Նրանք երդվում են չփոփոխել Ամանոր նշելու իրենց ավանդույթները
Իսկ «սուրբ» ավանդույթների մեջ, ինչպես հայտնի է, մտնում են պարտք-տալիք անելը, որ տարին աննկարագրելի ճոխությամբ նշեն, տնետուն շրջելն ու, իհարկե, քաղաքի տոնածառը թալանելը: Թեպետ մինչ օրս ո՛չ եղեւնու շուքն է տեսանելի, ո՛չ էլ քաղաքի տեսքն է տոնական: Տոնական է միայն շուկայի առեւտրականների տրամադրությունը: Նրանց սահմանած առասպելական գներն ամենեւին էլ չեն խանգարում գյումրեցիներին՝ աչքի տեսածը կրելու ու տները լցնելու: Ի տարբերություն մյուս քաղաքների, ուր տոնածառ զարդարելու ու տեղանքը գեղեցկացնելու դիզայներական մրցույթ է անցկացվում, Գյումրիում նմանատիպ մի մրցույթ ծավալվում է հարազատ-բարեկամների շրջանակներում, այն էլ՝ ճոխ սեղանի:
Անկախ սոցիալական պայմաններից, սեղանի պարունակությունը, որպես կանոն, Գյումրիում դառնում է քննարկման առարկա: Հին ավանդույթի համաձայն, եթե բարեկամներից մեկը մյուսի տուն չի այցելում, դա նշանակում է, որ նրան ընդհանրապես չի հարգում:
Եթե քաղաքի առաջադեմ մասսայի կարծիքով հիշյալ ավանդույթներից բուրում է «նավթալինի» հոտ, ապա հին սերունդը ընդհանրապես չի ընդունում՝ Եվրոպային ինտեգրվելով, սեփական ավանդույթները ոտնատակ տալը: Օրինակ՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտյոմ Մազմանյանը, ելնելով իր աշխատանքային փորձից, վստահեցնում է, որ եվրոպացիները հայկական ավանդույթների մասին գաղափար կազմում են միայն Գյումրի այցելելով: Նրա ասելով՝ գյումրեցիները եվրոպացիներ չեն ու չեն պարտավորվում Նոր տարին դիմավորել փողոցներում կամ էլ «կառնավալներում»: Մինչդեռ քաղաքի երիտասարդությունը գտնում է, որ դրսում չանցկացնելու պատճառը ձանձրալի ու անկազմակերպ մշակութային միջոցառումներն են, հրամցվող անճաշակ երգ-երաժշտությունը: Իսկ Գյումրիում անցկացվող մշակութային միջոցառումների ցանկն այնքան էլ հարուստ չէ. չնայած փոխարենը, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների խոստումների, աննկարագրելի է լինելու տոնածառը: Արդյոք տոնածառի մասին նման խոստումը մինչ այդ հնչած քննադատական կարծիքների պատճառո՞վ է (խղճուկ, աղքատիկ եւ այլն): Մեր հարցից պազվեց, որ քաղաքապետարանը նկատի է ունեցել նաեւ այդ քննադատությունները: Սակայն տոնածառ նախատեսված է զարդարել միայն կենտրոնական հրապարակում: Արտյոմ Մազմանյանի ասելով, Գյումրիի մյուս թաղերում տոնածառ չդնելու պատճառն այն է, որ ժողովուրդը լավ չի պատկերացնում համատիրության դերն ու նշանակությունը: Նրանց կարծիքով՝ համատիրության ղեկավարը միայն փող հավաքող է:
Սակայն քաղաքապետարանի պաշտոնյան մշակութային միջոցառումներից առավել կարեւորում է գյումրեցիների վերջին կոպեկը հավաքելը կամ էլ ամեն ինչ «ծախծխելն» ու կուշտ փորով հաց ուտելը, որը, ըստ նրա, խորհրդանշում է կուշտ ու առատ տարի:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ