Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՈՒ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՈՒ Ինչպես են քաղաքական գործիչների հայացքներն ազդել իրենց լեզվամտածողության վրա եւ հակառակը Եթե մարդկային քաղաքակրթությունից ապագայում ոչինչ չպահպանվի, բացի լեզվից, դրանով գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ հնարավոր կլինի վերականգնել այն իրականությունը, որտեղ մարդիկ ապրել են ու գործել, նրանց հարաբերությունների կերպն ու բնույթը, հասարակության սոցիալական կազմը, այն մեխանիզմները, որոնք ապահովել են առաջընթաց եւ այն գործողությունների բովանդակությունը, որոնք հանգեցրել են աղետի: Եթե վերցնենք լեզվի դասական սահմանումը, ըստ որի՝ այն հաղորդակցման միջոց է, ապա անհատական մակարդակում այն դասակարգման միջոց է, անհատի վարքի եւ ինքնության կարեւորագույն ցուցանիշներից: Նրանով կարելի է որոշել մարդու սոցիալական ծագումն ու կարգավիճակը, կենսագրությունն ու հակումները: Այսպես, ժամանակին «ապեր» եւ «ախպեր» ձեւերից առանց սխալվելու հնարավոր էր որոշել մարդու քաղաքաբնակ (երեւանցի) եւ գյուղաբնակ ծագումը: Իսկ հիմա, որքան էլ արժեքաբանության տեսակետից անտեսելու լինենք գրական գործի ստեղծման փաստը, մեկ է, կգա ժամանակ, երբ, ասենք, Արմեն Շեկոյանի բանաստեղծությամբ կուրվագծվի այն իրականությունը, ինչ լեզվով այն ներխուժել է գրական երկ: Մի խոսքով՝ լեզուն իրականության եթե ոչ միակ, գոնե հարաբերականորեն համազոր այլակեցությունն է, եզակի համարժեք այլընտրանքը (հենց «այլընտրանք» բառը միանգամայն նոր հասկացություն է, որ հնարավոր չէր խորհրդային տարիներին): Կարծում եմ, երբեւէ հետաքրքիր կլինի լրջորեն զբաղվել հայ քաղաքական գործիչների լեզվով: Միայն հազար ափսոս, ապագայում գործ ենք ունենալու նրանց գրավոր խոսքի հետ. լրագրողները մի լուրջ ծառայություն են մատուցում՝ նրանց բանավոր խոսքը մտցնելով գրավորի կաղապարի մեջ, որով ոչ միայն անհետանում է բանավոր խոսքի անհատական հմայքը, այլեւ անձը զրկվում է իր իսկական բնույթով ու մտածողության ինքնատիպությամբ ներկայանալու հնարավորությունից: Մինչդեռ բանավոր խոսքը կարող էր լինել այն տաբուլա ռազան (մաքուր տախտակը), որի վրա հնարավոր կլիներ ստուգապես պատկերել օբյեկտի ողջ վարքաբանությունը: Մի խոսքով, թեման խիստ տարողունակ է եւ ես կբավարարվեմ մի քանի գործիչների լեզվի քննությամբ: Առաջին նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի լեզուն դասական բանասիրության լեզուն է: Եվ պատճառը միայն հումանիտար կրթությունը չէ կամ Մատենադարանում աշխատելու հանգամանքը: Այս լեզվում երեւակայություն չկա, կա ճշմարտություն ասելու հավակնություն: Այն անառարկելի է: Այսպիսի լեզվով ճշմարտություններ էր բարբառում Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոցում», Խորենացին էր պատմագրում «Հայոց պատմությունը»: Սա դետերմինիզմի, պատճառաբանվածության լեզուն է, զուրկ՝ կասկածից եւ թեականությունից: Տեր-Պետրոսյանի լեզվում անհնար է գտնել «ինձ թվում է» ձեւը: Նա անվերապահ է եւ կարող է միայն ասել՝ «կարծում եմ», «իրականում այդպես է»: Սա դրապաշտորեն մտածող ֆիզիկոսի, կիբեռնետիկի, ստրուկտուրալիստի եւ կրթության բերումով վսեմության հասցված մտավորականի լեզու է: Նրա լեզուն արտահայտում է այն, ինչ նախապես խնամքով մտածվել է, լեզվական ինքնաբերությունը բացառվում է, ինչը նրա խոսքը զրկում է ենթատեքստերից: Սա իրատեսի, պրագմատիկի լեզու է, առանց շեղումների եւ պաթոլոգիայի: Նա պահպանում է լեզվական իմպերատիվների ողջ համակարգը, լեզվում մշակված ու կանոնակարգված նորմերը: Այս իմաստով նրա լեզուն չպետք է լիներ հանրապետության առաջին նախագահի, այն էլ՝ հեղափոխություն կատարած առաջնորդի լեզուն: Այն իր բնույթով ճշմարիտ հակահեղափոխականի լեզու է: Այս տեսակետից նրա լեզվի կառույցը հակասում է եւ որոշակիորեն հակադրված է հեղափոխական ժամանակների լեզվական կակոֆոնիային: Լավագույն դեպքում, լեզվական նրա որակը կարող էր լինել երրորդ, ավելի բարեկեցիկ ժամանակների նախագահի լեզու: Երբեմն-երբեմն մտածում եմ, որ լեզվական կուլտուրայի հենց այս անջրպետը Տեր-Պետրոսյանին ժամանակավորապես օտարեց հանրությունից, եթե չասեմ մեկուսացրեց, ինչպես վերջին տարիներին: Չեմ կարծում, որ նրա լեզուն լիովին հասկանալի էր. պարզապես նրանով հիանում էին: Ավելի ճիշտ՝ հասկանալիությունը համարժեք չէր ասվածին: Դրա լավագույն օրինակը «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածն է, որ հիմա, ետին թվով թվում է մարգարեական, մինչդեռ իրականում այդպես է թվում, որովհետեւ ժամանակին չհասկացվեց: Ինչ-որ տեղ կասկած ունեմ, որ նրա հրաժարականի պատճառներից մեկը անթերի լեզուն էր: Լեւոն Տեր-Պետրոսյանի գրավոր եւ բանավոր լեզուների միջեւ եղած տարբերությունը չնչին է: Այն երկվություն չունի, ինչը բավարար վկայություն է, որ գործ ունենք միասնական, չկոտորակված մտածողություն ու գիտակցություն ունեցող մարդու հետ: Հակառակ առաջին նախագահի՝ Պարույր Հայրիկյանի լեզուն կտրուկ է, բոլոր չափանիշներով՝ հեղափոխական: Նրան չի բավարարում տրամաբանական սիլոգիզմների լեզուն: Այն ավելի շուտ քաղաքական, քան պետական գործչի լեզու է: Նրա լեզուն բանավիճող է, զրուցակցին մերժող: Լեզվական կառույցում զգալի տեղ են զբաղեցնում նեւրոզն ու հիստերիան: Հայրիկյանի ողջ բարդույթը հենց այս երկու՝ պետական եւ քաղաքական գործիչների միջեւ եղած տարբերության հաղթահարման ու հաշտեցման եզր չգտնելն է: Նրա գիտակցության մեջ այս հասկացությունները իրենց բովանդակությամբ տարբերակված չեն, ավելին՝ նույնական են՝ ահա ողբերգությունը: Եթե Աստված կամենար, լավագույն դեպքում նա կարող էր լինել մեր պատմության ամենակարճատեւ նախագահը: Մյուս կողմից, ափսոսել կարելի է, որ Հայրիկյանի այլախոհական պայծառ անցյալի պաշարները արագորեն սպառվեցին եւ նա դարձավ լեզվական ու իմաստային կրկնությունների նախագահ: Այդպես սովորաբար պատահում է հեղափոխական ժամանակների ցանկացած կարգախոսի հետ, երբ մարտական ավյունը բավարարվում է ձեռք բերածով: Առհասարակ պետք է նշել, որ հայ այլախոհական միտքը անկախությունից հետո ցավալիորեն դադարեցրեց իր ակտիվ գործունեությունը. այն կարող էր մեծապես նպաստել երկրի ժողովրդավարական գործընթացներին: Հայրիկյանի հայերենը ընտիր է, արհեստական լինելու չափ՝ հատընտիր: Նրա բանավոր եւ գրավոր խոսքերի միջեւ տարբերությունը նույնպես նվազագույն է, սակայն գրավորը զգալիորեն աղքատ է: Քաղաքական գործունեության վիթխարի փորձը, որքան էլ զարմանալի է, նրա միտքը ճկուն չդարձրեց, եթե չասենք՝ ամփոփվեց լեզվական մի քանի կարծրատիպերի մեջ: Նույնիսկ նրա ղեկավարած կուսակցության անվան բաղադրիչներից մեկը՝ ինքնորոշումը, Հայրիկյանի համար նախեւառաջ նշանակում է ինքնակենտրոն. իրենից է սկսվում ամեն ինչ՝ անկախությունից մինչեւ պետականություն բովանդակող ցանկացած գաղափար: Այս իմաստով նա վարակված է Կոլումբոսի կոմպլեքսով. ամեն ինչ ինքն է հայտնաբերել: Եվ դաժան քմահաճույքով ունեցավ նույն Կոլումբոսի բախտը. հայտնաբերված մայրցամաքը կոչվեց ուրիշի անունով: ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել