Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԱԶԱՐԸ ԳՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ

Դեկտեմբեր 25,2004 00:00

ՂԱԶԱՐԸ ԳՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ Երեկ խորհրդարանը կողմ քվեարկեց Իրաք՝ 46 հոգանոց զորախումբ ուղարկելուն ԱԺ արտահերթ նստաշրջանը երեկ տեւեց մինչեւ կեսգիշեր: Խորհրդարանն ու կառավարությունն ամբողջ կազմով գտնվում էին ԱԺ-ում: Օրենսդիր մարմինը այդքան մարդաշատ վաղուց չէր եղել: Խորհրդարանը երեկ քննարկեց եւ 91 կողմ, 23 դեմ եւ 1 ձեռնպահով վավերացրեց «Իրաք կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագիրը: Նիստին մասնակցում էին նաեւ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունները: Պատգամավորները տեղ-տեղ կատակելու սիրտ ունեին, ոմանք ուրախ էին, որ ընդդիմությունը եկել է, ուրիշները նիստի երկարաձգումը բացատրում էին ընդդիմության ակտիվությամբ, ոմանք էլ առաջարկում էին Իրաք զինվորական միավորում ուղարկելու հարցի լուծման ամենահեշտ տարբերակը՝ գեներալի կոչում շնորհել եւ Իրաք ուղարկել պատգամավոր Արշակ Սադոյանին: Իսկ ավելի լուրջ՝ երեկ դժվար օր էր երկրի օրենսդիր, գործադիր եւ չորրորդ իշխանության համար: Նախ, որոշվեց Իրաք զինվորական ստորաբաժանում ուղարկելու հարցը քննարկել դռնփակ նիստում: Սա ակնհայտորեն անակնկալ էր ընդդիմության համար, եւ ոմանք այն կարծիքին էին, որ այս որոշումն ընդունվեց ընդդիմությանը հրապարակային խոսքից զրկելու նպատակով: Ուրիշներն այն կարծիքին էին, որ հնարավոր գաղտնի ինֆորմացիայի արտահոսքից խուսափելու նպատակով է դռնփակության մասին որոշումը: Ինչեւէ, նիստը անցկացվեց փակ դռների ետեւում, եւ լրագրողների մի հսկա բանակ ժամեր շարունակ սպասում էր նիստի ավարտին: Նույնիսկ ոմանք այնքան հուսահատվեցին, որ հայտարարեցին, թե պատրաստ են կամավոր մեկնել Իրաք, միայն թե նիստը շուտ ավարտվի: Մենք արդեն գրել էինք, որ այսօր զորամիավորում ուղարկելու որոշմանը «դեմ» են լինելու «Արդարություն» եւ ՀՅԴ խմբակցությունները: Այդպես էլ եղավ: Այս երկու խմբակցություններից բացի, մյուս քաղաքական ուժերը կողմ քվեարկեցին հարցին: Քվեարկությունից հետո կառավարության ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Հայաստանի կառավարությունն արդեն հունվարի 5-ից պատրաստ կլինի զորամիավորումն ուղարկել: Իրաք կմեկնի 46 կամավորներից կազմված զորախումբ, որը կունենա մեկ ընդհանուր հրամանատար, մեկ կապի սպա՝ լեհական դիվիզիայի շտաբում, մեկ դասակի հրամանատար, երեք բժիշկ, որոնցից մեկը՝ սրտաբան, մեկը՝ թերապեւտ, մեկը՝ հոգեբույժ, 10 սակրավոր եւ 30 վարորդ: Իսկ ի՞նչ կարող է տալ Հայաստանին այս որոշումը, ի՞նչ լավ բան է ակնկալվում, հետաքրքրվեց լրագրողներից մեկը: «Ակնկալում եմ մեր անվտանգության ամրապնդում, սահմանների ապաշրջափակում, հավասարաչափ վերաբերմունք Հարավային Կովկասի երկրների նկատմամբ՝ այն բոլոր միջազգային կազմակերպություններից եւ աշխարհի երկրներից, ովքեր կողմ են աշխարհում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Սփյուռքի անվտանգության երաշխիքների մասին հարցին պատասխանելով՝ նախարարն ասաց, որ եթե մենք չմասնակցենք իրաքյան գործընթացներին, Սփյուռքի գլխին վտանգը շատ ավելին կլինի: Իրաք ուղարկվելիք զորամիավորման բժշկական, կոմունալ-կենցաղային եւ տեղակայման խնդիրները լուծվելու են ԱՄՆ հրամանատարության եւ լեհական դիվիզիայի միջոցների հաշվին, հայկական կառավարությունը վճարելու է աշխատավարձ: «Մեր կարծիքով՝ այդ ծախսերը չեն գերազանցելու (եթե չլինեն, Աստված մի արասցե, որոշ ֆորս-մաժորային հանգամանքներ) մոտավորապես 600 հազար դոլարը: Դա նախատեսված է պաշտպանության նախարարության բյուջեով, այստեղ որեւէ խնդիր չկա»,- ասաց պաշտպանության նախարարը: ԱԺ-ն թույլատրել է զորախումբն ուղարկել մեկ տարով, բայց ենթադրվում է, որ վեց ամիս հետո ստորաբաժանումը կթարմացվի: Արդյոք Միացյալ Նահանգները ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի նման երկրի աջակցության կարիքն ունի՞. «Այո, եթե կարիք չունենար, մենք ինչո՞ւ ենք գնում»: Խորհրդարանի որոշումը երեկ բավականին դժվարությամբ ընդունվեց, սակայն պաշտպանության նախարարի համար դա ոչ թե դժվար որոշում էր, այլ մի խումբ պատգամավորների համար՝ տակտիկական հնարք, որով փորձում էին ժամանակ ձգել: «Եթե չլիներ մի հանգամանք, ես չէի ափսոսի, ուղղակի այսօր մեր հայտնի Մալխասի 60-ամյակն էր, եւ շատ եմ ափսոսում, որ չկարողացա գնալ: Ուրիշ ծանր կամ վատ հանգամանք չկար, որովհետեւ ցանկացած կոշտ ելույթ, ցանկացած հարց հնարավորություն է պատասխանելու, հնարավորություն է ցույց տալու քո ընդդիմախոսին, որ թեմային տիրապետում ես»,- ասաց Սերժ Սարգսյանը: Դաշնակցությունը, ինչպես եւ խոստացել էր, «դեմ» քվեարկեց հարցին, եւ այս հանգամանքը բացատրվեց ոչ միայն արաբական աշխարհում հայկական սփյուռքի անվտանգության անհրաժեշտությամբ, այլեւ Հայաստանի անվտանգության կարեւորությամբ: ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երեկ մեզ ասաց, որ այդ որոշմամբ «Հայաստանը ահաբեկչության թիրախ կարող է դառնալ, եւ երկրորդը՝ հայ համայնքը բավականին մեծ մասով գտնվում է արաբական աշխարհում»: Մենք խնդրեցինք վարչապետ Անդրանիկ Մարգարյանին բացատրել, թե ինչպե՞ս է արտահայտվում կոալիցիոն «ըմբռնումը» Դաշնակցության՝ «դեմ» քվեարկելու որոշմանը: Վարչապետը ասաց, որ «Հայաստանը շարունակ հայտարարում է, որ դեմ է միջազգային ահաբեկչությանը, եւ հիմա ոչ թե խոսքով պետք է դա արտահայտել, այլ նաեւ գործով: Յուրաքանչյուր երկիր մասնակցության աստիճանն ինքն է որոշում եւ ոչ թե պարտադրված է: Աշխարհի շատ երկրներ են մասնակցում այս գործողություններին, եւ մենք սպիտակ ագռավ չենք, որ ասենք, թե չենք ցանկանում, թեկուզ 46 հոգով, մասնակցել մարդասիրական գործողություններին»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել