Այդ պատճառով էլ մահվան
դեպքերի համար պատասխանատվություն կրող չկա Խնդիրը հատկապես ծանր հետեւանքներ
կարող է ունենալ եւ արդեն ունի բազմահարկ շենքերի բնակիչների համար։ Խիտ բնակեցված
տարածքը պահանջում է գազից օգտվելու կանոնների խստագույնս պահպանում։ Ամեն բնակչից
չէ, որ կարելի է սպասել պատասխանատվության բարձր գիտակցություն։ Հետեւաբար անհրաժեշտ
է բնակարաններում անցկացնել պարբերաբար ստուգումներ, իսկ ստուգող մարմին ցայսօր չկա։
«ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը վերջերս ասաց, որ նման գործառույթ
իրականացնելու պարտավորություն իրենք չունեն, թեպետ խնդիրը բարձրացրել են կառավարությունում։
Ընկերության ներկայացուցիչների աշխատանքը սահմանափակվում է հաշվիչի ցուցմունքը ստուգելով
եւ չվճարողներին «գազդ կկտրենք» սպառնալիք-զգուշացումն իրականացնելով։ Այդ պատճառով
էլ տնօրենը վերջերս արձանագրված գազի պայթյունների մեղքը հանգիստ խղճով բարդեց բնակիչների
«ինքնագործունեության» վրա։ Նույն անտարբերությամբ էլ ընկերությունը վերաբերվում
է գազիֆիկացման գործընթացին։ Դրանից դժգոհ բազմաթիվ բնակիչների բողոքները պարբերաբար
տպվել են նաեւ մեր թերթում։ Ինչպես արդեն պարզել ենք, գազ «քաշելու» ողջ ընթացքը
չի վերահսկվում որեւէ պաշտոնական մարմնի կողմից։ Քաղաքաշինության նախարարությունն
«առատաձեռն» լիցենզավորել է հարյուրից ավելի ՍՊԸ-ների եւ մոռացել նրանց։ «ՀայՌուսգազարդը»
«օբյեկտում» հայտնվում է այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված է, լրացնում ընդունման
ակտն ու դրանից հետո էլ անելիք չունի։ Թե հիշյալ ընկերությունները ինչպես են «մաշկում»
բնակիչներին եւ ինչ որակով են անցկացնում գազի խողովակները՝ երկու գերատեսչություններին
էլ չի հետաքրքրում։ ՍՊԸ-ներն ազատ են ընտրելու իրենց գործունեության տարածքը, պետք
է միայն համաձայնության գալ բնակիչների հետ։ Գազ ունենալ բոլորն են ուզում, եւ դա
դժվար չէ։ Հենց այս ցանկությունն ու առանց վերահսկողության գործելու հանգամանքն է
ստեղծում, մեր ստացած բողոքների լեզվով՝ խայտառակ իրավիճակ։ Ամեն ինչ սկսվում
է նրանից, որ գազ անցկացնելու համար ներկայացած ՍՊԸ-ն յուրաքանչյուր բնակչից գանձում
է շուրջ 30 հազար դրամ կանխավճար, ասելով, թե՝ «մնացածը՝ ընթացքում»։ Այսինքն, պատվիրատուին
չի ներկայացվում աշխատանքի վերջնահաշվարկ (սմետա)։ Այդ պատճառով էլ ՍՊԸ-ները հեռատեսորեն
պայմանագիր են կնքում գործի ավարտից հետո։ Քայլ առ քայլ բնակիչներից շորթելով տարբեր
չափի գումարներ, ընկերությունները գծամետրը 500 դրամ արժողության խողովակներն իրացնում
են կրկնակի կամ եռակի թանկ գներով։ Խողովակները եռակցվում են առանց ներկելու՝ դրա
համար առանձին գումար է պետք վճարել։ Մեկ մետրի համար միջին հաշվով գանձվող 3000
դրամի մեջ, ըստ գազ անցկացնողների հայտարարությունների, մտնում է նաեւ «ՀայՌուսգազարդից»
եկած «ընդունողների» աշխատանքի վճարը։ Դժվար է հավատալ, որ վերջիններս իրենց «դաբրոն»
տալու համար ջանասիրաբար կմագլցեն շենքերի պատերն ի վեր՝ եռակցման որակը ստուգելու
նպատակով։ Զուր չէ, որ շատ բողոքարկուներ նշում են շենքի շուրջ տարածված գազի արտահոսքի
մասին, որի «բույրից» քթները բռնած են տուն մտնում։ Ի դեպ, այդ արտահոսքի համար էլ
բնակիչը պետք է վճարի որպես գազի ծախս։ Ինչպես հայտնի է, հաշվիչների համար
գանձվող 40 հազար դրամի դիմաց գազի սպառումը, արդեն մեկ տարի է, սկսվում է ոչ թե
մատակարարման առաջին օրից, ինչպես նախկինում էր, այլ մեկ տարի անց։ «ՀայՌուսգազարդի»
տնօրենն «Առավոտի» բարձրացրած այս հարցին բացատրություն չտվեց, թե ինչո՞վ է դա պայմանավորված։
Գաղտնիքը բացահայտել է մեր ընթերցողներից մեկը. «Մինչեւ մեկ տարին լրանա, գազի գինն
այնքան կթանկացնեն, որ հաշվիչների արժեքն էլ բնակչի ջանից դուրս կգա»։ Միջին հաշվով,
գազ ունենալու համար քաղաքացին պետք է նախապատրաստի շուրջ $300։ Թեպետ, ըստ մեր բողոքարկուների,
պայմանագրում գումարը չի նշվում, իսկ վճարումներն արվում են առձեռն, առանց կտրոնների։
Վերջում նշենք մի կարեւոր հանգամանք եւս. ՍՊԸ-ները, գազ տալու մոտալուտ եւ
գունավոր հեռանկարով խաբելով բնակիչներին, արագ ավարտում են գործն ու հեռանում։ Հետո
պարզվում է, որ «ՀայՌուսգազարդը» դեռեւս պատրաստ չէ այդ տարածքում գազ մատակարարելու
համար։ Եվ այս չհամագործակցված աշխատանքից տուժած բնակիչներին մնում է բնակարանները
տաքացնելու համար կրկին ապավինել թանկարժեք էլեկտրաէներգիային։ Այս վնասի համար էլ
պատասխանատու չկա։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ