Եթե
ժողովրդի պահանջ լիներ Երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր ԱԳ նախարար
Վարդան Օսկանյանը։ Մեջբերենք նրա առավել ուշագրավ մտքերը. Արեւմտամետության
մասին. «Այսօր մոդայիկ է դարձել արեւմտյան արժեքներ կրող լինելու հանգամանքը, որովհետեւ
նայելով, թե Վրաստանում ինչպես հաջողվեց եւ Ուկրաինայում ինչպես է լինում, եկել են
այն եզրակացության, որ արեւմտյան արժեքների կրող եթե լինեն, առավել մեծ հնարավորություն
կունենան Հայաստանում նման բան իրականացնել: Ես ուզում եմ հուսախաբ անել բոլոր այդ
մարդկանց եւ ասել, որ այսօր արեւմտյան արժեքներ կրողները հենց մենք ենք, այս իշխանություններն
են, դրանցից մեկն էլ ես եմ: Եվ այդպես էլ շարունակելու ենք»: Ներքին եւ արտաքին
քաղաքականության կապի մասին. «Երկրի ներսում համերաշխություն չլինելը արդեն ուղղակի
կապով կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ, այն իմաստով, որ իշխանության
դիրքերը բանակցություններում թույլ կլինեն, հակառակորդը կարող է շահարկել այդ բոլորը
եւ լրացուցիչ պայմաններ առաջադրել: Այնպես որ, իհարկե, մեր համերաշխությունը ներսում,
քաղաքական ուժերի աջակցությունը պրոցեսին, բոլորն իրենց ազդեցությունն ունեն: Ինչքան
ուժեղ են իշխանությունների դիրքերը, այնքան ուժեղ են մեր դիրքերը բանակցություններում»:
Ղարաբաղյան կարգավորման մասին. «Մենք պետք է գնանք հարցի ամբողջական լուծման
ճանապարհով, բայց մեզ մանեւրելու որոշ հնարավորություն պետք է թողնենք: Այն, ինչ
մեզ հաջողվել էր անել Ադրբեջանի նախորդ իշխանությունների հետ, կարծես թե նույնը նոր
իշխանությունների հետ գտնելը դժվար է լինելու: Դա մենք գիտակցում ենք»: «Այսօր Հայաստանը
երկընտրանքի առաջ է կանգնած՝ պնդել Ղարաբաղի մասնակցության վրա եւ չգնալ բանակցությունների՞,
թե՞ գնալ բանակցությունների՝ առանց Ղարաբաղի, հանուն այն բանի, որ բանակցությունները
չընդհատվեն: Եվ նախագահը որոշել է երկրորդը, հարցին մոտենալով հետեւյալ կերպ՝ այստեղ
կարեւոր չէ, թե հայերի կողմից ով է բանակցում, կարեւորն այն է, թե ինչ ենք բանակցում»:
97-ի փուլային տարբերակի մասին. «Այս հարցում ես կոմպլեքսներ չունեմ: Դրա
համար էլ ես ասում եմ՝ այո, այդ օրերին (97-ին.- Մ. Ե.) փուլային տարբերակն էր սեղանի
վրա, ես ներգրավված էի այդ պրոցեսում եւ գտնում էի, որ դա լուծման տարբերակ է, եթե
քաղաքական ուժերը պաշտպանում են դա, եթե կա ժողովրդական պահանջ: Պարզվեց, որ չկա»:
«Այսօր ես տեսնում եմ լուրջ հնարավորություն, որ մենք կարողանանք ֆիքսել ԼՂ ժողովրդի
ինքնորոշման իրավունքը եւ հասնել դրա միջազգային ճանաչմանը: Դրա հնարավորությունն
այսօր երեւում է պրագյան պրոցեսում: Դրա համար էլ, գտնում եմ, մի քիչ վաղ է զղջալ,
որ կորցրել ենք ժամանակը, դեռ մենք հնարավորություն ունենք ավելին ձեռք գցելու, քան
երբեւիցե առաջարկվել է կամ՝ ունեցել ենք: Այն, ինչ մենք այսօր քննարկում ենք, ավելին
է՝ քան 97-ին էր»: Ֆորպոստի մասին. «Խորհուրդ կտայի չսեւեռվել այս հարցի վրա:
Մի հայտարարություն էր, արվեց: Ես կարծում եմ, որ այդ բառը ճիշտ չի արտահայտում մեր
հարաբերությունների բնույթը: Ես համոզված եմ՝ պարոն Գրիզլովը նկատի ուներ իսկապես
մեր լավ հարաբերությունները: Ինքը ճիշտ բառը չի օգտագործել»: «Ես պնդում եմ, որ Կովկասի
մեջ ամենաանկախ քաղաքականությունը վարողը Հայաստանն է, որովհետեւ կոմպլեմենտարության
վրա է հիմնված, եւ դա առավել մանեւրելու հնարավորություն է տալիս»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ