Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան – 2020

Դեկտեմբեր 25,2004 00:00

Քանի որ ծրագրի շրջանակներում հրապարակումների մրցույթ է հայտարարվել, ուզում եմ իմ համեստ լուման ներդնել այդ ֆուտուրիստական ձեռնարկին՝ չհավակնելով, բնականաբար, մրցույթի հաղթողի դափնիներին: Եվ այսպես.

Պաշտոնական հաղորդագրություններ

– Երեկ պետական այցով Հայաստան է ժամանել «Միացյալ Ռուսաստան» կուսակցության Ռոստովի շրջկոմի 3-րդ քարտուղար Բուրլակ Կրիվոշեինը: «Զվարթնոց» օդակայանում բարձր հյուրին դիմավորում էին Հայաստանի իշխող՝ Հակաարվամոլական ազգային միության նախագահ Արմեն Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը ընկեր Կրիվոշեինը հանդիպեց ՀՀ նախագահի, արտգործնախարարի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, որը հյուրին պարգեւատրեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Օրվա երկրորդ կեսին ընկեր Կրիվոշեինը այցելեց ՌԴ Արմավիրի միջուկային պոլիգոնը, ինչպես նաեւ հայ-թուրքական եւ հայ-իրանական ռազմաճակատները: «Հայաստան կոչվող այս տարածքը միակն է մնացել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի թշնամական շրջապատում, որը հավատարմություն է պահպանել իր դարավոր դաշնակցին»,- այցի ավարտին լրագրողներին ասաց ընկեր Կրիվոշեինը: Իր հերթին ԱԳ նախարար Արամ Գասպարի Սարգսյանը փաստեց, որ նման բարձր մակարդակով միջազգային շփումները ի չիք են դարձնում այն պնդումները, թե իբր Հայաստանը գտնվում է մեկուսացած վիճակում: Որպես բարի կամքի դրսեւորում՝ հայտնի գործարար Լեւոն Սարգսյանը բարձր հյուրին Ռոստով հասցրեց իր սեփական տիեզերանավով:

– Լուրջ դրական տեղաշարժեր են արձանագրվում սոցիալական ոլորտում: Ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, հաջորդ տարի ուսուցիչների միջին աշխատավարձը կազմելու է 76,5 դոլարին համարժեք դրամ: Նախարարությունը հայտնում է, որ դա հաջողվեց անել ճիշտ ներդրումային քաղաքականության եւ հստակ հարկային վարչարարության շնորհիվ:

– Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի 6-րդ անգամ առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում: Նման որոշում է ընդունվել ՍԴ 7 ժամ տեւած դռնփակ նիստում: Որպես որոշման հիմք ընդունվել է Սահմանադրության 14-րդ (փոփոխված) տարբերակի 7-րդ հոդվածի 35-րդ կետը («եթե մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը որեւէ քաղաքական գործիչ ցանկություն չի ունենում առաջադրվել նախագահի պաշտոնում, ապա գործող նախագահը կրկին ստանում է առաջադրվելու իրավունք»): «Քանի ՀՀ ոչ մի քաղաքացի նախագահ դառնալու հայտ չի ներկայացրել, մենք ընդունեցինք այս՝ միանգամայն իրավական որոշումը»,- մեկնաբանեց Գ. Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջին սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին 2019-ի հանրաքվեի ժամանակ՝ փոփոխություններին «կողմ» քվեարկեց ՀՀ քաղաքացիների 106,7 տոկոսը:

– Հերթական հյուրախաղերից վերադարձավ Մայր թատրոնը: Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի, սունդուկյանցիները Պարագվայի մի շարք գյուղատնտեսական ավաններում շռնդալից հաջողությամբ ներկայացրին Շանթի «Հին աստվածները» եւ Ռ. Շառոյանի «Իշուկ-գոմշուկը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031