ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝
«ԱՐՏ ԲՐԻՋՈՒՄ» Երեկ «Արտ Բրիջ» սրճարանում կայացավ Հայաստանի
պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) հուլիսի 1-ին եւ 2-ին Գառնիում կայացած համերգի
DVD-ի շնորհանդեսը։ Մաեստրո Արամ Ղարաբեկյանը նշեց, որ այս մասին երկու տարի մտածել
են, սակայն իրականացրել են միայն այժմ։ DVD-ում ընդգրկված են Արամ Խաչատրյանի,
Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի եւ այլ հայ ու օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
DVD-ում տեղ են գտել նաեւ հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից, որի մշակումը
Հայաստանի կամերային նվագախմբի համար կատարել է Ստեփան Շաքարյանը։ DVD-ն, ինչպես
նշեց ՀՊԿՆ տնօրեն Արմեն Արաբյանը, եզակի երեւույթ է մեր հանրապետությունում։ Մինչ
այս ոչ մի երաժշտախումբ նման տեսագրություն չի ունեցել։ Իսկ տեսագրությունը կատարվել
է ընդամենը մեկ միկրոֆոնով, բայց ամենաբարձր որակով։ Պրն Արաբյանը նշեց, որ միայն
մոնտաժի համար 210 ժամ է հատկացվել։ Ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաեւ օպերատորը Սուրեն
Տեր-Գրիգորյանն է՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունից։ Ֆիլմում մեներգերով հանդես
են գալիս Արաքս Դավթյանը, Նունե Բադալյանն ու Գայանե Գրիգորյանը։ Համերգի գիշերը
Գառնիի հեթանոսական տաճարը էլ ավելի ոգեղեն էին դարձնում լուսային էֆեկտները։ Ըստ
Ա. Արաբյանի, միջոցառման գլխավոր նպատակը դասական արդի երաժշտության ներկայացումն
էր մշակութային հինավուրց կոթողների ներքո։ Նշենք, որ մինչ այս՝ նվագախումբը
բացօթյա համերգ էր ունեցել նաեւ Շուշիում, որը նույնպես տեսագրվել է, սակայն տեսաերիզի
վրա։ Նվագախմբի բացօթյա համերգները պատմամշակութային կոթողների տարածքում, Արամ Ղարաբեկյանի
հավաստմամբ, կլինեն շարունակական։ Իսկ թե որ կոթողը կլինի հաջորդը՝ մաեստրոն ցանկացավ
առայժմ գաղտնիք պահել եւ հետագայում որպես անակնկալ մատուցել, միաժամանակ նշելով,
որ վայրն արդեն ընտրված է։ Ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 2-ին։ Այն կցուցադրվի
Հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակմամբ, այնուհետեւ ռուսական «Կուլտուրա»
ալիքով, հետագայում կցուցադրվի եվրոպական եւ ամերիկյան երկրներում։ Ա. Արաբյանը
նաեւ նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՊԿՆ-ին եւ ՀՊԿՆ երգչախմբին հնարավորությունների
սահմաններում աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը։ ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ