Ռուսաստանի
երկրորդ մայրաքաղաքի ժողովուրդը պարզ է, հյուրասեր ու լավատես Եթե համեմատել
երկու մայրաքաղաքներ՝ Մոսկվան եւ Սանկտ-Պետերբուրգը, ապա միանշանակ կարելի է ասել,
որ վերջինս հաղթում է բոլոր հարցերում՝ այն շատ ավելի հյուրասեր է, գեղեցիկ՝ ճարտարապետական
տեսակետից, այնտեղ նույնիսկ մարդիկ եւ նրանց լեզուն են ուրիշ. ամեն երկրորդ բառը
«ոսՌվ»-ը եւ «ՒՌչվ’»-ն չեն: Եթե Սանկտ-Պետերբուրգի բնակիչը քեզ փողոցում հանկարծակի
հրի, անպայման ներողություն կխնդրի, իսկ Մոսկվայում կհրեն, վրայովդ կքայլեն, վերջում
էլ կդիմեն «Ձօ փպ, ոսՌվ, րՏՉրպՎ ՏւՐպվպս?!» հռետորական հարցով: Հետաքրքիրն
այն է, որ գրեթե բոլոր մոսկվացիները ձգտում են այցելել Սանկտ-Պետերբուրգ, իսկ հակառակը՝
ոչ: Հյուսիսային մայրաքաղաքի բնակիչները շատ են սիրում, գնահատում եւ փորձում պահպանել
իրենց քաղաքը: Նույնիսկ քաղաքի մաքրությանն են ավելի լավ հետեւում այնտեղ, քան Մոսկվայում:
Սանկտ-Պետերբուրգը հարուստ քաղաք է: Մինչդեռ մենք բողոքում ենք, որ Հայաստանի
մեծահարուստները առանձնատներ եւ դղյակներ են կառուցում (ի դեպ, այնտեղի մեծահարուստների
թվում կան բազմաթիվ հայեր), Պետերբուրգում ամբողջ շենքեր եւ փողոցներ են վաճառվում:
Իսկ այն փողոցները, որոնք «տիրություն անող» չունեն, չեն փոխել իրենց հին, սովետական
անվանումները՝ Սոցիալիստական փողոց, Պրավդայի փողոց (խոսքը «Պրավդա» թերթի մասին
է): Օրինակ, կար Սանկտ-Պետերբուրգում Չայկովսկու փողոց՝ դա ոչ թե Պյոտր Իլյիչի, այլ
ինչ-որ հեղափոխականի ազգանուն է: Այժմ փողոցը չի փոխել իր անվանումը, եւ շատ քչերը
գիտեն, որ իրականում փողոցը կոմպոզիտորի անունը չի կրում: Փողոցի անուն փոխելը պետության
վրա թանկ է նստում: Կենտրոնին հարող փողոցների շենքերում տարածքների գները տատանվում
են քառակուսի մետրի համար 1500-3000 դոլարի սահմաններում: Այն անհատները, որոնք ամբողջ
շենք են գնել, սակայն վերանորոգելու եւ եվրոպական ստանդարտների մոտեցնելու հնարավորություն
չունեն, պարզապես վարձով են տալիս կառույցների պատերը խոշոր կազմակերպությունների՝
ամբողջ պատի չափսով գովազգային վահանակներ փակցնելու համար: Եթե
մեզ մոտ օրենք կա այն մասին, որ օղու գովազդներում՝ հեռուստատեսությամբ շիշը ցույց
տալ չի կարելի, ապա Ռուսաստանում արգելվում է ընդհանրապես օղի գովազդել: Հայերը սկսեցին
շշի ուրվագիծ գովազդել, իսկ ռուսներն այլ ելք են գտել: Օղի արտադրող ամենախոշոր կազմակերպությունները
ալկոհոլի հետ կապ չունեցող ապրանք են արտադրում եւ գովազդում՝ թույլ չտալով, որ իրենց
անունը մոռացվի: Օրինակ, «Ծ’չՍՏՉ»-ը նույն անունով ամսագիր է գովազդում, «ՂսՈչՎՈվ»-ը՝
կոնֆետ եւ այլն: Իսկ գարեջրին դա չի վերաբերում՝ ամեն երկրորդ գովազդային
հոլովակը գարեջրինն է: Եվ երիտասարդները, որքան էլ դժգոհություն հայտնի ավագ սերունդը,
շատ են այն սիրում: Նրանք գարեջուր են խմում ամենուրեք, նույնիսկ փողոցով քայլելիս:
Գարեջրի տեսականին Պետերբուրգում շատ լայն է, սակայն կան խանութներ, որտեղ հայկական
գարեջուր է վաճառվում եւ սպառվում է ոչ միայն հայերի կողմից: Իսկ հայկական դրամի
հանդեպ վերաբերմունքն այլ է: Փոխարժեքի նույնիսկ այն կետերում, որտեղ թվում է, թե
փոխանակում են աշխարհի բոլոր ազգերի դրամը, հայկական դրամի մասին չեն էլ լսել: Սանկտ-Պետերբուրգում
քաղաքի կենտրոնում արգելված չէ խաղատներ բացել: Կար ժամանակաշրջան, երբ խաղային ապարատները
նույնիսկ գաստրոնոմներում էին տեղակայված: Սակայն դա խանգարում էր անցուդարձին, եւ
այժմ խաղալ կարելի է միայն խաղատներում, որոնք ամեն քայլափոխի կան: Ինչը չի կարելի
ասել բենզալցակայանների մասին: Քաղաքի կենտրոնում եւ, ընդհանրապես, ժողովրդի կուտակման
վայրերում երբեւէ չես հանդիպի բենզալցակայանների (էլ չեմ ասում, թե ինչ տուգանքի
կենթարկվեր այն հանդուգնը, որ փորձեր հակաժանտախտային կայանի մոտ նման բան տեղադրել):
Սանկտ-Պետերբուրգը
հարուստ քաղաք է, եւ կյանքն այնտեղ Երեւանից էլ թանկ է: Սակայն կենցաղային հողի վրա
ժողովրդի «յանը չի տանում»: Փողոցում կարող ես մտահոգված, հոգնած մարդկանց տեսնել:
Սակայն այս ժողովուրդը, ի տարբերություն ոմանց, «մուննաթ» գալու սովորություն չունի:
Ռուս ժողովուրդը միշտ կարող է մի կողմ դնել իր դարդն ու ցավը եւ ի սրտե ուրախանալ:
Իհարկե, բոլորիս հայտնի է, որ Ռուսաստանում դա մեծ մասամբ ծայրահեղության է հասնում՝
հարբեցողության: Այնուամենայնիվ, ժողովուրդը երբեք չի կորցնում հումորի զգացումը:
Երթուղային տաքսիների պատերին ժողովրդին ուղղված կոչերը միշտ կարող են տրամադրություն
բարձրացնել: Օրինակ՝ «Միմյանց հետ ցածրաձայն զրուցեք. վարորդը խուլ չէ»: Եվ նույն
երթուղայինի մեջ հաջորդ կոչը. «Կանգառի մասին բարձրաձայն զգուշացրեք: Միեւնույն է՝
ձեր կանգառն անցնելուց հետո աննորմալի պես բղավելու եք»: Երթուղայինների ուղեվարձը
7-20 ռուբլի է: Այնպես, ինչպես մեր քաղաքում են մեքենա վարում, չեն վարում
նույնիսկ Մոսկվայում: Կան, իհարկե, «հաբրգած» վարորդներ, բայց Պետերբուրգում անգամ
ամենահարուստ «պապայի բալան» իրեն երբեք թույլ չի տա «վստրեչնի» քշել: Հետիոտներն
էլ են կարգապահ՝ կանգնում եւ համբերատար սպասում են կանաչ լույսի: Նաեւ շատ է զարմացնում
սովետական ժամանակներից մնացած, բայց շատ օգտակար սովորություն. երբ խանութում կամ
ցանկացած վայրում, որտեղ երեք հոգուց ավելի է կուտակվում՝ միանգամից հերթ է գոյանում:
Ջեռուցման մասին խոսելն, ինձ թվում է՝ ավելորդ է: Ջեռուցվում են ոչ միայն
բնակարանները, այլ՝ խանութները, թատրոնները, թանգարանները, պոլիկլինիկաները: Մի անգամ,
երբ տեխնիկական պատճառներով անջատվել էր ջեռուցումը, շենքի կանայք գնացել էին ԻնԽ
եւ այնտեղի գլխավորին բերել կանգնեցրել էին իրենց շենքի մուտքում, որ նա զգա՝ ինչքան
ցուրտ է: Փախչելու հնարավորություն այս խեղճը չուներ, քանի որ կանայք նրան «ցեպիտ»
էին արել: Բջջային հեռախոսակապին անդրադառնալը եւ մերի հետ համեմատելը իմաստ
չունի: Քանի որ Ռուսաստանում միայն բջջային հեռախոսակապ ապահովող օպերատորները մեկը
կամ երկուսը չեն: Easy քարտի մասին այնտեղ ընդհանրապես գաղափար չունեն, իսկ Sim քարտն
արժե 5 դոլար, որը գնելիս իր մեջ արդեն 5 դոլարի խոսելաժամանակ է ունենում: Իսկ խոսելու
մեկ րոպեի վարձը կազմում է ամենաշատը՝ 20 ցենտ: Սակայն այնտեղի կապն իր տարօրինակություններն
ունի, օրինակ՝ կան օպերատորներ, որոնցից օգտվելիս միջազգային մտնող զանգի դեպքում
վճարում է նաեւ զանգ ընդունողը: Նույն իրավիճակն է տարբեր օպերատորներից օգտվելու
կամ քաղաքային հեռախոսից բջջային զանգելու դեպքում: Հայերն այնտեղ շատ-շատ
են: Սակայն անգործ հայեր այստեղ չկան. անբան մարդն այստեղ սովից կմահանա: Շատ են
ակտիվ եւ Հայաստանի համար օգտակար գործունեությամբ զբաղվող հայերը: Օրինակ, աչք է
շոյում քաղաքի կենտրոնում՝ Նեւսկի պողոտայում, գտնվող Սուրբ Կատարինե եկեղեցին, որն
անչափ գեղեցիկ է: Հայ համայնքը Սանկտ-Պետերբուրգում շատ հզոր է ու քաղաքում քաշ ու
հարգանք ունի: Այս եկեղեցու մոտով անցնելիս շատ էի կարոտում Հայաստանս: Իսկ
երբ Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա մեկնող գնացքի մեջ նստած մի ճապոնացու notebook-ից հնչեց
ճապոնական «ռաբիսը», ես հասկացա, թե որքան եմ սիրում մեր ազգային Հովոյին, Թաթուլին
եւ Աֆոնին: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ