Ճամփորդական
էսսե (կրճատ տարբերակ) «Ես առաջ չգիտեի ուրիշ հայեր էլ կան… կարծում էի՝
դե մեր մոտի հայերն են…»։ «Մեր մոտի հայերը» Թուրքիայում մնացած հայերն էին։ Իսկ
ուրիշ հայը տվյալ պահին ես էի։ Սեւեռուն՝ ինչքան թույլ էր տալիս թուրքական քաղաքավարությունը,
Լաթիֆեի աչքերը նայում էին ինձ՝ շրջանակված գլխաշորի ոսկեգույն մետաքսով ու բնակարանի
հանդիսավորությամբ։ Դեռ Վանը չէի տեսել։ Դեռ Սվազի հայկական թաղամասը չէինք
փնտրել։ Աթաթուրքի դամբարան հաջորդ օրն էինք գնալու… Պարադոքս ա՝ իսլամամետ կուսակցությունը
իշխանության գլուխ լինելով, իսլամականներն իրանց դեռ ընդդիմություն են զգում։ Ընդդիմություն՝
կապուտաչյա Մուստաֆային, որ հեռավոր 38-ին մահացավ լյարդի ցիրոզից։ Բայց ոնց որ թե՝
էնքան էլ մահացած չի։ «Բանակում ամեն օր ներկա՟բացակա անելիս կարդում են իրա անունը.
Հաքան։ Ներկա։ Զեքի։ Ներկա։ Յունուս։ Ներկա։ … Մուստաֆա Քեմալ։ Ներկա՜~(բոլորը
միասին)»։ Էս Աբդուլա՞ն էր պատմում, թե՞ Թահիրը։ Երեւի Աբդուլան, Թահիրն ընդհանրապես
ավելի շատ լռում էր։ Էդ լռությունը նշանակում էր՝ է՜, այսինքն թե, իրա սիրած բառով՝
«ուշ ա»։ Թահիրը թուրք գրականության դասախոս էր։ Նահանգների համալսարաններից մեկում
ուսումը շարունակելուց հետո վերադարձել՝ տեսել էր իրա երկիրը ինչ-որ սխալ ա սարքած։
«Մեզ Եվրամիություն կթողնե՞ն։ Չեն թողնի։ Բա որ չէին թողնելու, բա որ տեղ չէինք հասնելու՝
ինչի՞ մեզ էս ճամփան հանեց։ Ճանապարհին էլ՝ էնքան բան ջարդեց- փշրեց, որ հետ դառնալ
չի լինի։ Ուշ ա»: Եթե էդ օրը կարողանայինք Վանի տոմս առնել, երեւի «ջարդող՟փշրողի»
դամբարան գնալու ժամանակ չմնար։ Երբ դամբարան-թանգարանի առաջին հատվածից հայտնվեցի
երկրորդ հատվածում՝ թնդանոթները կրակում էին, արկերը պայթում էին, զինվորները երգը
շուրթերին մեռնում էին, ու էդ ամեն ինչը՝ ձախ պատի երկայնքով փորված փոսում, այնինչ
աջ կողմի պատի վրա… ոճով՝ վավերա՟ռեալիստական, չափերով ու բովանդակությամբ՝ ֆանտաստիկ
մի քարտեզ էր, որի վրա Թուրքիան չկար, ավելի ճիշտ՝ կար, բայց էնքան փոքր, որ անճանաչելի
էր, ու Հայաստանը նույնչափ, բայց հակառակ իմաստով անճանաչելի էր, եւ Հայաստանն ու
Թուրքիան փաստորեն նույնքաշային հարեւաններ էին։ Ու Սվազը համարյա սահմանային քաղաք
էր։ Թանգարանի նախորդ հատվածը սկսվել էր Զուբեյդե խանումի փոքրիկ նկարով, էս մեկը
բացվում էր Սեւրի դաշնագրի հսկայական քարտեզով։ Ասել կուզի՝ Սեւրով, ավելի ճիշտ՝
ընդդեմ Սեւրի սկսվում էր Մուստաֆայի երկրորդ ծնունդը. Զուբեյդե խանումից ու Ալի Ռիզայից
ծնվածը պատերազմի բոցերի միջով փոխակերպվում էր Աթաթուրքի՝ բոլոր զուբեյդեխանումների
ու ալիռիզաների հոր։ Քանի դեռ պատերազմ էր, Մուստաֆան գնում էր առջեւից, թուրք ժողովուրդը՝
հետեւից։ Հետո պատերազմը վերջացավ, սկսվեց բուն հեղափոխությունը։ Հանուն հանրապետության։
«Թուրք ազգի բնավորությանն ու ավանդույթներին ամենից համապատասխան կառավարման համակարգը
հանրապետությունն է»,- Մուստաֆա Քեմալ Աթաթուրք։ Ինչը պահանջվում էր ապացուցել։ Հաջողվե՞ց
Քեմալի հեղափոխությունը։ Ոնց որ թե՝ հաջողվեց, եւ հանրապետությունն էսօր Թուրքիայում
հայտարարություն չի, այլ իրողություն։ Ամեն դեպքում՝ ընտրություններն էս երկրում
վաղուց արդեն ձեւականություն չեն. հենց ընտրություններում հաղթելով էր, որ իսլամամետները
եկան իշխանության՝ հակառակ աշխարհիկացման քեմալյան ուղեգիծը պաշտպանող բանակի կամքի։
Բայց էս վերջին հանգամանքի մեջ զավեշտ կա եւ ծուղակ. եթե բանակի կամքը դադարի որոշիչ
դեր խաղալ ներթուրքական քաղաքական գործընթացներում (ոնց որ վայել ա իսկական հանրապետությանը),
շատ հավանական ա իսլամականները, օգտագործելով ժողովրդավարական մեխանիզմները, խաչ,
ավելի ճիշտ՝ կիսալուսին քաշեն թուրքական հանրապետության վրա՝ վերականգնելով Քեմալի
լուծարած խալիֆաթը։ Եթե գծագրածս տարբերակի մեջ մռայլ չափազանցություն տեսաք, ասեմ,
որ դրա հեղինակը ես չեմ, Մեթինն ա։ Ուրֆայի սարսափելի շոգը իրիկվա կողմ մի
քիչ մեղմացել էր, սրճարանում թեյ էինք խմում, Մեթինը պատմում էր. «Չգիտեմ՝ ինչքան
կդիմանամ էս քաղաքում, ես իրանց նման չեմ, պարզ զգացնել են տալիս, որ օտար եմ: Աղջիկս
էլ էրեխեքի հետ չի կարողանում խաղալ, սովոր չի՝ շատ են կոպիտ»։ Ուրֆայում էդ օրը
մեզ Աբդուլան էր ուղեկցում։ Ավանդությունը Ուրֆան նույնացնում ա Աբրահամի ծննդավայր
Ուրի հետ։ Աբրահամին հարգում են համաշխարհային կրոններից առնվազն երեքը. նրա ծննդյան
քարայրի վրա նախ սինագոգ էր եղել, հետո սինագոգը վերափոխվել էր եկեղեցու, վերջում
եկեղեցին, նորից առանց քանդվելու, վերափոխվել էր մզկիթի։ Մզկիթի կողքին Բալըքլը լճակն
էր՝ լցված սուրբ ձկներով եւ շրջապատված մահմեդական բազմությամբ՝ աշխարհի տարբեր ծագերից։
Ձկները սուրբ էին, որովհետեւ երբ «գոռոզ ու ամբարիշտ բռնակալ Նեմրութը» միաստվածություն
քարոզող Աբրահամին բերդից շպրտել էր, Աստված Աբրահամին փրկելու համար ներքեւում լիճ
էր գոյացրել, քարերը ձկների էին փոխվել, ու հիմա սրանք էդ ձկների սերունդներն էին։
… Իրիկունը զանգեցինք Մեթինին, համոզվեցինք, որ մեզ ա սպասում, գնացինք,
ներս մտանք ու… պարզվեց «էլիտիստի» տանն ենք հայտնվել։ Նախորդ օրը Աբդուլան ասել
էր՝ «մեր քաղաքական դաշտում երկու հիմնական թիմ կա՝ պահպանողականներ ու էլիտիստներ,
մնացածը, եթե նույնիսկ բոլորով հավաքվեն, գոլ խփելու ընդունակ չեն»։ Թուրքիայում
մեր բոլոր հյուրընկալները՝ Թահիրը, Աբդուլան, Իլքերը, պահպանողականներ էին, ու ես
սովորել էի ոչ միայն նրանց կանանց գլխաշորերին, այլեւ բնակարանների դեկորատիվ հանդիսավորությանը,
դրա համար էլ Մեթինի տունը ոչ միայն Աբդուլային անակնկալի բերեց, այլեւ ինձ. իրերի
պարզ գործառականությունն էնքան ակնհայտ էր, որ բնակարանը դառնում էր պրագմատիզմի
մանիֆեստ։ Դրա համար էլ Աբդուլան շտապեց լքել զովության էդ «էլիտար» օազիսը, իսկ
ես հիշեցի Աթաթուրքի թանգարանի նույնքան զով սրահներն ու ի վերջո գտա Քեմալի հեղափոխության
բնորոշումը, որ շարունակ փնտրում էի՝ ազգային-պրագմատիկ հեղափոխություն։ Թուրքիայի
քաղաքների պարտադիր ատրիբուտ՝ Քեմալի զավեշտական արձանները՝ «ձեռքը դեպի ապագան պարզած»,
էնքան են հիշացնում լենինստալինյան հանգուցյալ մոնումենտները, որ ակամա սկսում ես
երկու հեղափոխությունները համեմատել։ Տարբերություններն առանցքային են։ Լենինի իդեա-ֆիքսը
սոցիալական էր, Քեմալինը՝ ազգային։ Լենինի հեղափոխությունը ռոմանտիկ-ուտոպիստական
էր, Քեմալինը՝ պրագմատիկ: Լենինը մի բան էր որոշել կառուցել, որ աշխարհում երբեք
չէր եղել, այնինչ Քեմալի կառուցածն ընդամենը ազգային պետություն էր։ Թուրքական Հանրապետությունն
իր քաղաքացիական օրենսգիրքը փոխ առավ Շվեյցարիայից, քրեականը՝ Իտալիայից, գործարար
կյանքին վերաբերող օրենքները՝ Գերմանիայից։ Բայց որպեսզի նորը գործեր, պետք էր հինը
շպրտել։ Ու Քեմալը որոշեց շպրտել իսլամը։ Հակաիսլամական կոչեր Քեմալը չի արել, բայց
գործողությունները ավելի խոսուն էին. լուծարվեց խալիֆաթը, որ իսլամի քաղաքական իշխանությունն
էր խորհրդանշում, վերացվեցին իսլամական դատարաններն ու դպրոցները, թույլատրվեց ալկոհոլի
ազատ վաճառքը, կանանց արգելվեց գլխաշոր կապել, տղամարդկանց՝ ֆես դնել։ Զուր չի, որ
իսլամականները Քեմալի արածը բնութագրում են «ջիհադ ընդդեմ իսլամի»։ Քեմալը
Եվրոպայում էր ծնվել, բայց նրա ծննդավայր Սալոնիկը Թուրքական Հանրապետության սահմաններից
դուրս մնաց, ինչպես որ Օսմանյան կայսրության եվրոպական տիրույթների մեծ մասը։ Բայց
էլ ի՜նչ հեղափոխական, եթե պատմությանը հաղթել չկարողանար. եթե հնարավոր չէր փոխել
երկրի սահմանները, պետք էր փոխել Եվրոպայի սահմանները, ու Քեմալը որոշել էր Անատոլիան
դարձնել եվրոպական տարածք։ Իսլամը խանգարում էր։ Բայց Քեմալի հակաիսլամականությունը
մենակ նրա եվրոպամետությունից չէր գալիս, կար մեկ ուրիշ կարեւոր հանգամանք։ Մուսուլմանը
պարտավոր ա իրան զգալ համաշխարհային մուսուլմանական համայնքի՝ ումմայի անդամ, հետո
միայն՝ էս կամ էն ազգի միավոր։ Էս իմաստով՝ իսլամը հակաազգայնական բնույթ ունի։ Իսկ
Քեմալը ազգայնական էր։ Ու թեեւ նրա մղած բոլոր պատերազմները քրիստոնյա պետությունների
դեմ էին, նրա պատերազմական կոչերում երբեք ոչ մի բառ չկա հանուն հավատի մարտնչելու
մասին։ «Թուրք ազգը, որ կարողացավ պաշտպանել իր հայրենիքն ու ազատությունը,
պետք է ազատագրի նաեւ իր լեզուն՝ օտար լեզուների լծից»։ Սրանով սկսվեց Քեմալի նշանավոր
լեզվական ռեֆորմը։ Փոքրիկ մեջբերում Աթաթուրքի կենսագրականից. «1928 թ. երբ նա որոշեց,
որ մի ողջ հազարամյակ թուրքերի կողմից օգտագործված արաբական գիրը պետք է փոխարինվի
լատինականով, հարցրեց մասնագետներին, թե դա որքան կտեւի։ Ասացին. «Առնվազն 5 տարի»։
«Մենք դա կանենք 5 ամսում»,- ասեց Աթաթուրքը»։ Ասեց ու արեց։ Բայց օտար լեզուների
լծից ազատագրվելու համար մենակ արաբական գրից հրաժարվելը բավարար չէր թվում: Հետեւողականությամբ
դեն շպրտվեցին արաբականի ու պարսկականի բոլոր հետքերը՝ բառերը, հնչյունները, քերականական
ձեւերը։ Նորից մեջբերում. «20-ականներին գրավոր թուրքերենում արաբերեն, պարսկերեն
ու ֆրանսերեն բառերը կազմում էին 80%, 80-ականների սկզբին դրանք նվազել-հասել էին
10%-ի»։ Լեզվից քիչ թե շատ հասկացողը կասի, որ եթե 60 տարում լեզվից դեն ես շպրտում
70%-ը, կատարվածն արդեն ռեֆորմ չի, այլ ցունամի, իսկ լեզուն, որի վրայով ցունամի
ա անցել, նորմալ գործել չի կարող։ Թահիրը տխուր-տխուր բացատրում էր՝ «Հիմա թուրքերենով
մտքերդ կարգին արտահայտել չես կարողանում, փիլիսոփայական տեքստ թարգմանելը անհնար
ա, նույնիսկ պատմական բնույթի գրականություն թարգմանելիս դժվարությունների առաջ ես
կանգնում»։ Քեմալի արածն իրականում բետոնե պատ ա՝ թուրքի ու իրա անցյալի, թուրքի
եւ մուսուլմանական աշխարհի միջեւ։ Պատը 1928-ից ա բարձրանում, դրանից առաջ գրված
ցանկացած գրություն էսօրվա թուրքի համար չինարեն ա. նայում ա, ասենք, 1925 թ. իրա
պապի գրած նամակին՝ չի հասկանում ոչինչ, եթե սովորի արաբերեն տառերը, մեկ ա, չի հասկանալու
բառերը, եթե բառերը նայի բառարանում՝ չի հասկանալու բառերն իրար կապելու ձեւերը,
որովհետեւ փոխված են։ Բետոնե պատը բարձրացվում էր, որ Թուրքիան, մեջքն էդ պատին հենելով,
նայի դեպի Եվրոպա՝ ոնց որ հավասարը հավասարին։ Բայց հենց հավասարը հավասարին հայացքն
ա, որ չի ստացվում։ Իմ հանդիպած բոլոր թուրքերը իրանց երկրի՝ ԵՄ մտնելու հարցը ձեւակերպում
էին. «Մեզ կթողնե՞ն Եվրամիություն»։ Կմտնի՞ Թուրքիան ԵՄ։ Իմ պատուհանից երեւում ա
Արաքսը։ Արաքսից էն կողմ փռված տարածքներին ես էս ամառ հակառակ կողմից մոտեցա, որովհետեւ
Արաքսով անցնող սահմանը դեռ Եվրամիության ու Հայաստանի սահման չի դարձել ու փակ ա։
Պատկերացնելով էդ տարածքները ԵՄ կազմում՝ ֆանտաստիկ զգացողություն ես ունենում. հազարամյակը
ճիշտ որ փոխվել ա… Անկարայից Վան թռանք ինքնաթիռով, ու Վանում հայտնվեցի
միանգամից։ Որ Վանում հիմա քրդեր են ապրում՝ գիտեի։ Որ հին քաղաքը չկա՝ գիտեի։ Բայց
երբ որ տեսա, պարզվեց՝ ոչ մի բան էլ չգիտեի, որովհետեւ քրդերի Ներկայությունն ու
հին քաղաքի Բացակայությունը մի բան էր, որ նախօրոք անհնար էր պատկերացնել։
Քրդերը քաղցրախոս են։ Նույնիսկ երբ անգլերեն են խոսում, բառերը թաթախում են շարբաթի
մեջ։ Շարբաթը կաթում ա վրադ ու զգուշացնում, որ թատրոն ա, ուղղակի չհասկանաս։ «Որտեղի՞ց
եք»: «Հայաստանից»։ «Բարո՜վ էկաք, ձեր տունն եք էկել, ձեզ ամենալավ սենյակս տամ՝
թագավորական համար ա»։ Թագավորական համարը սովետական հանրակացարանների սենյակներն
ա հիշացնում։ «Ավելի լավը չունե՞ք»։ «Ունեմ՝ հատուկ հյուրերի համար եմ պահում, հայերիդ
որ չտամ՝ ո՞ւմ տամ»։ Հատուկ հյուրերի համար պահված սենյակը ճիշտ նախորդ սենյակից
ա, բայց կեղտոտ… Վանում մինչեւ խելքը գլխին հյուրանոց գտանք՝ օրը կիսվեց:
Բերդ գնալիս՝ արդեն իրիկուն էր դառնում։ «Քանի մութը չի ընկել, գնանք հին քաղաքի
ավերակները տեսնենք»՝ ասեցի Վիգենին, ինքը նախորդ տարի Վանում եղել էր, ասեց՝ «Ո՞ւր
գնանք, ցած նայի՝ տես»։ Ես ցած նայել էի, բայց չէի հասկացել, որ տեսնում եմ, որովհետեւ
ցածում էնքան էլ ավերակներ չէին. աջում կապույտ լիճն էր, ձախում, բերդի ուղիղ ոտքերի
տակ, քաղաքի բացակայությունն էր՝ կանա՜չ խոտհարք։ Հիշեցի Լաթիֆեի խոսքերն ու հանկարծ
պատկերացրի Հայաստանի բացակայությունը՝ Վանից մինչեւ Սեւան՝ կանա՜չ խոտհարք… Բայց
Հայաստանը կար, եթե լավ հեռադիտակ ունենայի՝ Երեւանը Վանի բերդից երեւալու էր…
… Մեթինի հետ մեքենայով գնում էինք Դիարբեքիր, հարցրի՝ էս տարածքներում
ի՞նչ տնտեսություն ա, ասեց՝ ֆեոդալիզմ։ Մի երկու րոպե լուռ էինք, մեկ էլ Մեթինն ասեց՝
«Ես կուզեի մեր կողմերում նորից հայեր ապրեին»։ Ես բան չասեցի։ Թուրքիա կատարած
ճամփորդությունս՝ Երեւան-Ստամբուլ-Սամսուն-Թոքատ-Ամասիա-Սվազ-Անկարա-Վան-Դատվան-Մարդին-Ուրֆա-Դիարբեքիր-Ստամբուլ-Երեւան
խելքից դուրս երթուղով՝ չորս ամիս առաջ էր, ես չորս ամիս փորձում եմ ներսիս անբառ
տարածությունից դեպի դուրս՝ կազմակերպված բառային տարածություն տեղափոխել էդ ճամփորդության
տպավորությունն ու չեմ կարողանում հասնել ամենակարեւորին։ Բայց ոնց որ թե հասա։ Թուրքիայում
շրջում ա համառ մի ուրվական՝ հայոց ոսկիների առասպելը։ Հենց հայ են տեսնում, մտածում
են՝ էկել ա գանձերը հանելու։ Հայերի մասին խոսակցությունը ոնց սկսվի, գալիս հասնում
ա ոսկիներին։ Ես էդ ոսկիների մասին լսելիս ահավոր նյարդային էի դառնում։ Պատճառը
ահագին ուշ հասկացա։ Դիարբեքիրում էինք, տաքսու մեջ, Վիգենի թուրքերեն զրույցը վարորդի
հետ ահագին երկարել էր, հարցրի՝ ոսկիներին չհասա՞ք, Վիգենն ասեց՝ Հայաստանից ենք
խոսում, ասում եմ Հայաստանը աղքատ երկիր ա՝ չի հավատում։ Դիարբեքիրը մեծ ու աղքատ
քաղաք ա։ Մարդիկ՝ հուսահատ ու ագրեսիվ, օդում՝ լարվածություն։ Ոնց որ Երեւանում։
Բնակիչները հիմնականում քրդեր են։ Շատ են, համարյա էնքան, ինչքան որ մարդ ա մնացել
Հայաստանում։ Դիարբեքիրից որ նայում ես Հայաստանի կողմը, պարզ տեսնում ես՝ ինչքան
հայ ա մնացել Հայաստանում, էդքանն ա Հայաստանը։ Ու որովհետեւ քիչ են՝ ամեն մարդ հաշիվ
ա՝ հազար ոսկի։ Ու որովհետեւ ամեն մարդ հազար ոսկի ա՝ դրանց գումարն ա Հայաստանի
Հանրապետությունը ու չի կարող աղքատ լինել։ Բայց աղքատ ա։ Որովհետեւ տրամաբանությունն
ուրիշ բան ա, իրականությունն՝ ուրիշ։ Որովհետեւ մարդը Հայաստանում հաշիվ չի, ու Հայաստանի
Հանրապետությունն իրականում ոչ մի հանրապետություն էլ չի։ Ես գնացել էի, որ
Թուրքիան տեսնեմ, Թուրքիան կար, ու ես Թուրքիան տեսա։ Ես գնացել էի, որ տեսնեմ հայոց
առաջին մայրաքաղաքը, բայց տեսա դրա Բացակայությունը։ Ու երբ հայկական Վանի բացակայության
եւ քրդերի ներկայության միջով նայում էի Երեւանին, տեսա, որ Հայաստանը կար, բայց
օր առ օր ու ժամ առ ժամ փոքրանում էր։ ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԷսսեի
ամբողջական տարբերակը կարդացեք www.hetq.am կայքում։