Ինչու
է դատախազությունը սեւեռվել 50քմ-ի վրա Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի
2002թ. նոյեմբերի 28-ի թիվ 2421-Ա որոշմամբ՝ Մայիսյան 22 (Ամիրյան փողոցի հարեւանությամբ)
շենքի բակից 24քմ տարածք է տրվել Էդգար եւ Վազգեն Պողոսյաններին: Ռոբերտ Նազարյանի
մեկ այլ որոշմամբ՝ այս հողամասին կից տրվել է եւս 26քմ տարածք: 15 տարի վարձակալության
իրավունքով լրացուցիչ հողատարածքը նախատեսված է տեխսպասարկման օբյեկտ կառուցելու
համար: Հետո Է. Պողոսյանը քաղաքապետարանի հետ հողի վարձակալության պայմանագիր է կնքել,
վավերացրել նոտարական կարգով, գրանցել անշարժ գույքի պետական կադաստրում, հաստատել
նախագիծը, Կենտրոնի թաղապետարանից ստացել շինթույլտվություն եւ սկսել օբյեկտի կառուցումը.
ամեն ինչ՝ ըստ սահմանված կարգի: Աշխատանքների կատարման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի
աշխատակիցները, առանց որեւէ հիմնավորման, քանդել են կիսակառույց շինությունը: Մայիսյան
22 շենքի առաջին հարկում գործում է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի դստեր «Վանիլլա»
գեղեցկության սրահը, իսկ երկրորդ հարկում ԱԺ պատգամավոր Սայադ Զախարյանի գրասենյակն
է: «Վաղը ես որ թոշակի անցնեմ՝ գալու եմ նստեմ այդ գրասենյակում, իսկ առջեւում կառուցված
շինությունը, բնականաբար, ինձ կխանգարի»,- այսպես է Էդգար Պողոսյանի հորը՝ Լեւոնին
հիմնավորել շինության քանդումը քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Է. Պողոսյանը
դիմել է դատարան: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարինե Դանիելյանը դատարանում պարզաբանել
է, որ «չնայած առկա են շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ քաղաքապետը գտել
է, որ շինությունն ինքնակամ է, որի պատճառով էլ այն վերացվել է»: Քաղաքապետարանի
ներկայացուցիչն ընդունել է, որ շինությունը քանդելու, նախկին որոշումը՝ շինթույլտվությունը
վերացնելու մասին որոշում չի եղել, սակայն բացատրել է, որ քաղաքապետը կանխում ու
վերացնում է ինքնակամ շինությունները՝ ենթարկվելով Երեւան քաղաքում պետական կառավարման
մասին ՀՀ նախագահի հրամանագրին: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը
(նախագահող՝ Տ. Սահակյան) ընդունել է, որ քաղաքապետարանն առանց որեւէ փաստաթղթային
հիմնավորվածության ապօրինաբար քանդել է շինությունը: Վերաքննիչ դատարանը հայցը բավարարել
է: Երեւանի քաղաքապետարանից հօգուտ Է. Պողոսյանի բռնագանձվելու է 5.491.000 դրամ
եւ 28.800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում: Այս վճիռը
քաղաքապետարանը բողոքարկել է եւ վճռաբեկ դատարանում գործը պետք է լսվի երկու ամսվա
ընթացքում: Այս 50քմ տարածքի համար դատարան հայց է ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր
դատախազությունը՝ պահանջելով անվավեր ճանաչել այս տարածքի հետ կապ ունեցող նախկին
քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի բոլոր որոշումները, ինչպես նաեւ՝ կառույցի հետ կապված
պայմանագրերը, քանի որ դրանք ընդունվել են օրենքների մի շարք խախտումներով: Նոյեմբերի
23-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Լեւոն Գրիգորյան)
բավարարել է գլխավոր դատախազության հայցը եւ պարտավորեցրել Է. Պողոսյանին ազատել
Մայիսյան 22 շենքի բակում տրամադրված հողամասը: «Դատավոր Լեւոն Հարությունյանը միայն
14-րդ օրն է տվել իր կայացրած վճիռը, այն էլ՝ մեր բազմաթիվ բողոքներից հետո: Ասում
էր՝ ինչ ուզում եք արեք, ում ուզում եք բողոքեք, ես ոչ մեկից չեմ վախենում»,-պատմում
է Լեւոն Պողոսյանը: «Մենք վճռաբեկ բողոք ենք ներկայացրել: Մեր բոլոր փաստաթղթերն
օրինական են, օրենքների ոչ մի հոդված չի խախտվել, սա ապօրինի քաշքշուկ է, որն ունի
նախաձեռնողներ»,- ասում է Է.Պողոսյանի պաշտպան Արմեն Աբովյանը: Ապօրինի հողհատկացումների
բազմաթիվ օրինակների առկայության դեպքում գլխավոր դատախազությունը հետաքրքրվել է
հենց այս 50քմ տարածքի օրինական վարձակալությամբ: Պատճառը մեկն է՝ ՀՀ գլխավոր դատախազության
մի բարձրաստիճան պաշտոնյա այս գործի համար քաղաքապետից ստացել է հող, իհարկե, ոչ
իր անունով: Միմիայն սրանով է բացատրվում ՀՀ գլխավոր դատախազության շահագրգռությունը
մոտ 50քմ հողի վերաբերյալ, երբ ամբողջ Երեւանը նրանց աչքի առաջ ապօրինի շինություններով
է լցվել: ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Պատրաստակամ
ենք տպագրել նաեւ հակառակ կողմի կարծիքը, բայց՝ տոներից հետո: