Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ԾԱՓԱՀԱՐՈՒՄ Է ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Դեկտեմբեր 25,2004 00:00

Խորհրդարանը
երեկ ամբողջությամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին օրինագիծը: Պատգամավորներին հայտարարությունների համար այսուհետ
տրամադրվելու է ոչ թե 30 րոպե, այլ 1 ժամ: ԱԺ նիստերին պատգամավորների մասնակցության
եւ անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրվելու են ԱԺ ինտերնետային կայքում:
Կանոնակարգվել է քաղաքական բոյկոտի հարցը՝ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը
ԱԺ նիստում պիտի հանդես գան տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին
հայտարարությամբ: Բայց այդ հրաժարումը հարգելի է համարվում ԱԺ տվյալ գումարման միայն
մեկ նստաշրջանում: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը
երեկ ներկայացնելով այս օրինագիծը՝ դժգոհեց, թե այն շատ ավելի բարդ էր, քան անգամ
մեծ օրենսգրքերում կատարվող փոփոխությունները՝ շատ դժվար էր փոխհամաձայնության գալը,
քանի որ կարծիքները բազմաթիվ էին: Ուստի գործընթացը տեւեց 3-4 ամիս: Առանձնացրեց
առաջին ընթերցումից հետո կատարված մի էական փոփոխություն. «Հանվել է այն դրույթը,
որը խիստ քննադատության ենթարկվեց «Ժողպատգամավորի» եւ մի շարք այլ պատգամավորների
կողմից: Դրանով առաջարկվում էր մեկ նստաշրջանի ընթացքում 1/3-ից ավելին անհարգելի
բացակայելու դեպքում պատգամավորին զրկել պատվիրակությունների կազմում ընդգրկվելուց»:
Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, թե ՄԱԿ խմբակցությունը 100-ից ավելի առաջարկներ է ներկայացրել,
որոնցից ընդունել են միայն 27-ը: Հայտնեց նաեւ, որ կառավարությունը կարծիք է ներկայացրել
ՄԱԿ-ի առաջարկած փոփոխությունների վերաբերյալ եւ գրեթե ամբողջապես մերժել դրանք:
Քննարկման ընթացքում կարճատեւ «փոխհրաձգություն» տեղի ունեցավ ՄԱԿ-ի եւ ԱԺ
պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի միջեւ: Բայց մինչ այդ՝ Հմայակ Հովհաննիսյանը
քննադատեց ԱԺ կանոնակարգի այն փոփոխությունը, ըստ որի՝ նիստերը գումարվելու են 3
շաբաթը մեկ: Ըստ նրա՝ միտում կա Ազգային ժողովը դարձնել Գերագույն Սովետ, որն օրենքներ
դակելու էր հավաքվում տարին մեկ: Քննադատեց նաեւ բոյկոտի իրավունքը սահմանափակելու
նախաձեռնությունը. «Ստացվում է, որ մարդիկ կարող են իրենց ստորագրությունները դնել՝
արտահերթ նստաշրջան հրավիրել, հետո չհարգել իրենց ստորագրությունները եւ չներկայանալ
նիստին, ու դրա համար չի նախատեսվում որեւէ գործընթաց, բայց նախատեսում է մեկ նստաշրջանով
սահմանափակել քաղաքական ուժի իրավունքը՝ բոյկոտել ԱԺ աշխատանքները ելնելով գաղափարական
նկատառումներից»: Ռաֆիկ Պետրոսյանն ի պատասխան ասաց, թե ոչ մի պետությունում չի թույլատրվում
բոյկոտել մեկ նստաշրջանից ավելին. «Եվ դա չի նշանակում, որ պատգամավորներն էլ իրավունք
չունեն բացակայել մյուս նստաշրջանից կամ բոյկոտել՝ ամեն անգամ այդ մասին հայտարարելով
ԱԺ նիստում: Բայց ոչ կեսից ավելին»: ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր
Ղոնջեյանը ելույթում հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին ԱԺ կանոնակարգի 160 փոփոխություններով
սեփական փաթեթ, սակայն քանի որ «սրընթաց առաջ էր մղվում» կոալիցիայի նախաձեռնությունը՝
«ՄԱԿ խմբակցությունը դրսեւորեց բարի կամք եւ առաջարկեց մեր նախագիծն ամբողջովին դիտարկել
որպես առաջարկություն 1-ին ընթերցում անցած նախագծի նկատմամբ»: Ըստ պրն Ղոնջեյանի,
ինքը ստիպված է փաստել. «Այն սկզբունքային հարցերի, որոնք մենք կարեւորում ենք, լուծմանն
ուղղված մեր առաջարկները, ցավոք, անտեսվել են»: Եվ մեջբերեց մի քանի օրինակներ, որոնցից
ամենակարեւորն էր. «Հայաստանի գործող Սահմանադրությունն ուղղակիորեն պարտադրում է,
որ Ազգային ժողովը լիագումար նիստեր հրավիրի յուրաքանչյուր շաբաթ»: ՄԱԿ խմբակցության
ներկայացուցիչը նույնպես նշեց, թե այս նախաձեռնությամբ՝ «ըստ էության, ոտնահարվում
են քաղաքական ընդդիմության ավանդական զինանոցից օգտվելու հնարավորությունները, մասնավորապես՝
քվեարկությանը չմասնակցելը: Եվ պարզ է դառնում, որ նախագիծն այս տեսքով ընդունվելու
եւ կիրառվելու դեպքում խորհրդարանը որպես քաղաքական ու ներկայացուցչական մարմին՝
որոշակիորեն կդիմազրկվի, կնեղացվի հրապարակայնությունը, երկխոսության եւ քաղաքական
բազմակարծության դաշտը»: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն այս
ամենին միայն հակադարձեց, թե ՄԱԿ-ի հետ պայմանավորվել էին, որ իրենց ներկայացրած
առաջարկներից «որ մասը որ մենք կընդունենք՝ կընդունենք, որը չենք ընդունի՝ իրենք,
իհարկե, իրավունք ունեն առանձին օրինագիծ դնելու շրջանառության մեջ: Եվ այս դեպքում
ստացվում է խոստմնազանցություն»: Մեղադրանքին ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ
խմբակցության այլ անդամները հակադարձեցին ծափահարություններով: Իսկ Գրիգոր Ղոնջեյանը
պահանջեց Ռաֆիկ Պետրոսյանից. «Կոռե՛կտ եղեք գնահատականներում»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել