Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարապետիչը

Դեկտեմբեր 24,2004 00:00

Կարապետիչը մի քիչ նեղացել է Պուտինից Երեկ Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցությունը 9-րդ համագումարն արեց: Ներկայացնելով իր մեկ տարվա գործունեությունը, որի արդյունքում պրն Կարապետյանն ինքն իրեն անվանեց «ժողովրդական առաջնորդ», Տիգրան Կարապետիչն անցավ ազգի խնդիրներին՝ անբավարար եւ ճգնաժամին մոտ որակելով երկրի վիճակը: ԺԿ նախագահը դժգոհ էր գյուղատնտեսության վիճակից, սոցիալական ոլորտից, տեղական ինքնակառավարման մարմիններից, առողջապահական, կրթական համակարգերից: Այս ոլորտների բախտը դեռ բերեց, սակայն, օրինակ, մշակութային ոլորտը Կարապետիչի գնահատմամբ, խայտառակ վիճակում է: Իրաք՝ մեր զինվորականներին ուղարկելուն պրն Կարապետյանը հետեւյալ դիրքորոշումն ունի. «Պետության ռազմավարական մոտեցումն ա եւ ինքը կարող ա այդպիսի պայմանագրեր ստեղծել եւ ուղարկել կամ չուղարկել, բայց կրելով պատասխանատվություն այդ գործողության համար: Այս աղմուկը, որ ընդդիմադիրները բարձրացրել են՝ ուղղակի ցույց են տալիս, որ գործում են: Կան ավելի շատ կարեւոր խնդիրներ, որոնց շուրջ ամեն օր է պետք կլոր սեղաններ հավաքել: Իսկ Իրաքի խնդիրը ընդամենը իրականություն է»: Կարեւոր խնդիրներից է Թուրքիան. «Այն խնդիրները, որը բխում են ցեղասպանությունից եւ իրա՝ Թուրքիայի անդամությունը Եվրախորհրդում… այո, մենք անպայմանորեն հետամուտ ենք լինելու, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Եթե այսօր չի ճանաչել, ժամանակի խնդիր է, ուշ թե շուտ ճանաչելու է»,- կուսակիցներին հույս տվեց նա, միայն խորհուրդ տվեց այս հարցում իրենց «զգաստ պահել»: Սակայն Թուրքիայի հետ սահմանի բացմանը Կարապետիչը դեմ է՝ ազգի շահից ելնելով. «Յուրաքանչյուր կապիտալ, որ կներխուժի Հայաստան, կհարստացնի չինովնիկներին, քանզի հասարակությունը չի կարող վերահսկել չինովնիկներին»: Իսկ ընդհանրապես, ըստ օրվա բանախոսի, «բոլորի աչքը այն միլիարդի վրա է, որը մեր բնակիչները ստանում են դրսի բարեկամներից»: Ղարաբաղյան կարգավորման մասով ԺԿ նախագահը կարծում է, որ «Արցախը պետք է ինքնորոշման դիրք ունենա»: Մինչեւ վերջերս պրն Կարապետյանը ընդունում էր ՌԴ-ին՝ մեծ եղբոր տեղ: Բայց հենց Պուտինը ասաց, որ իրենք կնպաստեն, որ օկուպացված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին (դա, հավանաբար, տեղի է ունեցել ԺԿ նախագահի եւ Պուտինի առանձնազրույցի ժամանակ, որովհետեւ հրապարակավ Ռուսաստանի ղեկավարը այդպիսի բան չի ասել), Կարապետիչը բարկացել է եւ անընդունելի է որակում ռազմավարական պարտնյորի նման վարքը. «Ռուսամետությունը պետք է լինի խիստ հարաբերական»: Իսկ ընդհանրապես, ԺԿ-ն Կարապետիչի առաջնորդությամբ ընդդիմադիր է կյանքին, որը հարիր չէ հայ ժողովրդին: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել