Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԼՈՒԽԸ ՄՏԱՎ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԵՋ»

Դեկտեմբեր 24,2004 00:00

«ԳԼՈՒԽԸ ՄՏԱՎ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԵՋ» Ինչու դաշնակցականները չկառուցեցին սոցիալիզմ, կոմունիստները՝ կոմունիզմ, իսկ ՀՀՇ-ականները՝ ժողովրդավարություն: Վերջին հարյուր տարիների ընթացքում ունեցել ենք երեք հանրապետություն եւ ըստ այդմ՝ երեք գաղափարախոսություն: Առաջին հանրապետության հիմքում ընկած էր Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) սոցիալիզմի գաղափարախոսությունը, այն էլ՝ ազգային թեքումով: Երկրորդ հանրապետությունը առաջնորդվեց կոմունիստական կամ ինտերնացիոնալ գաղափարախոսությամբ, ինչը պայմանավորված էր կայսրության մեջ լինելու հանգամանքով եւ շատ կողմերով կայսերական գաղափարախոսություն էր՝ լավագույնս հարմարեցված բազմազգ երկրի տրամաբանությանը, ճիշտ այնպես, ինչպես կրոնական ֆունդամենտալիզմը՝ ժամանակակից Իրանի էթնիկապես անհամասեռ տարրերի միավորման խնդրում: Երրորդ հանրապետությունը որդեգրեց լիբերալ-ժողովրդավարական գաղափարախոսությունը՝ ի դեմս հիմնադիր Հայոց համազգային շարժման (ՀՀՇ): Երեք հանրապետությունների երեք գաղափարախոսություններն էլ ազգային գաղափարաբանական արմատներ չունեին եւ չէին էլ կարող ունենալ՝ այն պարզ պատճառով, որ երկիրը վաղուց ընդգրկված էր պատմության համաշխարհային գործընթացներում եւ ընտրությունը, որոշակի պարտադրանք լինելով հանդերձ, բնական հակազդեցություն էր եւ ժամանակների դոմինանտ պատկերացման արդյունք: Հարկ չկա խորանալու հանրապետություններից յուրաքանչյուրի փիլիսոփայական եւ սոցիալական իմացաբանության ճիշտ կամ սխալ լինելու մեջ: Մեզ համար կարեւոր է արձանագրել, որ ՀՅԴ-ն այդպես էլ սոցիալիզմ չկառուցեց, ՀԿԿ-ն՝ կոմունիզմ, իսկ ՀՀՇ-ն՝ ժողովրդավարություն: Եվ հարցն այն չէ, որ առաջինները կարճատեւ գոյության պատճառով չհասան իրենց նպատակին, երկրորդները՝ չնայած տեւականությանը, չիրագործեցին իրենց իղձերը, երրորդները չկատարեցին իրենց ծրագիրը: Եվ բնավ էլ այն չէ, որ իրականության կերտման ձգտումներում նրանք ելնում էին այն ենթադրությունից, թե քանի որ հնարավոր չէ որոշել իրական եւ կարծեցյալ իրականությունների սահմանը, ապա աշխարհը կարելի է դիտարկել որպես վիրտուալ իրականությունների համակարգ, որտեղ նույն հավանականությամբ հնարավոր է եւ սոցիալիզմ կառուցել, եւ կոմունիզմ, եւ կապիտալիզմ: Այսինքն՝ կառավարման համակարգում մտցվում է ավանտյուրայի տարր, որը զանցառելով բնական գործընթացները, հաստատում է գաղափարախոսության առաջնությունը, բայց ոչ թե որպես նախապատվություն, այլ իշխանություն նվաճելու եղանակ: Որ դա այդպես է, եւ Դաշնակցությունը երբեք սոցիալիզմ չէր կառուցելու, երեւում է կուսակցության ժամանակին վարած քաղաքականությունից եւ ներկայիս դաշնակցական առաջնորդների վարքից: Նույնը հավասարապես վերաբերում է կոմունիստների կոմունիզմին եւ ՀՀՇ-ի ժողովրդավարությանը: Որովհետեւ հասնելով իրենց գերագույն նպատակին՝ իշխանության, դաշնակները մոռացան իրենց սոցիալիստ, կոմունիստները՝ իրենց կոմունիստ, հհշականները՝ իրենց ժողովրդավար լինելը, քանի որ, Թումանյանի ասած՝ գլուխը մտավ գաղափարի մեջ եւ ոչ թե գաղափարը՝ գլխի: Այս համատեքստում հետաքրքիրն այն է, որ իշխանություն եղած տարիներին նրանցից յուրաքանչյուրը քարոզչական բոլոր միջոցներով փոխադարձաբար ոչնչացրել է մյուս երկուսին եւ մերժել նախորդների ու հետնորդների գաղափարախոսությունը. Երկրորդ հանրապետությունը՝ Առաջինին, Երրորդը՝ նախորդող երկուսին, իսկ հիմա, երբ ողջ իշխանությունը գաղափարախոսական չնչին այլազանությամբ դաշնակցական է՝ ՀՀՇ-ին: Այս ամենը նշանակում է, որ չկա Աստված Ալլահից բացի եւ Մուհամեդը Նրա մարգարեն է, որ հայերենի վերածելով, կստացվի՝ չկա գաղափարախոսություն իշխանությունից բացի եւ իշխանություն ունեցողը միակ մարգարեն է: Ուրեմն՝ ով ով է եւ ինչ է դավանում հայաստանյան իրականության մեջ, պետք է դասակարգել ըստ իշխանություն ունենալու եւ ըստ իշխանություն չունենալու պարագայի, քանի որ միակ գաղափարախոսությունը իշխանությունն է: Եվ հասարակությունն էլ բաժանվում է երկու խմբի՝ իշխանություն ունեցողների եւ իշխանություն չունեցողների: Մնացածը մանրամասն է, ընդ որում՝ անկարեւոր: ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել