ոչ միայն բնակարանները, այլ՝ խանութները, թատրոնները, թանգարանները, պոլիկլինիկաները: Մի անգամ, երբ տեխնիկական պատճառներով անջատվել էր ջեռուցումը, շենքի կանայք գնացել էին ԻնԽ եւ այնտեղի գլխավորին բերել կանգնեցրել էին իրենց շենքի մուտքում, որ նա զգա՝ ինչքան ցուրտ է: Փախչելու հնարավորություն այս խեղճը չուներ, քանի որ կանայք նրան «ցեպիտ» էին արել: Բջջային հեռախոսակապին անդրադառնալը եւ մերի հետ համեմատելը իմաստ չունի: Քանի որ Ռուսաստանում միայն բջջային հեռախոսակապ ապահովող օպերատորները մեկը կամ երկուսը չեն: Easy քարտի մասին այնտեղ ընդհանրապես գաղափար չունեն, իսկ Sim քարտն արժե 5 դոլար, որը գնելիս իր մեջ արդեն 5 դոլարի խոսելաժամանակ է ունենում: Իսկ խոսելու մեկ րոպեի վարձը կազմում է ամենաշատը՝ 20 ցենտ: Սակայն այնտեղի կապն իր տարօրինակություններն ունի, օրինակ՝ կան օպերատորներ, որոնցից օգտվելիս միջազգային մտնող զանգի դեպքում վճարում է նաեւ զանգ ընդունողը: Նույն իրավիճակն է տարբեր օպերատորներից օգտվելու կամ քաղաքային հեռախոսից բջջային զանգելու դեպքում: Հայերն այնտեղ շատ-շատ են: Սակայն անգործ հայեր այստեղ չկան. անբան մարդն այստեղ սովից կմահանա: Շատ են ակտիվ եւ Հայաստանի համար օգտակար գործունեությամբ զբաղվող հայերը: Օրինակ, աչք է շոյում քաղաքի կենտրոնում՝ Նեւսկի պողոտայում, գտնվող Սուրբ Կատարինե եկեղեցին, որն անչափ գեղեցիկ է: Հայ համայնքը Սանկտ-Պետերբուրգում շատ հզոր է ու քաղաքում քաշ ու հարգանք ունի: Այս եկեղեցու մոտով անցնելիս շատ էի կարոտում Հայաստանս: Իսկ երբ Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա մեկնող գնացքի մեջ նստած մի ճապոնացու notebook-ից հնչեց ճապոնական «ռաբիսը», ես հասկացա, թե որքան եմ սիրում մեր ազգային Հովոյին, Թաթուլին եւ Աֆոնին: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել