Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ 20-30 տարի հետո երկիրը ղեկավարելու են այսօրվա դպրոցականները Այսօր ի՞նչ պետություն ենք կարողանում կառուցել: Ժամանակակից քաղաքակրթության մեջ ի՞նչ տեղ ենք գրավում: Բարոյա-հոգեւոր ի՞նչ աստիճանի վրա ենք գտնվում: Ի՞նչ խորհրդարան եւ ի՞նչ նախագահ ենք կարողանում ընտրել: Որպես հասարակություն ի՞նչ ենք ներկայացնում մեզանից: Այս ամենը կախված է նրանից, թե 20-30 տարի առաջ ինչպես են կրթել մեզ, ի՞նչ դպրոցներ, ուսուցիչներ, վերջապես, ի՞նչ կրթական համակարգ ենք ունեցել: Եթե մայրերը իրենց որդիներին ասում են՝ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» ու հորդորում են՝«Բանակում մի՛ ծառայիր, փախիր օտար երկրներ», ուրեմն մեղավոր է այն դպրոցը, որը կրթել, դաստիարակել է այդ մորը: Եթե երկիրը կոռուպցիայի, բյուրոկրատների ճիրանների մեջ է, եթե յուրաքանչյուր պետական այր իր գրպանի, ընտանիքի շահերը գերադասում է համընդհանուրի շահերից, ապա մեղքի հիմնական բեռը ծանրանում է հենց այդ դպրոցական համակարգի վրա: Ի վերջո, ի՞նչ ենք լինելու 20-30 տարի հետո: Ի՞նչ սերունդ է փոխարինելու այսօրվա քաղաքական Էլիտային: Կարողանալո՞ւ ենք հաղթահարել օր օրի հզորացող, իր ճիրանները բոլոր ոլորտները խցկած կոռուպցիան, բյուրոկրատիզմը: Կարողանալո՞ւ ենք մեր ներսում խեղդել ընչաքաղցությունը, մեր գրպանի կամ ընտանիքի շահերը շաղկապել համընդհանուրի շահերի հետ, միասնաբար հզորացնել պետությունը: Այս ամենը կախված է նրանից, թե այսօր ինչպիսին է մեր դպրոցը, ինչպես ենք կրթում ժամանակակից սերնդին, ինչ ուսուցիչներ, տնօրեններ են ղեկավարում դպրոցը, ովքեր են վերահսկում, կառավարում համակարգը: Այս տեսանկյունից կրթական համակարգը ազգային անվտանգության կարեւորագույն օղակներից է: Առաջին հայացքից դպրոցական վերջին բարեփոխումները (օպտիմալացում) լուրջ քայլ են ապագայում ուժեղ, բարգավաճ պետություն ստեղծելու, քաղաքակիրթ աշխարհի հետ համաքայլ զարգանալու գործում: Ցավոք՝ դա առաջին հայացքից է: Ես այս հողվածում չեմ ուզում քննության առնել բուն բարեփոխումների թերություններն ու առավելությունները կամ կյանքին անհամապատասխանությունը: Դրա մասին շատ է խոսվել ու գրվել: Խոսքս դրա իրականացման մասին է, որն ընթանում է լուրջ բացթողումներով եւ շեղումներով: Օրինակ, դպրոցական որոշ տնօրեններ, համակարգի վերին օղակների թողտվությամբ ու հովանավորությամբ, բարենորոգման գործընթացը ճարպկորեն օգտագործում են անձնական շահերի, դրամ շորթելու, հարստություն դիզելու նպատակով: Նախ՝ բարենորոգման տակ թաքնված է մի կարեւոր գաղտնիք. պետք է բարենորոգում պարտադրած ու դրա իրականացման դիմաց մեծ գումարի դրամաշնորհ խոստացած համաշխարհային բանկին ամեն կերպ համոզել, թե իբր ամեն ինչ ընթանում է նրանց նախանշած ծրագրով, որ կրճատվել են ոչ պակաս 3000 ուսուցիչներ, փակվել են շատ դպրոցներ ու դասարաններ, որպեսզի ստանան խոստացած գումարը: Իսկ գաղտնիք չէ, որ երկրում տարբեր ոլորտների զարգացման համար տրամադրվող վարկերը անհատ պետայրերի կողմից յուրացման գործում հազիվ թե մրցակից գտնվի այլ երկրներում: Ու համատարած անպատասխանատվությունը, անպատժելիության մթնոլորտը արձակում են շորթիչների ձեռքերը: Երբ երկրի նախագահին կից հակակոռուպցիոն խմբի ղեկավարը հեռուստատեսային մի ելույթում հայտարարեց, թե կոռուպցիայի խնդրում դպրոցն առաջին տեղում է, շատերը չհավատացին: Ինքս սկսեցի հետաքրքրվել երեւանյան կրթական համակարգի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցով, որի տասնյակ ուսուցիչներ, տեղեկանալով իմ ուսումնասիրության առարկայի մասին, հանդիպում էին ինձ ու պատմում դպրոցի տնօրեն Երվանդ Սարգսյանի, նրա հովանավորների ու դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի մասին: Քանի որ հասկանալի պատճառով շատ ուսուցիչներ չեն կարող տնօրենին ասել իրենց մտածածը, որոշեցի ստանձնել ուսուցիչների եւ տնօրենի միջեւ միջնորդի դերը: Մինչ 1991 թ.՝ թիվ 139 դպրոցի տնօրեն Ինեջյանի՝ երկրից հեռանալը, այն Երեւանի լավագույն դպրոցների շարքում էր: Ուսուցիչները վկայում են, որ Ե. Սարգսյանի ընտրությամբ դպրոցը սկսեց անկում ապրել: Կարգապահությունը թողնվեց ինքնահոսի: Շուտով իր անկարգապահությամբ երկրով մեկ «փայլատակեց» նաեւ նորընտիր տնօրենը: 1995 թ. անգլերենի ուսուցչուհի Գոհար Արսենյանի նկատմամբ բռնաբարության փորձի համար Ե.Սարգսյանը հեռացվեց աշխատանքից: Վեց ամիս անց նա վերականգնվեց իր պաշտոնում: Ե. Ս.- Դա հերյուրանք է եւ չի համապատասխանում իրականությանը: Քաղաքային դատախազությունը, ապա եւ հանրապետական դատախազությունը մանրազնին քննել են գործը եւ կարճել՝ փաստեր չլինելու պատճառով: Նույն թվականին երիտասարդ ուսուցչուհին ազատվել է աշխատանքից: Դպրոցական կամայականությունների հաջորդ զոհը՝ ռուսաց լեզվի 24-ամյա ուսուցչուհի Անուշ Հարությունյանը, չդիմացավ հոգեկան ցնցումներին եւ ինքնասպանության դիմեց: Այս ողբերգությունը ծանրացած է նաեւ 139-րդ դպրոցի կոլեկտիվի եւ նրա տնօրենի խղճի վրա: Ողբերգական դեպքի առիթով ուսուցիչները հիշում էին, որ երեք տարի առաջ, երբ Անուշը եկել էր աշխատանքի ընդունվելու՝ տնօրենը պահանջել էր $150: Սոցիալական ծանր պայմաններում ապրող Անուշը բերում է $100 գումար: Տնօրենը ասում է, որ քիչ է: Մեկ ամիս շարունակ աշխատանքի ընդունելու հրամանը չէր ստորագրում, մինչեւ Անուշը տնօրենին բերեց իր զարդեղենը, ապա եւ մոր հարսանեկան մատանին: Անուշը այս առիթով շատ էր նեղվում եւ կիսվում էր իր գործընկեր ուսուցչուհիների հետ: Ե. Ս. – Ես ոչ մի խղճի խայթ չեմ զգում Անուշի մահով, քանի որ նա իր մոր եւ եղբոր հետ լարված հարաբերությունների պատճառով 9-րդ հարկից իրեն ցած է նետել: Միլիցիան մանրամասն քննել է այս հանգամանքը: Դպրոցի տնօրենին ամենեւին չի հետաքրքրում ոչ կրթության որակը, ոչ ուսուցչի մակարդակը, ոչ էլ կարգ ու կանոնը դպրոցում: Ուսուցիչները համոզված են, որ կարգապահության հետեւանքով է, որ դպրոցում մանկահասակ դպրոցականի նկատմամբ բռնաբարության փորձ է տեղի ունեցել: Ե. Ս. – Դա դասերից հետո էր տեղի ունեցել, ուրեմն եւ ոչ մի կապ չունի դպրոցական կարգապահության հետ: Գործը քննվել է, մեղավորը՝ պատժվել: Փողի աղբյուր է նոր ընդունվող ուսուցիչը ($150), որի մասին վկայում են ուսուցիչներից շատերը, ոչ շրջակա թաղամասից դպրոց ընդունվելու եկած աշակերտը ($150), ավարտական դասարանում բարձր գնահատականի ձգտող աշակերտը («4»-ի համար՝ $50, «5»-ի համար՝ $100): Ե. Ս. – 10-րդում գնահատականի բարձրացումը բնական է, քանի որ միջակ աշակերտը ավարտական դասարանում ձգտում է լավ սովորել, ուստի եւ բարձրանում են գնահատականները: Մնացածը հերյուրանք է: Ըստ ուսուցիչների, վերջին երկու տարիներին, դպրոցի միջանցքներն ու դասարանները նորոգելու համար յուրաքանչյուր աշակերտից պարտադրաբար հավաքում են 3500 դրամ, որը 1500 դպրոցականի պայմաններում կազմում է 5 միլիոն 250 հազար դրամ գումար: Ամեն տարի փետրվարի 23-ի՝ ԽՍՀՄ բանակի ստեղծման կապակցությամբ ամեն ուսուցչից 500 դրամ են հավաքում, որպես նվեր ծրարով հանձնում տնօրենին: Իսկ թե նա ինչ ծառայություն է ունեցել Կարմիր բանակում՝ ոչ մի ուսուցիչ չկարողացավ պատասխանել: Ըստ երեւույթին, դա «ռազմական» գաղտնիք է մնում: Դպրոցում սովորական երեւույթ է, երբ միջին առաջադիմության աշակերտը 10-րդում հանկարծ գերազանցիկ է դառնում: Ահա եւ արդյունքը՝ դպրոցում մեդալի թեկնածուն հանձնաժողովի քննությանը «երկուս» է ստանում: Ե. Ս.- Միայն մեկ տարի ենք հավաքել աշակերտներից, որը լրիվ ծախսվել է դպրոցի վերանորոգման նպատակով: Իսկ մեդալակրի խնդրում, երեւի խոսքը թաղապետի եղբոր տղայի մասին է, նա սկզբում իրոք թույլ էր գրել ու «2» ստացել, երեւի հուզված է եղել, սակայն վերաքննության ժամանակ «17» ստացավ, հետո էլ պետհամալսարանի իրավաբանականն ընդունվեց: Ուսուցիչները հաստատում են, որ ամեն օր դպրոցական կարգ ու կանոնը ժամը տասնյոթից հետո ավարտվում է 80-ամյա ուսուցիչ Վազգեն Եփրեմյանի հետ կերուխումով: Իսկ թե ինչու կրճատման տակ չի ընկել հասակն առած մարդը, տնօրենը բացատրում է նրա վաստակով ու մանկավարժի հարուստ փորձով: Իսկ նրա համար ժամերը զիջել են մի քանի ուսուցիչներ: Իսկ դպրոցական վերջին բարենորոգումները իսկական հայտնություն էին դպրոցների որոշ տնօրենների համար: Նրանց ձեռքերն արդեն ազատ էին: Դպրոցի լավագույն ուսուցիչների գլխին սեւ ամպեր կուտակվեցին: Վերադասի թողտվությամբ տնօրենը կարող է կրճատել, հեռացնել ցանկացած ուսուցչի: Ու կրճատվում էին լավագույն բազմավաստակ ուսուցիչները: Ճիշտ է, շատերը բողոքում, տրտնջում էին տնօրենի դեմ: Վերջինս նրանց հեռացնելու համար դիմում է նորանոր խարդավանքների, մինչեւ իսկ կազմակերպում «ծնողի բողոք» օպերացիան, դրանով իսկ «արդարացնում» ուսուցչի հեռացման հրամանը: Նման սադրանքի զոհ դարձան մի քանի ուսուցիչներ: Բարենորոգման զոհերից է դպրոցի վերջին 10 տարիների ուսմասվար, բազմավաստակ ուսուցչուհի Աստղիկ Նահապետյանը: Տնօրենը առանց որեւէ պատճառի նրան առաջարկեց հեռանալ: Ա. Նահապետյանը արդարություն որոնեց ԱԺ նախագահի մոտ: «Ամենազոր» տնօրենը արհամարհելով ԱԺ նախագահի գրությունն ու նախարարի հրահանգը, հայտնեց, որ «իր» դպրոցում գործում է միայն իր հրամանը: Վաստակաշատ ուսուցչուհուն, որն իր ողջ կյանքը նվիրաբերել է երեխաների կրթությանն ու դաստիարակությանը, այսպես անշուք ու արհամարհական հեռացնելը, մանկավարժների կարծիքով, առնվազն անբարոյականություն է: Հոգեկան հարվածը ստանում է ոչ միայն անարդարացիորեն հեռացված ուսուցիչը, այլեւ նրա ընտանիքը, մերձավորները: Ընտանիքը, որտեղ միակ աշխատողը Աստղիկն էր (ամուսինը 2-րդ կարգի հաշմանդամ է), զրկվում է ապրելու աղբյուրից: Դա ողբերգություն է: Նա դիմում է Ազգային ժողովի նախագահին: Ի վերջո, կրթության նախարարի հրահանգով Ա. Նահապետյանը համապատասխան ժամեր եւ դասղեկություն է ստանում: Սակայն դպրոցի տնօրենը, անկարող լինելով իր մեջ խեղդել վրեժխնդրության մարմաջը, յոթ ամիս անց նորից է կրճատում նրան: ԱԺ նախագահին ուղղված երկրորդ նամակում Ա. Նահապետյանը գրում է. «Կրկին դարձա օպտիմալացման զոհ…»: Սակայն նախարար Ս. Երիցյանի հրահանգում տեղ է գտել «նախկին ուսուցչուհի» արտահայտությունը, որը խիստ վիրավորել է իր ողջ կյանքը դպրոցին, երեխաների կրթությանը նվիրաբերած ուսուցչուհուն: Մի՞թե բժիշկը, ինժեները, հեռուստալրագրողը, ուսուցիչը, ընդհանրապես՝ մասնագիտությունը, նախկին է լինում: Կրճատման սպառնալիքի տակ են առնվում վեց ուսուցիչներ: Նրանց եւս ազատելով աշխատանքից՝ ասաց. «Երկու ամիս ունեք մտածելու: Լավ մտածեք ու որոշեք՝ ուզո՞ւմ եք աշխատել»: Կրճատվողներից նրանք, որոնց ընտանեկան եկամուտը խիստ ցածր է եւ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, այդպես էլ չվերականգնվեցին, իսկ ովքեր կարող էին «հարց լուծել», արագ վերականգնվեցին, եւ տնօրենը նրանց հետ պայմանագրեր կնքեց: Ե. Ս.- Իրոք մի քանի թոշակառու ուսուցիչների կրճատումից հետո ետ եմ ընդունել, հաշվի առնելով նրանց կարիքը: Իսկ փող վերցնելը…հերյուրանք է: Կրճատված ուսուցիչների վերաբերյալ տնօրենի N 33 հրամանում գրված է. «Ազատել աշխատանքից համաձայն Ա 0.36 հոդվածի 2-րդ կետի, արհկոմի 17.08.04 նիստի որոշման»: Ա 0.36 հոդվածի 2-րդ կետով աշխատանքից ազատումը նշանակում է, որ տվյալ ուսուցիչը որակազրկված է եւ ոչ մի տեղ այլեւս չի կարող աշխատանքի ընդունվել: Սա, անշուշտ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Իսկ թե նման հրամանով աշխատանքից ազատելու թույլտվությունը ում կողմից է եղել՝ նախարարի, թե քաղաքային վարչության, հայտնի չէ: Դպրոցի լավագույն ուսուցիչներից երկուսը՝ 42-ամյա Իրա Հակոբյանն (գերազանցության դիպլոմը եւս նրա մանկավարժական որակի վկայությունն է) ու 55-ամյա Լիլյա Ավագյանը (մանկավարժական 20-ամյա փորձով) բողոքեցին նման հրամանի առնչությամբ, ու դպրոցի տնօրենը ստիպված եղավ չեղյալ համարել այդ հրամանը եւ նոր հրաման կազմել՝ փոփոխելով նույն հոդվածի 2-րդ կետը առաջինով: Հրամանում նշված է արհկոմի նիստի մասին: Արհկոմի նախագահ Աշխեն Հակոբյանը նման նիստի չի մասնակցել: Կազմած արձանագրությունը ստորագրել են ֆիզկուլտուրայի ուսուցիչ Համլետ Եղյանն ու աշխատանքի ուսուցման ուսուցիչ, մասնագիտական կրթություն չունեցող Աիդա Բալասանյանը, որը եւս խախտում է: Սակայն վերջիններս հայտնել են, որ նման ժողով չի եղել, այսինքն, արձանագրությունը կեղծվել է եւ կազմվել է տնօրեն Ե. Սարգսյանի թելադրանքով: Անշուշտ, նման կեղծիքը ենթակա է քրեական պատասխանատվության: Կրթության նախարարությունը դպրոցի տնօրենին օժտե՞լ է օրենքը խախտելու նման արտոնություններով, եթե ոչ, ինչո՞ւ է հանդուրժում նման կամայականությունը: Իսկ եթե տեղյակ չէ… Հայտնի է, որ դպրոցներում գործում է կառավարման խորհուրդը: Եթե այն չի կարողանում օգնել դպրոցի կոլեկտիվին վերականգնելու դպրոցի բարի համբավը, ստեղծելու երեխաների կրթության եւ դաստիարակության բավարար պայմաններ, ապա ինքս էլ սկսում եմ հավատալ ուսուցիչների այն պնդմանը, որ 7 հոգուց կազմված խորհրդի անդամներից 4 հոգին տնօրենի «մարդիկ» են, այսինքն, Ե.Սարգսյանի կամակատարներն են: Մի խումբ ուսուցիչների եւ տնօրենի միջեւ զրույցի միջնորդ հանդիսանալով, թվում է, որ որոշ պատկերացում ստեղծեցի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցում տիրող կացության մասին: Սակայն այս դպրոցը ամենեւին էլ եզակի չէ, եւ բարենորոգումները չեն կարող քողարկել կրթության համակարգում տիրող իսկական պատկերը: Գուցե եւ քաղաքային վարչությանն ու նախարարության որոշ այրերի դա ձեռնտու է, արդեն կասկած չի հարուցում: Մատաղ սերնդի կրթության խնդիրը պետության անվտանգության խնդիր է: Այս ամենը ամեն օր, ամեն ժամ տեսնում է դպրոցականը: Սա է պատանու իրական «դպրոցը»: Ու Երվանդ Սարգսյանի, նրա նմանների եւ նրանց հովանավորների ազգային բարոյա-հոգեւոր արմատներից շատ հեռու «դասերն» անցած սերունդը հազիվ թե այսուհետեւ հավատա մարդկանց, հազիվ թե նորմալ ընտրություն կատարի, հավատա արդարության հաղթանակին: 10 կամ 15 տարի հետո այս սերունդն է իշխելու երկրում: Հայոց պետականության ապագան, իրոք, վտանգի տակ է: ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել