Դեկտեմբերի
3-ին Ուկրաինայի Գերագույն դատարանը որոշում էր կայացրել այդ երկրում նոյեմբերի 21-ին
տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն անվավեր ճանաչելու
մասին: Սա եւ 2003-ին ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման
բովանդակությունը շատ նման են իրար: Տարբերությունը նրանց արած հետեւություններն
են, որոնք մի դեպքում՝ հիմք են դարձել նախագահական ընտրությունների արդյունքների
վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումն անվավեր ճանաչելու,
մյուս դեպքում՝ նույնը թողնելու համար: Ուկրաինայի Գերագույն դատարանն իր
որոշման մեջ արձանագրել է, որ այդ երկրի ԿԸՀ-ն երկրորդ փուլի արդյունքները հաստատելիս
չի ուսումնասիրել տեղամասային եւ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված արդյունքների
հավաստիությունը, դրանց վերաբերյալ ստացված բողոքները, ինչպես պահանջում է երկրի
օրենսդրությունը: Բացի այդ, դատարանը նկատի է ունեցել, որ քվեարկություններն առանձին
ընտրատեղամասերում, ինչպես նաեւ ընտրացուցակների կազմումը հակասել են երկրի օրենսդրության
պահանջներին: Արձանագրվել է նաեւ, որ ԶԼՄ-ները նախագահի թեկնածուների քարոզարշավը
հավասարապես չեն լուսաբանել, չի ապահովվել օրենքի պահանջը, որով արգելվում է նախընտրական
քարոզարշավին տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնյաների մասնակցությունը:
Ոտնահարվել է նաեւ ընտրություններին դիտորդների մասնակցության իրավունքը: Համաձայնեք,
որ վերոհիշյալ բոլոր դիտարկումները տեղ էին գտել նաեւ ՀՀ-ում՝ 2003թ. նախագահական
ընտրությունների երկու փուլերում էլ: ՀՀ ՍԴ որոշման մեջ էլ արձանագրվել էր, որ «2003
թ. նախագահական ընտրությունների ընթացքում առանձին ընտրատեղամասերում, հատկապես՝
քվեարկության եւ ձայների հաշվարկման ժամանակ, տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք
իրենց բնույթով անհարիր են երկրի ժողովրդավարական հետագա զարգացումներին, անհամատեղելի
են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21 հոդվածով, մարդու իրավունքների
եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության
3-րդ հոդվածով եւ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի
25 հոդվածով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների հետ»: ՀՀ ՍԴ-ն նաեւ «ոչ հավաստի»
էր համարել ընդհանուր առմամբ 40 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները:
ՀՀ ՍԴ-ն փորձել էր օբյեկտիվորեն գնահատել առկա իրողությունները, բայց համարձակություն
չէր ունեցել դրանց վերաբերյալ օբյեկտիվ որոշում կայացնելու եւ քվեարկության արդյունքներն
անվավեր ճանաչելու: Նա միայն որոշում էր կայացրել՝ «ընտրությունների ընդհանուր արդյունքների
վրա քվեարկության ոչ հավաստի արդյունքների ազդեցությունը գնահատելու համար նման տեղամասերում
առավել ձայներ ստացած թեկնածուի ձայների չափով ընտրությունների արդյունքում թեկնածուներին
տված ձայների ընդհանուր տարբերությունը կրճատելու մասին» եւ «քվեարկության արդյունքները
համարել ոչ հավաստի՝ նկատի ունենալով թեկնածուների ընտրվելու ու ընտրողների ազատ
կամարտահայտման իրավունքի պաշտպանության սահմանադրական պահանջը»: Իսկ ի տարբերություն
ՀՀ ՍԴ-ի, Ուկրաինայի Գերագույն դատարանն իր կայացրած որոշումը՝ երկրորդ փուլի վերաքվեարկություն
նշանակելու մասին, փաստարկել է այն հանգամանքով, որ վկայակոչված փաստերը հիմք են
տալիս եզրակացնելու, որ «Ուկրաինայի Սահմանադրությամբ ընտրական իրավունքի սկզբունքի
եւ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացի ոտնահարումները բացառում
են ողջ երկրում՝ որպես մեկ միասնական ընտրատարածքի, ճշգրտորեն արտացոլել ընտրողների
կամարտահայտության իրական արդյունքները»: Մինչդեռ ՀՀ ՍԴ-ն բավարարվել էր միայն որոշման
մեջ «նկատի ունենալով, որ ընտրական վեճն ունի նաեւ անվստահության եւ անհանդուրժողականության
վրա խարսխված հասարակական-քաղաքական ենթատեքստ, մեծ կարեւորություն տալով հանրաքվեներին
եւ ժողովրդական հարցումներին», առաջարկել էր ՀՀ նորընտիր ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին՝
մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին ՀՀ օրենքը» համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության
2-րդ հոդվածի պահանջներին եւ «նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական
դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը»։
Այն, ինչն այդպես էլ հնարավոր չեղավ կենսագործել, որովհետեւ ի տարբերություն Ուկրաինայի,
որտեղ օրենքները լավ, թե վատ, բայց գերակայող են, Հայաստանում արդարադատության, ընտրական
եւ ժողովրդավարական մյուս ինստիտուտներն ամբողջովին շարունակում են կախված մնալ մեկ
անձից՝ ՀՀ նախագահից: Բացի այդ, եթե Ուկրաինայում ժողովուրդը հաստատ չէր համակերպվելու
դատարանի կայացրած որեւէ այլ որոշման հետ, ապա ՀՀ-ում եւ հասարակությունը, եւ ընդդիմությունը
նման տրամադրվածություն չունեին: Դեռ մինչեւ ՍԴ որոշումը, հայրենի ընդդիմությունը՝
ի դեմս Ստեփան Դեմիրճյանի, արդեն պատրաստվում էր ԱԺ ընտրությունների: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ