Այլապես
նա կչափեր կոռուպցիան կրթական համակարգում «Կրթության համակարգը կոռումպացված
է այնքանով, որքանով կոռումպացված են տարբեր համակարգեր, ես ջերմաչափ չունեմ, որ
ձեզ կոնկրետ ասեմ»,- երեկ իր տարեվերջյան ասուլիսում ասաց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը:
Ըստ նախարարի, այսօր այդ երեւույթի մասին խոսում են աչքաչափով: Ս. Երիցյանի կարծիքով,
կոռուպցիայի դեմ պայքարի գործում ամենակարեւոր խնդիրներից, լուծումներից մեկը կրեդիտային
համակարգի ներդրումն է, «որ սկզբունքորեն կարող է բացառել այդպիսի երեւույթների առկայությունը,
երբ չափանիշները հստակ լինեն»: Իսկ կոռուպցիոն դրսեւորումների կոնկրետ դեպքերից
նախարարը ոչ մի տեղեկություն չունի: Ս. Երիցյանը տեղյակ չէր, թե ինչ խախտումներ էին
իրականացվել մայրաքաղաքի՝ Վ. Մայակովսկու անվան դպրոցում, ինչի արդյունքում աշխատանքից
ազատվեց դպրոցի տնօրենը: Տեղեկություն չուներ սեպտեմբերից դպրոցներում իրականացված
ստուգումների արդյունքներից. «Մեզ փաստաթուղթ չեն ուղարկել»: Իսկ արդյո՞ք ԿԳ համակարգում
տեսչական կենտրոնների ստեղծումը կոռուպցիոն մի նոր օղակ չի լինի, եւ արդյո՞ք այն
համակարգի արհեստական ուռճացում չէ հարցին պրն Երիցյանը բացասական պատասխան տվեց:
Այս տեսչական կենտրոնները նախատեսվում է ստեղծել եկող տարի, ինչի համար բյուջեից
կհատկացվի 20 մլն դրամ, ըստ նախարարի՝ ընդամենը մեկ վարչությանը հատկացվելիք գումար:
Ս. Երիցյանի պատկերացմամբ, այս կենտրոնները վերահսկողություն կսահմանեն ուսումնական
հաստատություններում, ինչպես նաեւ կցուցաբերեն մեթոդական օգնություններ: Այն դեպքում,
երբ այդ ամենը կարող են իրականացնել մարզային կրթության վարչությունները, ինչպես
նաեւ Կրթության ազգային ինստիտուտը: Նախարարն իր կարծիքը հայտնեց նաեւ դատարանների
միջոցով ոչ պետական բուհերի հավատարմագիր ստանալու գործընթացին՝ նույնիսկ չափորոշիչների
առկայության պարագայում. «Այդ ուսումնական հաստատությունների կողմից դա ոչ օրինական
քայլ եմ համարում, կարծում եմ՝ կարելի է դատարանի իրավունքից օգտվել՝ լիազոր մարմնին
պարտավորեցնելով այդ ամենն իրականացնել, բայց անգամ չափորոշիչների առկայության դեպքում,
անցած-գնացած ինչ-ինչ անկատարություններ օգտագործելով, գնում են այդ քայլին: Ինձ
համար հասկանալի չէ այդ ուսումնական հաստատությունների նման դիրքորոշումը, եւ մենք
այս առումով լուրջ հետեւություններ անելու խնդիր ունենք: Բազմաթիվ ելքեր կան՝ հավատարմագրման
նոր կարգի ընդունում, որ թույլ կտա հստակ չափանիշներ ունենալ»: Ի դեպ, դատարանների
միջոցով հավատարմագիր է ձեռք բերել 20 բուհ՝ 43 մասնագիտությունների գծով: Թե հավատարմագրման
նոր կարգի ընդունումից հետո ինչ է սպասվում այդ բուհերին, դեռ հայտնի չէ. «խնդիրը
դեռ քննարկումների փուլում է, հավատարմագիրը պետք է հիմնված լինի գիտելիքի, բուհի
գործունեության վրա»: Եկող տարի համակարգը մտադիր է լուրջ բարեփոխումներ իրականացնել
նախադպրոցական համակարգում: Նախարարի խոսքերով, մինչ այսօր մեր մանկապարտեզները գործում
են խորհրդային շրջանի ուսումնական ծրագրերով: Ս. Երիցյանն անհրաժեշտ է համարում առաջիկա
տարիներին երեխաների 20 տոկոս հաճախելիությունը հասցնել 80-ի, որպեսզի դպրոցում որոշ
չափով հավասար մեկնարկային պայմաններ լինեն: Անհրաժեշտ է համարվում նաեւ երաժշտական
դպրոցների համար դասագրքերի ստեղծումը եւ կարեւորվում գեղարվեստական կրթության հայեցակարգի
մշակումը, որ ԿԳՆ-ն կիրականացնի մշակույթի նախարարության հետ: Նախարարը նշանակալի
ձեռքբերում է համարում ՊՏՈՒ-ների վերականգնումը եւ առաջիկա տարիներին դրանց ընդլայնման
գործընթացը: Ս. Երիցյանը հատկապես նշեց, որ հանրապետությունում էլեկտրագազաեռակցողների
պակաս կա: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ