Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ՝ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ՝ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ Ամանորի շեմին բոլորը մոռանում են տարվա ընթացքում իրար հասցրած վիրավորանքները: «Առավոտը», բնականաբար, բացառություն չէ: Քանի որ հնարավոր է, որ անցնող տարվա ընթացքում գուցե թե հեգնել ենք մեր քաղաքական մտքի տիտաններին, գուցե թե հումորի ենք վերածել ազգի փրկության նրանց լրջագույն նկրտումները, գուցե թե վիրավորել ենք՝ չհրապարակելով նրանց մտքի արգասիքն ամբողջությամբ եւ այլն: Ինչեւէ, քավելով իր գործած բոլոր «մեղքերը», «Առավոտը» փորձեց իր վրա վերցնել քաղաքական գործիչների ցանկությունները Ձմեռ պապին փոխանցելու պատասխանատու գործը: Նաեւ խոստանում ենք ծանոթ-մանոթ մեջ գցել, որպեսզի մեր գործիչներն իրենց խաբված չզգան: Իսկ ի՞նչ են ուզում մեր քաղաքական այրերը Ձմեռ պապից: «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը երկու բան է ուզում՝ մի արու զավակ եւ «հեղափոխության համար մի հատ շատ լավ քաղաքական մոմենտ»: Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը չի հավատում Ձմեռ պապի գոյությանը, այլապես «ցանկություններս մեծ կլինեին»: Այդուհանդերձ՝ «Կուզեի, որ միայն արդարություն բերեր այս տարի, մեզ հնարավորություն տար այդ արդարությունը հաստատելու, ուրիշ որեւէ բանի կարիք չունեմ»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց. «Չեմ համարձակվում ասել»: Ընդ որում, պատասխանը հնչեցրեց մտածելուց հետո: Հետաքրքիր է, ի՞նչ էր ցանկանում ԱԺՄ նախագահը, որ չհամարձակվեց բարձրաձայնել, այն դեպքում, որ նա ե՛ւ նախորդ, ե՛ւ ներկայիս նախագահների օրոք համարձակվել էր իրենց զբաղեցրած աթոռներն ուզել: Ճիշտ է, այդպես էլ չստացավ աթոռը… այս անգամ էլ երեւի չասաց, որ չնավսեն: ՍԻՄ նախագահն աշխարհի ամենամեծ հարստություններն ուզեց՝ խաղաղություն, բարեկեցություն եւ երջանկություն: ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն ավելի համեստ էր. մի աղջիկ թոռնիկ ուզեց: Նա երեք թոռնիկ արդեն ունի՝ երկուսը տղա, մեկն՝ աղջիկ, բայց դեմ չէ, որ Ձմեռ պապը մի թոռնուհի էլ պարգեւի: Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, դուրս գալով նեղ անձնական շրջանակներից, հայ ազգի համար երեք «Պ» խնդրեց Ձմեռ պապից. «տՏՐ255ՊՏՍ, տՐՏչՐպրր, տՐՏՓՉպՑՈվՌպ»: ԱԻՄ նախագահը խնդրեց, որ բոլորս դառնանք իսկապես քրիստոնյա: «Սիրենք ճշմարտությունը, նյութին վերեւից նայենք, մեր պատմությանը ճիշտ հայացք նետենք, որպեսզի Աստծո սերը չդառնա կաթի սեր, վարդի հոտը՝ ոչխարի հոտ, մոտենանք ժողովրդավարությանը եւ հասկանանք Հայրիկյանի՝ պետությունների ժողովրդավարության բուն իմաստը: Այդ ժամանակ էլ կունենանք մեզ ներկայացնող նախագահ եւ ԱԺ, որոնք միջազգային ասպարեզում ապուշություններ թույլ չեն տա: Թող որ սերը մեզանում թագավորի»,- ուրիշներին էլ ուզելու բան չթողեց Հայրիկյանը: «Ազատ, անկախ, միացյալ Հայաստան. կլինի՞»,- Ձմեռ պապին հարց ուղղեց ազգայնական Արմեն Ավետիսյանը: Իսկ Արա Սահակյանը խնդրեց, «որ Նոր տարում իրենց օջախները վերադառնան հեռուներում՝ օտարության ու նեղության մեջ գտնվողները»: «Վա՜յ Ձմեռ պապ, ոչ մի անգամ ոչ մի լավ բան ինձ չի բերել: Դառն է, բայց էդպես է»,- Ձմեռ պապից դժգոհեց միավորված, նորացված, բայց կոմունիստ Յուրա Մանուկյանը: Իսկ լրագրող Անուշ Դաշտենցը մի մեծ պայուսակ խնդրեց, որպեսզի «իմ բոլոր շնուրներն այնպես կարողանայի տեղավորել, որ պայուսակումս քաոս չլիներ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել