Լրահոս
Օրվա լրահոսը

Ս.

Դեկտեմբեր 23,2004 00:00

Ս. ԵՐԻՑՅԱՆԸ ՋԵՐՄԱՉԱՓ ՉՈՒՆԻ Այլապես նա կչափեր կոռուպցիան կրթական համակարգում «Կրթության համակարգը կոռումպացված է այնքանով, որքանով կոռումպացված են տարբեր համակարգեր, ես ջերմաչափ չունեմ, որ ձեզ կոնկրետ ասեմ»,- երեկ իր տարեվերջյան ասուլիսում ասաց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը: Ըստ նախարարի, այսօր այդ երեւույթի մասին խոսում են աչքաչափով: Ս. Երիցյանի կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարի գործում ամենակարեւոր խնդիրներից, լուծումներից մեկը կրեդիտային համակարգի ներդրումն է, «որ սկզբունքորեն կարող է բացառել այդպիսի երեւույթների առկայությունը, երբ չափանիշները հստակ լինեն»: Իսկ կոռուպցիոն դրսեւորումների կոնկրետ դեպքերից նախարարը ոչ մի տեղեկություն չունի: Ս. Երիցյանը տեղյակ չէր, թե ինչ խախտումներ էին իրականացվել մայրաքաղաքի՝ Վ. Մայակովսկու անվան դպրոցում, ինչի արդյունքում աշխատանքից ազատվեց դպրոցի տնօրենը: Տեղեկություն չուներ սեպտեմբերից դպրոցներում իրականացված ստուգումների արդյունքներից. «Մեզ փաստաթուղթ չեն ուղարկել»: Իսկ արդյո՞ք ԿԳ համակարգում տեսչական կենտրոնների ստեղծումը կոռուպցիոն մի նոր օղակ չի լինի, եւ արդյո՞ք այն համակարգի արհեստական ուռճացում չէ հարցին պրն Երիցյանը բացասական պատասխան տվեց: Այս տեսչական կենտրոնները նախատեսվում է ստեղծել եկող տարի, ինչի համար բյուջեից կհատկացվի 20 մլն դրամ, ըստ նախարարի՝ ընդամենը մեկ վարչությանը հատկացվելիք գումար: Ս. Երիցյանի պատկերացմամբ, այս կենտրոնները վերահսկողություն կսահմանեն ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ կցուցաբերեն մեթոդական օգնություններ: Այն դեպքում, երբ այդ ամենը կարող են իրականացնել մարզային կրթության վարչությունները, ինչպես նաեւ Կրթության ազգային ինստիտուտը: Նախարարն իր կարծիքը հայտնեց նաեւ դատարանների միջոցով ոչ պետական բուհերի հավատարմագիր ստանալու գործընթացին՝ նույնիսկ չափորոշիչների առկայության պարագայում. «Այդ ուսումնական հաստատությունների կողմից դա ոչ օրինական քայլ եմ համարում, կարծում եմ՝ կարելի է դատարանի իրավունքից օգտվել՝ լիազոր մարմնին պարտավորեցնելով այդ ամենն իրականացնել, բայց անգամ չափորոշիչների առկայության դեպքում, անցած-գնացած ինչ-ինչ անկատարություններ օգտագործելով, գնում են այդ քայլին: Ինձ համար հասկանալի չէ այդ ուսումնական հաստատությունների նման դիրքորոշումը, եւ մենք այս առումով լուրջ հետեւություններ անելու խնդիր ունենք: Բազմաթիվ ելքեր կան՝ հավատարմագրման նոր կարգի ընդունում, որ թույլ կտա հստակ չափանիշներ ունենալ»: Ի դեպ, դատարանների միջոցով հավատարմագիր է ձեռք բերել 20 բուհ՝ 43 մասնագիտությունների գծով: Թե հավատարմագրման նոր կարգի ընդունումից հետո ինչ է սպասվում այդ բուհերին, դեռ հայտնի չէ. «խնդիրը դեռ քննարկումների փուլում է, հավատարմագիրը պետք է հիմնված լինի գիտելիքի, բուհի գործունեության վրա»: Եկող տարի համակարգը մտադիր է լուրջ բարեփոխումներ իրականացնել նախադպրոցական համակարգում: Նախարարի խոսքերով, մինչ այսօր մեր մանկապարտեզները գործում են խորհրդային շրջանի ուսումնական ծրագրերով: Ս. Երիցյանն անհրաժեշտ է համարում առաջիկա տարիներին երեխաների 20 տոկոս հաճախելիությունը հասցնել 80172ի, որպեսզի դպրոցում որոշ չափով հավասար մեկնարկային պայմաններ լինեն: Անհրաժեշտ է համարվում նաեւ երաժշտական դպրոցների համար դասագրքերի ստեղծումը եւ կարեւորվում գեղարվեստական կրթության հայեցակարգի մշակումը, որ ԿԳՆ-ն կիրականացնի մշակույթի նախարարության հետ: Նախարարը նշանակալի ձեռքբերում է համարում ՊՏՈՒ-ների վերականգնումը եւ առաջիկա տարիներին դրանց ընդլայնման գործընթացը: Ս. Երիցյանը հատկապես նշեց, որ հանրապետությունում էլեկտրագազաեռակցողների պակաս կա: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել