Լրահոս
Օրվա լրահոսը

Գերատեսչությունները խոստանում են

Դեկտեմբեր 25,2004 00:00

Տարվա ավարտին տնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարներից որոշեցինք ճշտել 2005 թ. անելիքները: Դատելով պաշտոնյաների պատասխաններից, եկողը նախորդներից ամենաբեղմնավորն է լինելու:

Հայաստանում «Աքլոր
ի տարին» անասունների համար կնշանավորվի նրանով, որ վերջիններիս ավելի քաղաքակիրթ կմորթեն: Այդ նպատակով ՀՀ մարզերում սպանդանոցներ են հիմնվել: Գալիք տարում գյուղատնտեսության նախարարությունը նաեւ խոշոր սառնարանային տնտեսություններ ստեղծելու համար ներդրողների փնտրտուք կսկսի: Գյուղնախարար Դավիթ Լոքյանի հավաստմամբ, 2005-ին ոլորտում մոտ $20 միլիոնի վարկային երկու ծրագիր կիրականացվի, որով գյուղացիներին հատկացվող վարկերի դրույքաչափերը կփոքրանան:

2005-ին ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ չի սպասվում: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հավաստիացմամբ, գալիք տարի «կյանքի են կոչվելու Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման եւ Մեղրիի ՀԷԿ-ի վերաբերյալ մշակված ծրագրերը, շարունակվելու է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը, աշխատանքներ են տարվելու Հայաստանում հողմակայաններ հիմնելու ուղղությամբ»: Ըստ նրա, 2005-ին էներգետիկների թիվ մեկ խնդիրը մնալու է մեր երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության պահպանումն ու բարձրացումը:

«Շատ եմ ուզում, որ սպառողների եւ մատակարարների հարաբերությունները առողջանան»,- իր այս ցանկությունը «Առավոտի» միջոցով հանրությանը փոխանցեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ նրա, էլեկտրաէներգիայի, գազի սակագները չեն բարձրանա, սակայն «2005-ին հնարավոր է, որ ջուրը թանկանա»: Ջրի սակագնի վերաբերյալ իր այս կանխատեսումը Ռ. Նազարյանն այսպես արդարացրեց. «Համակարգն առավել կատարելագործելու նպատակով է»: Պարոն Նազարյանը խոստացավ մյուս տարի «ամեն ինչ անել, որպեսզի հանձնաժողովի ցանկացած որոշում առավելագույնս լուսաբանվի մամուլում»: Հաջորդ տարի էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենք կընդունվի: Պարոն Նազարյանը 2005-ի համար իր ընտանիքում հարս-սկեսրայր հարաբերությունները կարգավորելու մի ծրագիր էլ է մշակել. «ուզում եմ եկող տարում իմ ընտանիքում հարաբերությունները լավագույնս կարգավորեմ, քանի որ պատրաստվում եմ ապարանցի ծագումով ընտանիքից հարս բերել»:

Քաղաքաշինության նախարարությունը 2005-ին կավելացնի շինարարության ծավալները: Դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ՝ հանրապետության անօթեւանների համար ծրագիր է մշակել, այն կյանքի կոչելու համար պետբյուջեից կհատկացվի 3,5 միլիարդ դրամ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեից մեկ անգամ եւս խոստացան, որ «2005-ին Երեւանը կանցնի շուրջօրյա ջրամատակարարման»: Ըստ կոմիտեի, պատվարների անվտանգ շահագործման ծրագրով կվերանորոգվեն Հայաստանի բոլոր ջրամբարները:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունները մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ չկողմնորոշվեցին, թե եկող տարի ինչ խնդիրներ են լուծելու:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կառավարության հետ համատեղ աշխատում է օրենսդրական բարեփոխումների փաթեթի վրա: Հանձնաժողովը կարծում է, որ 2005-ին դա ընդունվելու պարագայում հնարավորություն կունենան առավել արդյունավետ մեխանիզմներ կիրառել շուկայի կարգավորման համար: Օրինակ, եթե այժմ հանձնաժողովի նշանակած տուգանքները հատկապես խոշոր տնտեսվարողների համար խորհրդանշական են, ապա այդ բարեփոխումների արդյունքում տուգանքները կնշանակվեն շրջանառության նկատմամբ, որը նշանակալի կլինի անբարեխիղճ, դիրքը չարաշահող տնտեսվարողների համար: «Դրանից հետո կարծում ենք, հատկապես գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները, որոնց վարքագիծը պոտենցիալ ազդեցություն է ենթադրում մարդկանց վրա, յուրաքանչյուր քայլ անելիս կմտածեն՝ արդյոք անբարեխիղճ չէ՞ շուկայի մյուս մասնակիցների կամ սպառողների նկատմամբ: Այնպես որ, շնորհավորում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկտների Ամանորը, մաղթում ենք, որպեսզի օրենսդրական փոփոխություններից հետո աշխատեն հանձնաժողովի «տիրույթում չհայտնվել»,-փոխանցեցին հանձնաժողովից:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել