Ընդհանուր
եզրեր Մինչ դատողություններ են շրջանառվում այն մասին, թե Վրաստանն
իր վարդերի հեղափոխությամբ, իսկ Ուկրաինան իր նարնջագույն անվանվող ժողովրդական շարժմամբ
հետխորհրդային հանրապետությունների համար, փաստորեն, նոր գործելակերպի ու գաղափարների
մատակարարման ակամա դեր են ստանձնել, պարզվում է, որ Հայաստանը նույնպես այդ (նորարարական)
շարքում կարող է որոշակի տեղ ունենալ: Այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցող որոշ իրադարձություններ
եւս տարածաշրջանում անարձագանք չեն մնում եւ «թարմ գաղափարների» տեսքով, գրեթե նույնությամբ
տարածվում են նաեւ նրա սահմաններից դուրս: Այսպես. ըստ ադրբեջանական
«Զերկալո» թերթի, վերջին օրերին Ադրբեջանի խորհրդարանականները միմյանց մեղադրում
են համասեռամոլության եւ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու
մեջ: Թերթը հաղորդում է, որ նախօրեին համապատասխան հայտարարություններ են հնչել Ադրբեջանի
Միլլի մեջլիսի նիստում: Մասնավորապես, պատգամավոր Ահադ Աբիեւը հայտարարել է, թե ունի
հավաստի փաստեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության
առաջնորդ Ալի Քերիմլին ֆինանսական աջակցություն է ստանում Հայաստանի հատուկ ծառայություններից:
«Ալի Քերիմլին հայերին պետական գաղտնիք ներկայացնող տեղեկություններ է հաղորդում:
Ես կարծում եմ, որ խորհրդարանը պարտավոր է արտահայտվել այդ առնչությամբ: Մի ողջ տարի
Քերիմլին չէր հայտնվում խորհրդարանի նիստերին: Անհրաժեշտ է նրան զրկել պատգամավորական
լիազորություններից: Նա հայկական գործակալ է»,- հայտարարել է Ա. Աբիեւը: Եվ, իհարկե,
վերջինիս հնչեցրած ամբաստանություններն ամբողջական ու գեղեցիկ տեսք չէին ունենա,
եթե դրանք չհամեմվեին Քերիմլիի սեռական կողմնորոշմանն առնչվող վիրավորանքներով: Աբիեւը
«ԺՃ»-ի առաջնորդին «համասեռամոլ» է որակել՝ հայտարարելով, որ նրա կուսակցության դրոշը
վաղուց պետք է ներկվեր «համապատասխան» գույնով: Հետաքրքիրն այն է, որ Միլլի մեջլիսի
խոսնակը չի բարեհաճել ընդհատել Աբիեւին, որն, ի դեպ, թերթի թղթակցի հետ զրույցում
չի կարողացել տրամաբանական պատասխան տալ հայկական հատուկ ծառայությունների հետ Քերիմլիի
համագործակցության մասին վկայող փաստերի առնչությամբ: Նա միայն հայտարարել է, թե
տեղեկություններ է ստացել «Ժողովրդական ճակատի» շարքային անդամներից: Այսպիսով,
«հպարտությամբ» կարող ենք փաստել, որ Հայաստանի քաղաքական դաշտը եւս «առաջադեմ» գաղափարների
գեներատոր է, եւ այդ գեներատորի թափանիվը քաղաքագիտական մտքի դեռ շատ ուրիշ՝ ոչ պակաս
փայլուն նմուշներ կգեներացնի հարեւան հանրապետությունում: Ի դեպ՝ հանգամանքը, որ
հայկական ծագման քաղտեխնոլոգիաները շատ արագ եւ հեշտությամբ յուրացվում են Ադրբեջանում
(հիշենք թեկուզ նախագահական ընտրությունները), գուցե իմաստ ունի՞ հենց վերը նշված
ընդհանրության մեջ փնտրել երկխոսության բանալին: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ