Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՇԱՐՆ

Դեկտեմբեր 24,2004 00:00

ՄՐՑԱՇԱՐՆ ՍՏԱՑՎԵՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ Երեկ ավարտվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային ինտերնետային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Չինաստանի հավաքականները: Եզրափակիչ՝ 6-րդ տուրում, Հայաստանի թիմը, կրելով հերթական պարտությունը Ֆրանսիայից (1,5:2,5)՝ 8 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Իսկ հաղթող դարձավ եւ $20 հազար դրամական մրցանակը շահեց 14 միավորով միանձնյա հաղթող ճանաչված Չինաստանի հավաքականը, որը 2:2 խաղաց ռուսների հետ: Ֆրանսիան եւ Ռուսաստանը վերջնահաշվարկով վաստակեցին 13-ական միավոր, սակայն մրցաշարում ավելի շատ հաղթանակ տանելու համար 2-րդ տեղը եւ $15 հազարը շնորհվեց Եվրոպայի ներկայացուցիչներին: Մեր շախմատիստները խաղում էին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Նրանց մրցելույթին հետեւում էին մարզական լրագրողները, շախմատի ֆեդերացիայի մի քանի ղեկավարներ, շախմատասերներ: Բայց ափսոս, ներկա չէր ֆեդերացիայի նախագահը՝ ինչպես բացման արարողության ժամանակ էր: Այս անգամ վարչապետի ուղերձ էլ չընթերցվեց: Ինչեւէ, երբ համակարգիչների էկրաններին երեւացին վերջնական արդյունքները եւ մրցաշարը պաշտոնապես համարվեց ավարտված, դրա գլխավոր նախաձեռնողներից «Չեսս» շախմատային ակադեմիայի տնօրեն, Հայաստանում մանկապատանեկան շախմատի վիճակի գծով ՀՇՖ փոխնախագահ եւ պատասխանատու Սմբատ Լպուտյանը, հանրապետության շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը, Չինաստանից որպես մրցավար ժամանած Լին Ֆենգը եւ մրցաշարի գործադիր տնօրեն եւ ինտերնետային սայթի պատասխանատու, ամերիկահայ Արամ Հաջյանը համատեղ փակեցին մրցաշարը, որը նաեւ անցնող տարում մեր մեծ հայրենակցի հիշատակին նվիրված վերջին միջոցառումն էր, ու հանպատրաստից մամուլի ասուլիս անցկացրին: Սմբատ Լպուտյանը ցավով նշեց, որ մեր հավաքականը ցույց չտվեց ակնկալվող արդյունքը: Բայց նա ավելի կարեւորեց մրցաշարի կազմակերպման գաղափարն ու դրա անցկացման մակարդակը, որը նպաստեց շախմատային աշխարհում Հայաստանի հեղինակության ու ճանաչման էլ ավելի բարձրացմանը: Գագիկ Հովհաննիսյանը նույնպես ափսոսանք հայտնեց, որ մեր տղաները զբաղեցրին վերջին տեղը, բայց նաեւ մարզաձեւի սիրահարներին մխիթարեց, որ մրցաշրջան-2004-ը Հայաստանի համար նշանավորվեց մի շարք փայլուն նվաճումներով՝ ինչպես շախմատի համաշխարհային օլիմպիադայում նվաճած երրորդ բրոնզե մեդալով, իր խաղատախտակի առջեւ Ռաֆայել Վահանյանի «ոսկիով», այնպես էլ տարբեր տարիքային խմբերում մեր երիտասարդ ու պատանի շախմատիստների նվաճած չեմպիոնական եւ այլ մեդալներով: Չինացի Լին Ֆենգը խոսեց որպես կազմակերպիչների կողմից ընտրված մրցավար: Նա վստահեցրեց, որ պայքարն անցավ ազնիվ, որ ինքը որեւէ բողոք չի լսել նաեւ մյուս երկրներ գործուղված իր գործընկերներից: Եվ ավելացրեց նաեւ, որ այս մրցաշարով Հայաստանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ շախմատային խոշոր կենտրոն է, եւ որ չինացիներն արդեն լավ գիտեն Հայաստանի տեղը ու թե այս երկիրն իրենից ինչ է ներկայացնում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել