Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԴ

Դեկտեմբեր 24,2004 00:00

«ԱՅԴ ԳՈՐԾԸ ՉԻ ԷԼ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ» Այսպիսի կարծիք հայտնեց Էրեբունիի թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ անդրադառնալով ավելի քան մեկ տարի առաջ իր դեմ կատարված մահափորձին եւ քրգործի նախաքննությունը կարճելու փաստին: Այս երեքշաբթի Էրեբունիի թաղապետ Մհեր Սեդրակյանը, որ նաեւ ՀՀԿ այդ համայնքի կառույցի ղեկավարն էր, կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել: Ու թեեւ նա իր այդ որոշումը պատճառաբանել էր զուտ առողջական վիճակով, այդուհանդերձ, մեկնաբանություններ եղան, թե դրա իրական պատճառն այլ է: Ավելի ճշգրիտ այն, որ անցյալ տարվա հուլիսի 22-ին Մ. Սեդրակյանի դեմ կատարված մահափորձից հետո նրա կուսակից-զինակիցները անուշադրության են մատնել թաղապետին եւ հիմա նա վիրավորված է: Երեկ մեր զրույցի ժամանակ Մ. Սեդրակյանը հավաստիացրեց, թե կուսակցությունից դուրս գալու առիթը, իսկապես, դա չի եղել. «Ես ՀՀԿ ղեկավարին շատ եմ հարգում, նա լավ ընկեր է, բայց իմ առողջական վիճակը չի ներում կուսակցական գործունեությամբ զբաղվելու համար: Ինձ հետ ավելի քան մեկ տարի առաջ պատահած դեպքից հետո մինչ օրս ես առողջական խնդիրներ ունեմ: Հիմա ինձ լավ բուժում է հարկավոր, իսկ կուսակցության մեջ լինելու հանգամանքը կարող է խանգարել դրան եւ հակառակը»: Այդուհանդերձ, շատ ավելի վաղ թաղապետին մոտ կանգնած մարդիկ էին ակնարկել, որ նրա նկատմամբ զինակիցների կողմից անհրաժեշտ եւ մարդկային ուշադրություն չի եղել: Դրանում կա ճշմարտության հատիկ, եւ այդ դեպքից հետո իրեն որեւէ մեկը որեւէ հարցում օգնե՞լ է: «Ոչ մի օգնություն չի եղել: Երեւի գիտեն, որ ինքս ինձ օգնելու հնարավորությունն ունեմ, դրա համար չեն օգնել: Օգնությունը ֆինանսական արտահայտությամբ պետք է լիներ, իսկ ես դա չէի ընդունի, որովհետեւ, փառք Աստծո, դրա կարիքը չունեմ»,- հավաստիացրեց Մ. Սեդրակյանը: Հայտնի է, որ թաղապետի դեմ իրականացված մահափորձի փաստի առիթով ժամանակին քրգործ էր հարուցվել, որի վերաբերյալ իրականացված նախաքննությունն ապարդյուն է եղել: Նախաքննությունը կասեցվել եւ քրգործն էլ կարճվել է, որովհետեւ մեքենան պայթեցնող հանցագործին հայրենի իրավապահները այդպես էլ ի հայտ չեն բերել, իսկ նախաքննության սահմանված ժամկետն ավարտվել է: Մեր այն հարցին, թե իր երբեմնի կուսակից ՀՀ վարչապետի եւ ընդհանրապես իշխանությունների շահագրգիռ հետեւողականության դեպքում արդյո՞ք հնարավոր չէր հանցագործությունը բացահայտել, պարոն Սեդրակյանը արձագանքեց. «Գործը չի բացահայտվել, չկան նաեւ կասկածյալներ: Ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե որտեղից էր այդ հարվածը: Հիմա քրգործը կասեցված է, բայց երբ նոր տվյալներ ի հայտ գան՝ հնարավոր կլինի գործին նոր ընթացք տալ»: Եթե այն ժամանակ «տաք հետքերով» հնարավոր չի եղել հանցագործությունը բացահայտել, հիմա հնարավոր կլինի՞, առավել եւս, երբ քրգործի նախաքննությունը կասեցվել է: «Այդ գործը երեւի չի էլ բացահայտվի»,- կարծիք հայտնեց թաղապետը: Իսկ ինքը գոնե ենթադրո՞ւմ է՝ ինչո՞ւ: «Ես չեմ կարող ասել: Համայնքի ղեկավար եմ, Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավարն էի, դեպքից առաջ ընտրություններ էին: Շատերը երեւի նաեւ նեղացած էին հենց ընտրությունների հետ կապված, որովհետեւ կուսակցական լինելով, բնականաբար, ես պետք է աշխատեի իմ կուսակցության համար: Հարցեր կան, որոնց երեւի դժվար է պատասխան գտնել: Համենայնդեպս, կարծում եմ, ես այնպիսի բան չէի արել, որի համար ինձ այդպես պետք է պատժեին»,- ասաց Մ. Սեդրակյանը: Պարզվեց նաեւ, որ ՀՀԿ-ից հեռանալու մասին դիմումից հետո թաղապետն առայժմ ժամանակ չի ունեցել հանդիպելու Անդրանիկ Մարգարյանին, թեեւ այդպիսի ցանկություն վերջինիս կողմից եղել է: «Առաջիկա երկու օրերի ընթացքում, թերեւս, հանդիպենք եւ քննարկենք մեր հարցերը»,- պարզաբանեց նա՝ միաժամանակ հավելելով, թե բոլոր դեպքերում իր որոշումը չի վերանայի: Հայտնի է, որ 2003-ի ընտրությունների ժամանակ Էրեբունի համայնքը Երեւանի մարզում ամենաշատ ձայներն ապահովեց ե՛ւ Ռ. Քոչարյանի, ե՛ւ ՀՀԿ-ի ընտրության համար: Դա պետք է գրանցել կուսակցական թաղապետ Մ. Սեդրակյանի՞, թե՞ ՀՀԿ-ի ակտիվում: «Կարծում եմ, այդ ձայների քանակն ավելի շատ ՀՀ վարչապետի անվան հետ էր կապված՝ որպես մեր համայնքի երբեմնի բնակչի: Մի փոքր էլ իմ գործոնը կար, իհարկե, նկատի ունենալով, որ համայնքի կուսակցական կառույցի ղեկավարն էի, նաեւ լավ հարաբերություններ ունեի համայնքի բնակիչների հետ: Դա երեւի պատվի խնդիր էր»,- նկատեց արդեն նախկին հանրապետականը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել