Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարապետիչը մի քիչ նեղացել է Պուտինից

Դեկտեմբեր 24,2004 00:00

Երեկ
Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցությունը 9-րդ համագումարն արեց:
Ներկայացնելով իր մեկ տարվա գործունեությունը, որի արդյունքում պրն Կարապետյանն
ինքն իրեն անվանեց «ժողովրդական առաջնորդ», Տիգրան Կարապետիչն անցավ ազգի խնդիրներին՝
անբավարար եւ ճգնաժամին մոտ որակելով երկրի վիճակը: ԺԿ նախագահը դժգոհ էր գյուղատնտեսության
վիճակից, սոցիալական ոլորտից, տեղական ինքնակառավարման մարմիններից, առողջապահական,
կրթական համակարգերից: Այս ոլորտների բախտը դեռ բերեց, սակայն, օրինակ, մշակութային
ոլորտը Կարապետիչի գնահատմամբ, խայտառակ վիճակում է: Իրաք՝ մեր զինվորականներին
ուղարկելուն պրն Կարապետյանը հետեւյալ դիրքորոշումն ունի. «Պետության ռազմավարական
մոտեցումն ա եւ ինքը կարող ա այդպիսի պայմանագրեր ստեղծել եւ ուղարկել կամ չուղարկել,
բայց կրելով պատասխանատվություն այդ գործողության համար: Այս աղմուկը, որ ընդդիմադիրները
բարձրացրել են՝ ուղղակի ցույց են տալիս, որ գործում են: Կան ավելի շատ կարեւոր խնդիրներ,
որոնց շուրջ ամեն օր է պետք կլոր սեղաններ հավաքել: Իսկ Իրաքի խնդիրը ընդամենը իրականություն
է»: Կարեւոր խնդիրներից է Թուրքիան. «Այն խնդիրները, որը բխում են ցեղասպանությունից
եւ իրա՝ Թուրքիայի անդամությունը Եվրախորհրդում… այո, մենք անպայմանորեն հետամուտ
ենք լինելու, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Եթե այսօր չի ճանաչել, ժամանակի
խնդիր է, ուշ թե շուտ ճանաչելու է»,- կուսակիցներին հույս տվեց նա, միայն խորհուրդ
տվեց այս հարցում իրենց «զգաստ պահել»: Սակայն Թուրքիայի հետ սահմանի բացմանը Կարապետիչը
դեմ է՝ ազգի շահից ելնելով. «Յուրաքանչյուր կապիտալ, որ կներխուժի Հայաստան, կհարստացնի
չինովնիկներին, քանզի հասարակությունը չի կարող վերահսկել չինովնիկներին»: Իսկ ընդհանրապես,
ըստ օրվա բանախոսի, «բոլորի աչքը այն միլիարդի վրա է, որը մեր բնակիչները ստանում
են դրսի բարեկամներից»: Ղարաբաղյան կարգավորման մասով ԺԿ նախագահը կարծում է, որ
«Արցախը պետք է ինքնորոշման դիրք ունենա»: Մինչեւ վերջերս պրն Կարապետյանը
ընդունում էր ՌԴ-ին՝ մեծ եղբոր տեղ: Բայց հենց Պուտինը ասաց, որ իրենք կնպաստեն,
որ օկուպացված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին (դա, հավանաբար, տեղի է ունեցել
ԺԿ նախագահի եւ Պուտինի առանձնազրույցի ժամանակ, որովհետեւ հրապարակավ Ռուսաստանի
ղեկավարը այդպիսի բան չի ասել), Կարապետիչը բարկացել է եւ անընդունելի է որակում
ռազմավարական պարտնյորի նման վարքը. «Ռուսամետությունը պետք է լինի խիստ հարաբերական»:
Իսկ ընդհանրապես, ԺԿ-ն Կարապետիչի առաջնորդությամբ ընդդիմադիր է կյանքին, որը հարիր
չէ հայ ժողովրդին: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել