Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՄՈՐՈՒԱՅԻ ՀԱՄԱՐ «Նրա մասին բոլոր կարդացածներս նրա մասին չեն»,-ասում է Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերներից՝ թիֆլիսաբնակ նկարիչ Գայանե Խաչատրյանը: Ռեժիսորի կինը՝ Սվետլանա Շչերբատյուկն էլ ասում է, որ նրա մասին գրելիս լրագրողներն իրենք են հաճախ պատմություններ հորինում. «Հետո նրանց դուր է գալիս իրենց հորինածը, հավատում են իրենց իսկ հորինածին եւ տպագրում դրանք, կարծես իրականում հենց այդպես էլ եղել է»: Փարաջանովի ընկերներից կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի կարծիքով, Փարաջանովը ցանկացած պատմությունից կարող էր լեգենդ սարքել: «Այնպես որ, պարզապես արձանագրեք այն, ինչ նա արել է: Եվ դա բավարար կլինի»:Իսկ Գայանե Խաչատրյանը գտնում է. «Մորուան պետք է նորից ծնվի, որ գրի Փարաջանովի մասին»: Եվ այսպես՝ Մոսկվաբնակ վրաց կինոքննադատ Կորա Ծերեթելին այս տարի տպագրված Փարաջանովի սցենարների առաջաբանում գրում է, որ 1980-ականների վերջին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանում Զվիադ Գամսախուրդիայի իշխանության գալով «Փարաջանովը եւ նրա արվեստը ազգայնամոլների համար պարարտ հող դարձան: Թերթերում եւ ամբիոններից նրան սկսեցին մեղադրել իր «Սուրամի ամրոցի լեգենդը» եւ «Փիրոսմանիի թեմաներով արաբեսկներ» ֆիլմերում Վրաց պատմությունը եւ մշակույթը աղավաղելու մեջ»: (Գամսախուրդիան Վրաստանի նախագահ դարձել է 1991-ին, Փարաջանովի մահից մեկ տարի հետո-Ա.Գ.): 1980-ականների վերջում Վրաստանում սկսեցին խոսել այն մասին, որ Փարաջանովը ցանկանում է 5-րդ դարի պատմիչ Հակոբ Ծուրթավելու պատմության հիման վրա նկարահանել «Շուշանիկի մարտիրոսությունը» ֆիլմը: Հիշեցնենք. Շուշանիկը հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր եւ վրաց իշխան Վարսկենի կինը: Զրադաշտական կրոնն ընդունելուց հետո Վարսկենը տանջամահ արեց քրիստոնեությանը հավատարիմ մնացած Շուշանիկին, որը հետագայում դասվել է Վրաց ուղղափառ եկեղեցու սրբերի շարքը: Կ. Ծերեթելին գրում է, որ Փարաջանովի ընկեր, «Վրացֆիլմ» ստուդիայի տնօրեն Ռեզո Չխեիձեն Փարաջանովից վերցնում է ֆիլմի սցենարը, դնում իր սեյֆը եւ ասում նրան, որ անգամ չխոսի այդ մասին՝ այդպիսով փորձելով ընկերոջը զերծ պահել ազգայնամոլական հարձակումներից: Կորսված գլուխգործոց Ռ. Չխեիձեն «Առավոտի» թղթակցին ասաց, որ ինքն անգամ սեյֆ չուներ, էլ չի ասում, որ երբեք չի թաքցրել այնտեղ Փարաջանովի սցենարը: Չխեիձեն ասում է, որ ինքը նույնիսկ չի էլ տեսել «Շուշանիկի» սցենարը: Ի դեպ, Չխեիձեն չցանկացավ տեսնել Կ. Ծերեթելիի այն գիրքը, որտեղ տպագրվել են այդ տողերը: Ռ. Չխեիձեն ասում է, որ ֆիլմ նկարելու ցանկության դեպքում Փարաջանովի համար ամենեւին էական չէր սցենար ունենալ-չունենալը: «Շուշանիկը» չնկարելու միակ պատճառն, ըստ նրա, ժամանակի պակասն էր: «Եթե նա երկար ապրեր՝ կնկարեր «Շուշանիկը»,- ասաց Չխեիձեն: Թբիլիսիի ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ավթանդիլ Վարսիմաշվիլին չի կարծում, թե Փարաջանովին թույլ չտվեցին նկարել այդ ֆիլմը. «Դա նրա մեծագույն երազանքը չէր»: «Շուշանիկի մարտիրոսությունը» ֆիլմի սցենարը, ինչպես նաեւ Շուշանիկի դերը Փարաջանովը նվիրել է Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիին: Վերջինս չի գտնում, որ Փարաջանովն իր ֆիլմերում աղավաղել է Վրաց պատմությունը: «Թերթերում մի քանի հոդվածներ եղան նրա դեմ, բայց երբ նա ցանկացավ նկարել «Շուշանիկը», ես նրան պարզ ասացի. «Ֆիլմի անունը «Շուշանիկ» մի դիր, ինչ ուզում ես դիր, բայց ոչ «Շուշանիկ»: Փարաջանովի մեկ այլ ընկեր՝ թիֆլիսաբնակ լուսանկարիչ Յուրի Մեչիտովը «Առավոտին» ասաց. «Վրաստանում արմենոֆոբիա կա եւ այն ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում»: Ճիաուրելին այս կապակցությամբ ասում է. «Շուշանիկի մասին լեգենդը ինչ-որ չափով նուրբ թեմա է. վրացիներն ասում են, որ այն վրացական լեգենդ է, հայերը՝ հայկական: Ես միայն կանխազգացում ունեի, որ դա (ազգայնամոլական բռնկումը-Ա. Գ.) կարող էր պատահել: Վրաստանում կարող էին հարցնել՝ ինչո՞ւ պիտի հայն այդպիսի ֆիլմ նկարի, երբ նման թշնամություն է առկա: Եվ այդպես էլ եղավ: Ազգայնամոլական շարժման սկիզբը զուգադիպեց երկրի ղեկավարության փոփոխությունների հետ: Որոշ մարդիկ դեմ էին, որ այդ ֆիլմը նկարահանվի, որոշները՝ կողմ: Եվ այդ հարցն անաղմուկ փակվեց»: Ս. Ճիաուրելին ասաց, որ չի կարող ինքն իրեն մեկ բան ներել: «Ֆրունզիկ Դովլաթյանը, որ այն ժամանակ «Հայֆիլմ» ստուդիայի տնօրենն էր, եկավ Վրաստան եւ ինձ խնդրեց գալ Հայաստան՝ «Շուշանիկի մարտիրոսությունը» «Հայֆիլմում» նկարելու համար: Բայց ես մտածեցի, որ դա շատ ավելի մեծ փոթորիկ կբարձրացնի այստեղ՝ Վրաստանում»: Դերասանուհին ծիծաղելով ավելացնում է, որ ինքը ստիպված կլիներ տեղափոխվել Հայաստան ապրելու: «Եվ ես հրաժարվեցի մեկնել, ինչի համար փոշմանում եմ: Քանի որ աշխարհը կորցրեց արվեստի մի մեծ գլուխգործոց: Ինչպե՜ս էր գրված ֆիլմի սցենարը եւ ինչպե՜ս դա կնկարեր Փարաջանովը… Դա կարող էր նրա լավագույն ֆիլմը դառնալ: Սակայն ճակատագիրն այլ կերպ տնօրինեց»: Այսքանով հանդերձ Ճիաուրելին չի կարծում, թե դա ճակատագրական է եղել Փարաջանովի համար: «Այն հանգամանքը, որ նրան թույլ չտվեցին նկարել «Շուշանիկի մարտիրոսությունը» ֆիլմը, շատ ազդեց նրա վրա, բայց Սերգեյը կենսախինդ, ուրախ մարդ էր: Նա գիտեր՝ ինքն ինչի է արժանի: Նա գիտեր, որ վաղ թե ուշ դա կանի: Նա հավատում էր դրան,- ասում է Ս. Ճիաուրելին:- Բայց եթե կարծում եք, որ դա ճակատագրական ազդեցություն ունեցավ նրա վրա, մոտեցրեց նրա մահը՝ ես այդպես չեմ կարծում»: Ալբերտ Յավուրյանը պատմում է, որ Փարաջանովն ամեն ինչ ամբողջ հոգով էր անում. «Նրա գրած յուրաքանչյուր սցենար արդեն իսկ նախօրոք նկարված էր: Բայց երբ ինչ-որ բան էր կորցնում, դա կորուստ չէր համարում, որովհետեւ այնքա՜ն շռայլաբար օժտված մարդ էր: Եվ այնքան շատ բան դեռ կար: Եվ երեւի չնկարահանված «Շուշանիկը» ավելի լավն է, քան եթե նկարվեր, քանի որ դա նրա կենսագրության եւս մեկ գունեղ պատմություն է»: Ես աղոթում եմ ձեզ համար Ա. Յավուրյանը պատմում է, որ մահվան թեմային Փարաջանովը հաճախ է անդրադարձել: «Ռոտերդամի ճայեր» նովելում Փարաջանովը պատմում է, թե ինչպես էին ճայերն հյուրանոցի իր պատուհանից կախված գուդա պանրի հոտն առել: Նրանք խփվում էին պատուհանին, փորձում պատռել տոպրակը, որ պանիրն ուտեն: Սակայն այդպես էլ չկարողացան, քանի որ տոպրակը սովետական էր՝ կոպիտ ու ամուր, պատռելը հեշտ չէր: Փարաջանովը գրում է. «Նրանք թռան-հեռացան՝ ի վիճակի չլինելով մաս-մաս անել սովետական պայուսակը»: Եվ նովելն ավարտում է այսպես. «Եթե մի օր անցնեք այդ հյուրանոցի մոտով եւ տեսնեք, թե ինչպես են ճայերը խփվում պատուհանին, ուրեմն կամ ես աղոթում եմ ձեզ համար, կամ արդեն մահացել եմ»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԹբիլիսի-ԵրեւանԼուսանկարները տպագրվում են առաջին անգամ: Դրանք տրամադրել է Գայանե Խաչատրյանը:Հոդվածն ամբողջությամբ անգլերենով կարդացեք՝ www.hetq.am հասցեով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել