ՀՀ նախագահի եւ ԱԺ ընտրություններն
արդեն վաղուց ավարտվել են, բայց թեկնածուների գովազդային պաստառները դեռ ամուր կառչած
են երեւանյան շենքերի պատերից: Շուրջ երկու տարի տարբեր տրամաչափի թեկնածուների
բարեմասնությունները գովազդող պաստառները կռիվ են տալիս ձմռան ցրտի ու քամու դեմ,
պաշտպանվում աշնանային անձրեւներից՝ անցորդներին հիշեցնելով քաղաքական գործիչների
չիրականացրած խոստումների մասին: Ոչ մեկի մտքով չի անցնում մաքրել մայրաքաղաքի գոնե
կենտրոնական փողոցները՝ այդ հնացած ու խունացած պաստառներից: Քաղաքական գովազդի հետ
կապված հարաբերությունները կարգավորվում են «Ընտրական օրենսգրքով»: Սակայն չեն կատարվում
ոչ ստեղծողների, ոչ կատարողների, ոչ էլ վերահսկողների կողմից: Օրենսգրքի 22-րդ
հոդվածի 4-րդ կետը, որը սահմանում է քարոզչական պաստառների օգտագործման կարգը, ասում
է. «Արգելվում է հատուկ տեղերում փակցված քարոզչական պաստառը պոկելը, պատռելը կամ
դրանց վրա գրառումներ կատարելը», իսկ դրա հաջորդ դրույթը սահմանում է, որ համայնքի
ղեկավարները պետք է ապահովեն, որպեսզի չքվեարկվող թեկնածուների եւ ԱԺ ընտրություններին
չմասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառներն անհապաղ վերացվեն: Ինչ խոսք,
պաստառների վրա անմիջապես իրենց նկարչական «բարձր» ունակություններն են ցույց տալիս
անտաղանդ քաղաքացիները, որոնք դեռ ընտրությունները չսկսած՝ թեկնածուների դեմքերին
նկարում են բեղեր, եթե բնականից կա՝ հանում են աչքերը, ստորագրում եւ այլն: Բայց
ինչպես տեղեկացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, այսքան ժամանակ որեւէ մեկը
չի պատժվել քարոզչական պաստառ պոկելու կամ դրա վրա գրառումներ անելու համար: Չեն
պատժվել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք, ԿԸՀ-ի հավաստմամբ, պարտավոր
են ընտրություններից հետո իրենց տարածքում մաքրել բոլոր պատերը: Մինչդեռ նրանք բոլորը
համայնքների բնակիչների մուծումներից գումարներ են հատկացնում այդ նպատակով: Այսօր
առավելապես Օրբելի, Բաղրամյան, Լենինգրադյան, Կիեւյան, Ալեք Մանուկյան փողոցների
շենքերի վրա դեռ նոր ժամանակների գալուստի մասին է ազդարարում ՀՀ նախագահի նախկին
թեկնածու Արամ Կարապետյանը, միջին խավ է ձեւավորում «ՀԺԱՄ»-ի նախագահ Սեյրան Ավագյանը,
իսկ Տիգրան Կարապետյանը դեռ ընտրում է ոսկե միջինը: Արաբկիրի թաղապետարանի գովազդային
բաժնի առաջին կարգի մասնագետ Նոնա Կարապետյանը հայտնեց. «Մենք ինչքան կարողացել ենք՝
մաքրել ենք, դրանց համար հատուկ տեղեր կան հատկացված, գուցե փակցնողներն ուրիշ տեղ
են այն տեղադրել, դրա համար էլ չենք տեսել»: Այսինքն ստացվում է, որ եթե փակցնողները
խախտում են օրենքը, ուրեմն քաղաքացիները ստիպված են ապրել աղտոտված տարածքում, քանի
դեռ դրանք «չեն գտնում» հանողները: Ամեն դեպքում, տպագրում ենք ե՛ւ լուսանկարները,
ե՛ւ փողոցների անունները: Նույնն է նաեւ այլ համայնքներում: Օրինակ, Կենտրոն համայնքի
գովազդային բաժնից սկզբում ասացին, որ իրենք դրանով ընդհանրապես չեն զբաղվում, հետո
էլ, երբ հիշեցրինք օրենքի մասին, ճշտեցին, որ ինչ-որ կազմակերպության են հանձնարարել
դրանք մաքրելու, բայց չեն հիշում անունը: Ուշագրավ է նաեւ այն, որ նշված պաստառներից
շատերի կողքին տեղադրված են քաղաքի մաքրության մասին կոչերը՝ «Մաքու՛ր պահենք մեր
քաղաքը» հայտնի կարգախոսով: Ի դեպ, քաղաքապետարանն է վերահսկողություն իրականացնողը:
Սակայն քաղաքի անգամ կենտրոնական փողոցներում դեռեւս փակցված են փոխքաղաքապետ Արման
Սահակյանի (Աջափնյակի թաղապետի նախկին թեկնածու) քարոզչական պաստառները: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ