ԾԱՂԿԱՁՈՐԻ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑ Մոտ յոթ ամիս առաջ Ծաղկաձորում սկսվեցին դարն ապրած հին ճոպանուղու ապամոնտաժման եւ նոր, գերժամանակակից ճոպանուղու շինարարության աշխատանքները: Ռեկորդային կարճ ժամկետում իրականացվեց հսկայական աշխատանք, որին մասնակցեցին հայաստանյան բազմաթիվ կազմակերպություններ, անհատ մարդիկ, ավստրիա-իտալական աշխարհահռչակ «Լայթներ» ֆիրմայի մասնագետները, եւ ըստ էության կառուցվեց երկու ճոպանուղի, քանի որ միանգամից շահագործվեցին դեպի Թեղենիս լեռան գագաթը տանող 1-ին եւ 2-րդ առանձին գծերը: Հրաշագեղ կառույցի տեխնիկական տվյալները տպավորիչ են. առաջին գծի երկարությունը 1150 մետր է: Այն ունի չորս նստելատեղով 73 բազկաթոռ: Ընթացքի առավելագույն արագության դեպքում՝ վայրկյանում մինչեւ 2,7 մետր, տեղ կարելի է հասնել 7,5 րոպեում: Ճոպանուղին անհրաժեշտության դեպքում կարող է նաեւ դեպի ետ աշխատել եւ ունի արգելակման երեք համակարգ, մեկը՝ վթարային: Առաջին գծում տեղադրված է 10 հենասյուն, ճոպանի հաստությունը 38մմ է: Երկրորդ գծի երկարությունը 1380 մետր է, ունի երկու տեղանոց 141 բազկաթոռ, ճանապարհի տեւողությունը՝ 7 րոպե, հենասյուների թիվը՝ 11, ճոպանի հաստությունը՝ 32մմ, հենասյուների առավելագույն բարձրությունը՝ 16,03 մետր, նվազագույնը՝ 4,5 մետր: Գծերի թողունակությունը համապատասխանաբար ժամում 1200 եւ 1500 մարդ է: Երրորդի շինարարությունն ու շահագործումը նախատեսված է 2005 թվականին: Երեկ ճոպանուղու բացման առիթով Ծաղկաձորում իսկական տոն էր: Ներկա էին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, հատուկ այդ նպատակով ժամանել էր նաեւ «Լայթներ» ընկերության տնօրեն Օսկար Թեռլինգը: Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ հին ճոպանուղին արդեն իր դարն ապրել էր եւ դրա հետագա շահագործումն արդեն վտանգավոր էր դարձել: Մոտ 20 տարի խոսվում էր այն նորով փոխարինելու մասին, եւ այսօր դա արդեն իրականություն է: Նա շնորհակալություն հայտնեց շինարարներին, բոլոր այն կազմակերպություններին, գերատեսչություններին անհատներին, ովքեր մշտապես կամ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կանգնել են իրենց կողքին: «Լայթների» տնօրենը, նշելով, որ իրենք ամեն տարի ամբողջ աշխարհում կառուցում են 100-ից ավելի ճոպանուղիներ, բավարարվածություն հայտնեց հայաստանցի մասնագետների կատարած աշխատանքի որակից՝ հատուկ ընդգծելով, որ երկու գծերն էլ համապատասխանում են ճոպանուղիների եվրոպական չափորոշիչներին: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում հիշեց անցած տարվա դեկտեմբերի 30-ը, երբ օլիմպիական ավանում բացվեցին ծածկած լողավազանն ու դրան կից մարզադահլիճը: «Այսօր մենք ներկա ենք այս հրաշակերտ ճոպանուղու բացմանը, որը մի շատ կարեւոր քայլ է Հայաստանում ձմեռային մարզաձեւերը զարգացնելու ճանապարհին,- ասաց նա:- Հիմա արդեն կարող ենք հաստատ համոզված լինել, որ մեր երկիրը կարող է շուրջտարի նաեւ տուրիզմը սպասարկող երկիր լինել»: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աչքի ընկած շինարարներին դրամական պարգեւներ հանձնելուց հետո ասաց. «Այսպիսի հիանալի կառույցի համար կարելի է բոլորիս շնորհավորել: Քչերն էին հավատում, որ հնարավոր է մեկ սեզոնում երկու ճոպանուղի կառուցել: Հիմա այդ թերահավատներին փորձում ենք համոզել, որ ավելի համարձակ կարող ենք լինել մեր մտահղացումներում: Պետք է նաեւ նշեմ, որ անելիքներ դեռ շատ կան: Եկող տարի կառուցելու ենք երրորդ հատվածը, որից հետո միայն կարձանագրենք, որ այս համալիրն ամբողջությամբ պատրաստ է: Բայց մեկ հարցի կցանկանայի անդրադառնալ: Նոր ճոպանուղին իր մակարդակով շատ ավելի բարձր է, քան այն ենթակառուցվածքները, որոնք գոյություն ունեն Ծաղկաձորում: Եվ եթե չխրախուսենք գործարարներին, ներդրողներին, որպեսզի Ծաղկաձորում կառուցվեն նոր հյուրանոցներ, ռեստորաններ, կինոթատրոններ, դիսկոտեկներ, այն ամենը, ինչ նման կարգի կառույցի հետ միասին Ծաղկաձորը կդարձնի տուրիստական իսկական եւ ձմեռային հայտնի հանգստավայր, մենք մեր նպատակին չենք հասնի: Հաջորդ տարի մենք շատ ավելի մեծ նվաճումներ ենք ունենալու ինչպես ճոպանուղու երրորդ հատվածի շահագործումով, այնպես էլ Ծաղկաձորի ու մոտակա գյուղերի բարեկարգում- բարենորոգումներով»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ