Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՐԵՑԻՆ

Դեկտեմբեր 23,2004 00:00

ՄԵԾԱՐԵՑԻՆ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ Երեկ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական երեկոն։ Միջոցառմանը ներկա նրա գրեթե բոլոր գործընկերները նշում էին, որ նա «վերջին մոհիկաններից է»: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով` տիկին Կապուտիկյանի ցանկությամբ լրատվամիջոցները չէին հրավիրված` երեկոն լուսաբանելու։ Հատուկենտ լրագրողների հարցերին բանաստեղծուհին հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի զգում։ Գրող Զորի Բալայանը Սիլվա Կապուտիկյանին բնորոշեց որպես մարտական գրչընկեր։ Պերճ Զեյթունցյանն էլ ավելացրեց, որ Կապուտիկյանը մի ամբողջ էպոխա է մեր պոեզիայում եւ նրան պետք է ձեռքերի վրա պահել: Ողջ երեկոյի ընթացքում հնչեցին Կապուտիկյանի բանաստեղծությունները, ինչպես նաեւ բանաստեղծուհու խոսքերով գրված երգերը։ Ընթերցվեցին նաեւ հայ մեծանուն արվեստագետների՝ Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի նամակները՝ ուղղված բանաստեղծուհուն։ Օրինակ, Ա. Իսահակյանը իր նամակներից մեկում նշում է, որ եթե չլիներ Կապուտիկյանի պոեզիան, մեր երկիրը խավար կլիներ։ Պերճ Զեյթունցյանը հիշեց, որ տարիներ առաջ` Մոսկվայի թատրոններից մեկում տոմս կտրող ռուս մի կին հեռվից նկատել ու ճանաչել էր բանաստեղծուհուն, ինչը քիչ բան չէ։ Կինոգետ Դավիթ Մուրադյանն էլ նշեց. «Նա մի գումարման նշան է մեր գրականության դասական շրջանի եւ նոր ժամանակների միջեւ, առանց որի ժամանակների կենդանի կապ չի լինում»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել