Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե ոչինչ չփոխվի, կդառնանք Պարագվայ

Դեկտեմբեր 24,2004 00:00

«Հայաստան-2020»
ծրագրի համակարգող խորհրդի կարծիքով՝ բարգավաճելու համար քայլերը պետք է սկսել արդեն
այսօր՝ տնտեսության լուրջ եւ երկարատեւ պլանավորումից: Երեկ կայացավ «Հայաստան-2020»
ծրագրի շնորհանդեսը: Ճիշտ է, ծրագիրը մի քանի տարի է, որ գործում է, եւ այդ ժամանակահատվածում
արդեն իսկ ծախսվել է $2 միլիոն. մի քանի անգամ աշխարհի տարբեր ծագերում հավաքվել
են 100-150 փորձագետներ՝ քննարկելու մեր երկրի զարգացման հեռանկարները, անցկացվել
են սոցիոլոգիական հարցումներ, գրվել Հայաստանի հնարավոր զարգացման սցենարներ: Ծախսերը
հոգացել է համակարգող խորհուրդը, որի կազմում 11 հայ գործարար կա աշխարհի տարբեր
երկրներից (Հայաստանից Հրանտ Վարդանյանն է): Հայաստանը 15 տարի անց կդառնա
կամ բարգավաճ երկիր, կամ անհեռանկար գավառ, կամ կշարունակի մի կերպ գոյատեւել: «Չկա
որեւէ տարբերակ, որով Հայաստանը չլինի, ջնջվի քարտեզի երեսից»՝ հուսադրեց ծրագրի
տնօրեն Արտաշես Ղազախեցյանը: Ըստ «Հայաստան-2020»-ի ներկայացրած չորս սցենարներից
մեկի՝ եթե շարունակենք ընթանալ պարագվայական մոդելով՝ փակ երկիր, չպլանավորված տնտեսական
քաղաքականություն, դեռ մի բան էլ վրադիր՝ պրոբլեմներ հարեւանների հետ, պատերազմական
իրավիճակ, ապա ոչինչ չի փոխվի մեր երկրում մինչեւ 2020 թիվը: Կարող է լինել նաեւ
այլ տարբերակ՝ իսրայելականը. մի քանի տարի շարունակ փոքր աճ, ապա պատերազմի արդյունքում՝
կտրուկ նահանջ: Այս դեպքում տասնհինգ տարի հետո միջին աշխատավարձը մեզ մոտ կկազմի
$120: Իռլանդական մոդելի դեպքում մի քիչ ավելի բարվոք վիճակ կլինի: Ծրագրի տնօրեն
Արտաշես Ղազախեցյանը հիշեցրեց, որ քսան տարի առաջ Իռլանդիան ԵՄ ամենաաղքատ պետությունն
էր, սակայն շատ կարճ ժամանակահատվածում արագ զարգացավ, եւ այժմ յուրաքանչյուր շնչին
ընկնող ՀՆԱ-ով ԱՄՆ-ից առաջ է անցնում: Պարոն Ղազախեցյանը հակված էր այդ թռիչքը բացատրել
նաեւ նրանով, որ Իռլանդիայում սկսեցին երկարատեւ պլանավորմամբ զբաղվել: Այս մոդելով
ընթանալու պարագայում ՀՀ-ում միջին աշխատավարձը 15 տարուց կկազմի $260: Լավագույն
տարբերակը, սակայն, սինգապուրյան մոդելն է՝ իր հեռանկարային $460 միջին աշխատավարձով:
Դրան հասնելու համար հարկավոր են ներդրումներ գիտության եւ կրթության բնագավառում,
զարկ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն մինչ այդ հարկավոր է ձերբազատվել կոռուպցիայից,
պատեհապաշտ իշխանավորներից: Ի դեպ, ըստ ծրագրի անցկացրած հարցումների, որոնց մասնակցել
է 1000 մարդ ՀՀ-ից եւ 550-ը՝ Սփյուռքից, Սփյուռքի մեր հայրենակիցները ավելի քիչ են
վստահում հայրենի կառավարությանը, քան մեր քաղաքացիները: Սակայն նրանք ավելի շատ
են հպարտանում իրենց հայ լինելով՝ 92%, քան հայաստանցիները՝ 85%: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել