Լրահոս
Օրվա լրահոսը

Մահանալ ցրտի՞ց, թե՞ գազից

Դեկտեմբեր 23,2004 00:00

Շիրակի մարզային շտապօգնության ուսումնասիրությունները
ցույց են տվել, որ գազից թունավորվածների 90%-ը հենց ինքնաշեն վառարանների պատճառով
է: Վերջին 2 ամսվա ընթացքում Շիրակի մարզում «գազային» թունավորումներն ահռելի
քանակի են հասել. նոյեմբերի մեկից առ այսօր գրանցվել է 28 դեպք, որից 22-ը՝ միայն
Գյումրիում: Այսինքն, ըստ Շտապօգնության կայանի տնօրեն Ռուբեն Թորոսյանի, անցած տարվա
համեմատ թունավորվածների թիվը 3-4 անգամ ավելացել է: Նախորդ երկու շաբաթների ընթացքում
եւ՛ Արթիկում, եւ՛ Գյումրիում գրանցվեցին նաեւ գազից խեղդվելու դեպքեր: Չնայած
միմյանց հաջորդող ողբերգություններից գյումրեցիների աչքը լավ վախեցել է, սակայն շատերը
սառը տները տաքացնելու այլ միջոց չեն տեսնում: Օրինակ՝ նոր գազիֆիկացված Անի թաղամասի
բնակիչները վստահ են, որ եթե այս պահին իրենց գլխի ճարը չտեսնեն՝ թեկուզեւ ինքնաշեն
վառարաններ տեղադրելով, ապա մի քանի օր հետո ցրտից կմեռնեն: Ի դեպ, հիշյալ թաղամասում
գազով ջեռուցումից դժգոհությունները նոր թափ են ստացել: Հավասարաչափ դժգոհում են
թե՛ վառարան ունեցողները, թե՛ չունեցողները. անգամ որոշ նպաստառուներ, որոնք կառավարությունից
անվճար վառարաններ են ստացել: Նրանցից շատերի ասելով, դրսի պատին կից տեղադրված «կառավարական
նվերն» ինքն իրեն չի տաքացնում, ուր մնաց բնակիչներին: Շատերն էլ հոգնել են «խլամ»
վառարանների «կապրիզներից»: Ի դեպ, «կապրիզնի» վառարանների համար հատուկ հանձնախումբ
է ձեւավորվել, որը ահազանգերի դեպքում դռնեդուռ է ընկնում ու իր ծառայությունները
մատուցում: Խախտելով թույլատրված նորմերը՝ բնակիչների մեծ մասը հասցրել է իր ուզածով
ձեւափոխումներ անել՝ վառարանները տեղափոխելով միջանցքներ: Հիշեցնենք, որ Անի թաղամասի
բնակարանները տեխնիկապես պատրաստ չէին գազով ջեռուցման. ծխանցքեր չունեն, ուստի նախատեսված
էր վառարանները տեղադրել կա՛մ խոհանոցում, կա՛մ հյուրասենյակում: Սակայն այս հարցում
փորձառու բնակիչները վստահեցնում են, որ հիշյալ տեղերում տեղադրելու դեպքում բետոնե
տների մնացած սենյակները սառցե կտոր են դառնում, ու իրենք դարձյալ ստիպված են հին
մեթոդով «հազար հոգով» մի սենյակում ապրել: Ի դեպ, ինչպես կանխատեսում էին
մասնագետներից շատերը, որոշ շենքերի կոյուղիներ արդեն սառել են, որոշ բնակիչներ էլ,
օրինակ՝ Արամ Խաչատրյան 31 շենքի, ժամանակավորապես «գաղթել» են թաղամասից: Եվ զարմանալի
է, որ պատասխանատուներից ոչ մեկը հրապարակավ չի խոստովանում (թեեւ հոյակապ են գիտակցում),
որ գազից թունավորումների պատճառները ոչ միայն ինքնաշեն վառարաններն են կամ էլ համապատասխան
վերահսկող մարմնի բացակայությունը, այլ որոշ շենքերի՝ գազիֆիկացման համար տեխնիկապես
անպատրաստ լինելը: Կոնկրետ Անի թաղամասի բնակիչները պնդում են, որ խիստ վերահսկողություն
լինելու դեպքում էլ տան նվազագույն ջերմությունն ապահովելու ու ցրտից չմեռնելու համար
ստիպված են տարբեր հնարքների դիմել, օրինակ՝ «հազար մետրանոց» ռետինե ու սովորական
խողովակների օգնությամբ վառարանները միջանցքներ տեղափոխել: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել