Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱՑԵՔ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ՀԱՎԱՏԱՑԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻՆ Անցնող ու Նոր տարին՝ Սերգո Երիցյանի մասնակցությամբ Տարվա հայտնագործությունը Անցնող տարին կրթական ոլորտում աչքի ընկավ հատկապես ԿԳ նախարար Սերգո Երիցյանի մի հայտնագործությամբ: Տարեվերջին նա լրագրողներին հայտնեց, որ ինքը ջերմաչափ (կամ «բարոմետր») չունի, որպեսզի կարողանա չափել կոռուպցիան՝ իր ղեկավարած համակարգում: Մինչ այդ միտքը հայտնելը նա նշեց, որ ընդհանրապես տարբեր ոլորտներում կոռուպցիայի մասին խոսում են աչքաչափով: Իսկ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանն ամեն անգամ կոռուպցիայի մասին խոսելիս շեշտում է, թե «կոռուպցիան չափելու որեւէ գործիք աշխարհում դեռեւս հայտնագործված չէ»: Կարծում ենք՝ ոչ ոք դեմ չի լինի, եթե ազգովի Ձմեռ պապին խնդրենք՝ այդ երկու սարքերից գոնե մեկն այս Նոր տարուն նվիրի նախարարին: Մի քանիսն էլ՝ Բագրատ Եսայանին: Տարվա ձեռքբերումը Անցյալ տարեսկզբին շրջանառության մեջ մտավ «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագիծը, ըստ որի՝ տարկետման իրավունքից զրկվում էին գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք՝ ասպիրանտները, մագիստրոսները: Իսկ ավելի ուշ՝ կառավարության համապատասխան որոշման համաձայն, նաեւ վճարովի մագիստրական համակարգում սովորողները: Այս հարցում մեծ ակտիվություն ցուցաբերեց հատկապես «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը՝ «Գիտությունը շաքարի հերթ չէ, որ դուրս գաս ու հետո նորից մտնես» կարգախոսով: Թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց նաեւ Արշակ Սադոյանը. «Դրա բուն պատճառը վերից վար կուռումպացված իշխանական համակարգն է, որի ժամանակ ավելի հեշտ է օրենքով թույլ չտալով, փորձել իշխանական լծակների օգտագործմամբ, կաշառք վերցնելով ազատել մարդկանց բանակից եւ ոչ թե իրավունք տալ շնորհալի մեր երիտասարդներին՝ շարունակել իրենց ուսումը»: Եվ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը արձանագրեց, որ հարցի առնչությամբ վերադասը շտապողականություն է ցուցաբերել, եւ շրջանառությունից հանվեցին վերոնշյալ կետերը: Ի դեպ, այդ ողջ ընթացքում Սերգո Երիցյանը լուռ էր: Տարվա համալրումը Այնուամենայնիվ, գիտնականների մի որոշ զանգված ստիպված եղավ համալրել բանակի շարքերը: Դրանք բժիշկ-գիտնականներն էին: Այս անգամ «Հանուն գիտության զարգացման» խմբի պայքարը զուր անցավ, սակայն նույնիսկ Բժշկական համալսարանի ռեկտորի օգնական, երիտասարդ հանրապետական Արմեն Աշոտյանը նկատեց, որ հիմնավորումը, թե ինչու են նրանց տանում բանակ, շատ թույլ էր եւ ոչ համոզիչ. «նրանց կարիքը չկար անգամ ղարաբաղյան պատերազմում»: Ի դեպ, այդ ողջ ընթացքում էլ Սերգո Երիցյանը լուռ էր: Տարվա վեճը Այն ծավալվեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՀՀԿ երիտասարդական թեւի միջեւ, այն բանից հետո, երբ առաջինները հրապարակեցին իրենց ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց, ամենակոռումպացված բուհ էր համարվել Բժշկական համալսարանը: ՀՀԿ եւ բժշկականի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը կարծիք արտահայտեց, որ արված ուսումնասիրությունը սիրողական մակարդակի է եւ պատրաստակամություն հայտնեց այդ գործին լծվել, սակայն պրոֆեսիոնալ մակարդակով: Տարվա նշանակումը Անցնող տարին կրթական ոլորտում նշանավորվեց երկու նոր փոխնախարարների նշանակմամբ. Արտակ Սահրադյանի, որի գործունեության շրջանակները մինչ այժմ հստակեցված չեն, եւ Նորայր Ղուկասյանի, որը կհամակարգի հանրակրթության ոլորտը: Բայց ամենահետաքրքիրը գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի «ընտրությունն» էր, որի արդյունքում տնօրեն դարձավ ԵՊՀ դասախոս, տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ Վանյա Բարսեղյանը: Հետաքրքիր էր այնքանով, որ, ըստ համառ լուրերի, այս ընտրությունը կատարվել է ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի հովանավորությամբ: Իսկ Ռ. Մարտիրոսյանը Գիտելիքների գնահատման կենտրոնի մասին դեռեւս ամիսներ առաջ արտահայտել էր իր տեսակետը. «Այս ձեւը Բլեյանի ժամանակվա՝ հայոց լեզվի կենտրոնացված քննությունների կրկնությունն է, երբ ամեն թվանշանի համար կար իր գնացուցակը: Ինչ էլ անեն, ամեն դիմորդի կողքին մի հսկող էլ կանգնի, կեղծիքներ լինելու են»: Գրեթե նույն կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց նաեւ կենտրոնի տնօրենը. «Ծրագրային գործընթացի կազմակերպման ընթացքում, կարծում եմ, կունենանք հստակ ռազմավարություն՝ սուբյեկտիվ գործոնի դերի հնարավորին չափ մինիմալացման համար, բայց չեմ կարծում, որ կարելի է այնպիսի մեխանիզմ մշակել, որ ամբողջությամբ բացառվի (խոսքը հնարավոր կեղծիքների մասին է- խմբ.)»: Տարվա երազանքը «Եթե երազենք մինչեւ տարեվերջ, ապա եկող տարի կզբաղվենք նաեւ Կրթության օրենսգրքի ստեղծմամբ»,- իր վերջին ասուլիսում ասաց Սերգո Երիցյանը: Ցանկանում ենք, որ բոլորի երազանքներն իրականանան, եւ մարդիկ երբեք չդադարեն երազել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել